HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է ՀՀԿ առաջին տնտեսական համաժողովը

Այսօր առավոտյան Երևանում աշխատանքներն է սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական համաժողովը: 

ՀՀԿ տնտեսական համաժողովը բացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով, որը ներկայացրել է ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը:

Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, նախաձեռնելով և անցկացնելով անդրանիկ տնտեսական կոնֆերանսը, նպատակ ունի կուսակցության անդամներին, գործընկերներին և հանրությանը ներկայացնել երկրի տնտեսական իրավիճակը, որի պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեի ուժով առաջին հերթին կրում է Հանրապետական կուսակցությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն, առանցքային դերակատարություն ունենալով կոալիցիոն կառավարությունում, առաջնորդվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և Հանրապետական կուսակցության կանոնադրությամբ, ինչպես նաև հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, այսօր հանրությանն է ներկայացնում կոալիցիոն կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները: Դրանք ձեր ուշադրությանը կներկայացնեն մեր կուսակցության անդամները, կառավարության նախարարները, ոլորտի պատասխանատուները և մեր համակիրները: Հանրապետության նախագահն իր հղած ուղերձում նշել է, որ անհրաժեշտ է ձեզ ներկայացվող փաստաթուղթը դարձնել հանրության քննարկման առարկա: Կարծում եմ, որ այս կոնֆերանսը մեզ համար բացառիկ հնարավորություն է ստեղծում ներկայացնել կառավարության գործունեության արդյունքները մարզերում, համայնքներում, նախաձեռնել քննարկումներ, որոնց արդյունքում կկարողանանք հավաքագրել հանրությանը մտահոգող հարցերը և հանրության շրջանում առկա առաջարկությունները, որպեսզի ձևակերպենք մեր նախընտրական ծրագրի տնտեսական խնդիրները»:

Ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ներկայացուցիչ, կուսակցության արտաքին կապերի պատասխանատուներից Նիկոլա Բրյուքը և «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իգոր Չեռնիշենկոն: 

Մասնավորապես, Նիկոլա Բրյուքը իր խոսքում նշել է, որ ԵԺԿ-ն լիովին աջակցում է ՀՀ իշխանությունների համարձակ բարեփոխումներին և հավելել, որ միայն դժվարին բարեփոխումների իրականացումն արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում կերաշխավորեն Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: 

«ԵԺԿ-ն իր ողջ փորձառությունը կներդնի և կաջակցի Հայաստանի իշխանություններին և ՀՀԿ-ին այս գործընթացն իրականացնելու համար: Մեր երկու կուսակցությունների համագործակցությունը գնալով կամրապնդվի, դրա վառ ապացույցի ականատեսը կլինեք առաջիկայում»,- ընդգծել է ԵԺԿ ներկայացուցիչը:

Ըստ պարոն Բրյուքի` Եվրամիությունը և Հայաստանը կիսում են համատեղ ժառանգություն ու համատեղ արժեքներ, և նրանց համագործակցությունը լիակատար աջակցություն է ստանում ԵԺԿ-ի կողմից: Նա տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավիրվելու են դեկտեմբերին Մարսելում կայանալիք ԵԺԿ-ի համագումարին: 

Իր ելույթում «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իգոր Չեռնիշենկոն շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն պատմական հիմքեր և շատ կարևոր դեր են խաղում ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում:

Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը ևս մեկ անգամ նշվեց վերջերս ՀՀ Նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարած պետական այցի ժամանակ: ՌԴ Պետական դումայի պատգամավորի խոսքով` հայ-ռուսական հարաբերություններում կարևոր տեղ է տրվում տնտեսական բաղադրիչին, ինչը նաև դրսևորվեց միջազգային տնտեսական ճգնաժամից համատեղ դուրս գալու ջանքերով:

 «Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով», - նշել է նա` հավելելով, որ դրանց մեջ կարևոր տեղ են գրավում համագործակցությունն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Ի. Չեռնիշենկոն նաև անդրադարձել է երկու երկրների քաղաքական հարաբերություններին և այս համատեքստում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` հաշվի առնելով հայ ժողովրդի կարծիքը:

ՀՀԿ տնտեսական կոնֆերանսի շրջանակում, որը տևելու է գրեթե մեկ ամբողջ օր, արծարծվելու են մի շարք առանցքային խնդիրներ: Մասնավորապես, նախատեսված է կազմակերպել քննարկումներ «Արդյունաբերություն և գյուղատնտեսություն. զարգացումները տնտեսության իրական հատվածում», «Ենթակառուցվածքներում իրականացված ծրագրերը և տարածքային համաչափ զարգացման ապահովումը», «Գործարար միջավայրի և պետական կառավարման բարեփոխումները» և «Մարդկային կապիտալի զարգացումը և սոցիալական ինտեգրման գործընթացը» թեմաներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter