Վանաձորի քաղաքապետարանը հարցերին մեկումեջ է պատասխանում
Գայանե Սարգսյան
2015թ. Վանաձորի քաղաքապետի կամավոր լիազորությունների իրականացման համար նախատեսված է համայնքային բյուջեից հատկացնել 22.100.000 դրամ, որը կազմում է համայնքի բյուջեի 0.99 տոկոսը:
Գրավոր հարցմամբ Վանաձորի քաղաքապետարան դիմելով` խնդրել էինք տեղեկացնել, թե 2013 և 2014թթ. Վանաձորի քաղաքապետի կամավոր լիազորությունների շրջանակում ի՞նչ նպատակներով, ինչի՞ հիման վրա և որքա՞ն գումար է հատկացվել, ի՞նչ որոշման կամ իրավակական ակտի հիման վրա է որոշվել Վանաձորի քաղաքապետի կամավոր լիազորությունների շրջանակում իրականացվող հատկացումների չափը, կարգը, առաջնահերթությունը: Ո՞րն է եղել հատկացման նվազագույն և առավելագույն սահմանը և ի՞նչ հիմնավորմամբ:
Խնդրել էինք տրամադրել կատարված հատկացումների ցանկն ամբողջությամբ: Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվությունը, սակայն, մեղմ ասած` չափից ավելի սեղմ էր: Էլ չենք ասում ներկայացված գումարների անհամապատասխանության մասին:
Եվ այսպես, ըստ տրամադրված տեղեկատվության` քաղաքապետի կամավոր լիազորությունների շրջանակում իրականացված հատկացումների չափը 2013թ. կազմել է 21.266.700 դրամ, որը բյուջեի 1.01 տոկոսn 1, իսկ 2014թ.՝ 21.638.700 դրամ՝ բյուջեի 1 տոկոսը:
Ըստ քաղաքապետարանից ստացված պատասխանի` 2013թ. նախատեսված 21.266.700 դրամը բաշխվել է հետևյալ ձևով.
1. սոցիալական ծրագրեր-17.550.000դ.
2. հարազատին կորցրած անձինք-166.700դ.,
3. աջակցություն զորակոչին-300.000դ.,
4. աջակցություն Լոռու մարզի արտակարգ իրավիճակների հիմնադրամին-450.000դ.,
5. աջակցություն մասսայական լրատվամիջոցներին-1.100.000դ.,
6. աջակցություն հասարակական կազմակերպություններին-900.000դ.,
7. աջակցություն «Վանաձորի բազմաբնակարան շենքեր ու բակեր հիմնադրամին»-900.000դ:
Սա մեզ տրամադրված` 2013թ. կատարված հատկացումների ամբողջական ցանկն է: Կատարված հատկացումների ընդհանուր չափն ըստ ցանկի կազմում է 21.366.700 դրամ, այն դեպքում, երբ որպես ընդհանուր թիվ քաղաքապետարանից նշել են 21.266.700 դրամ: Ինչպես ասում են, 100.000 այս կողմ, 100.000 այն կողմ…
Չնայած խնդրել էինք նշել կատարված հատկացումների ցանկն ամբողջությամբ, սակայն քաղաքապետարանում հարկ չեն համարել մատնանշել, թե, օրինակ, հատկապես ո՞ր հասարակական կազմակերպություններին կամ ո՞ր լրատվամիջոցներին են աջակցել ու ինչ հիմնավորմամբ:
2014թ. կամավոր լիազորությունների շրջանակներում ծախսված 21.638.700 դրամը բաշխվել է այսպես.
1. սոցիալական ծրագրեր-17.188.100դ.,
2. հարազատին կորցրած անձինք-166.600դ.,
3. աջակցություն զորակոչին-300.000դ.,
4. աջակցություն մասսայական լրատվամիջոցներին-980.000դ.,
5. աջակցություն «Լոռու արվեստի զարգացման ակումբ» հկ-ին-700.000դ.,
6. աջակցություն «Վանաձորի բազմաբնակարան շենքեր ու բակեր հիմնադրամին»-400.000դրամ:
Այս դեպքում ևս հաշվարկը խիստ մոտավոր է արված: Ներկայացված ծախսերի հանրագումարը կազմում է 19.734.700 դրամ, այն դեպքում, երբ ծախսվել է 21.638.700 դրամ: Իսկ ո՞ւր է կորել 1.904.000 դրամը:
Երկար փնտրտուքներից հետո մենք «գտանք» կորած գումարը: Քաղաքապետարանում, թերևս, «մոռացել էին» ներկայացնել «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» տողով ցուցաբերված բոլոր հատկացումները: Ըստ այդմ, աջակցություն է ցուցաբերվել ոչ միայն վերը նշված «Լոռու արվեստի զարգացման ակումբ» հկ-ին, այլ ևս 8 կազմակերպության` ընդհանուր առմամբ քաղաքի հկ-ներին հատկացնելով 2.604.000 դրամ: Աջակցություն ստացած կազմակերպություններն են.
1. «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-400.000դ.
2. «Ռաֆաել» բարեգործական ՀԿ-300.000դ.,
3. «Երկրապահ կամավորականների միություն»-150.000դ.,
4. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-150.000դ.,
5. «ՀԺ» հասարակական կազմակերպություն-200.000դ.,
6. «Մշակույթ» համահայկական հիմնադրամ-100.000դ.,
7. «Հայաստանի Համայնքների միություն» իրավաբանական անձանց միութուն-500.000դ.,
8. «Աջարիայի հայերի միություն» ՀԿ-104.000դրամ:
«Աջակցություն մասսայական լրատվամիջոցներին» կետով ֆինանսական օգնություն է տրվել 3 լրատվամիջոցի` «Լոռու մարզ» թերթին՝ 300.000դ., «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերությանը՝ 500.000դ., Lorinews.am կայքին՝ 180.000դրամ:
«Սոցիալական ծրագրեր» տողով կատարված 17.188.100 դրամի հատկացումն ըստ բյուջեի բաշխվել է այսպես.
1. աջակցություն «Պատերազմի զինված ուժերի ու աշխատանքի վետերանների Վանաձորի խորհուրդ»ՀԿ-1 մլն դ.,
2. մարտի 8-ի առթիվ Հայրենական պատերազմի մասնակից կին վետերանների պարգևատրում-130.000դ.,
3. ՀՀ պաշտպանության և մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ու ազատամարտիկների ընտանիքների ջեռուցման, վառելափայտի ձեռք բերման համար միանվագ դրամական աջակցություն-1.791.600դ.,
4. ՀՀ ոստիկանության օրվա առթիվ աջակցություն վետերաններին-200.000դ.,
5. սպորտի և մշակույթի բնագավառների մասանագետներին, մարզիկներին ու մարզիչներին ամենամսյա նպաստի նշանակում-1.496.000դ.,
6. Վանաձորի լողի մասնագիտացաված մարզադպրոցին ֆինանսական աջակցություն-225.000դ.,
7. Վանաձորի նախկին տնակային ավանների բնակիչներին վարձակալած բնակարանների վարձավճարի տրամադրում-2.485.000դ.,
8. աջակցություն «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին - 2 մլն դ.,
9. աջակցություն Հայաստանի խուլերի միավորմանը-1.044.000դ.,
10. դրամական աջակցություն քաղաքի առավել անապահով ընտանիքներին-6.816.500 դրամ:
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ կամավոր լիազորությունների շրջանակներում կատարվող ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտությունը մեծ հաշվով որոշում էր քաղաքապետը, այս տարվանից դրանք կկատարվեն նորաստեղծ հանձնաժողովի կողմից:
Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե ովքե՞ր են ընդգրկվել հանձնաժողովի կազմում և ի՞նչ հիմնավորմամբ: Այս հարցին ևս հպանցիկ պատասխան է տրվել` հանձնաժողովի կազմում ընդգրկվել է 12 անդամ:
Նրանց անունները գուշակելու պատիվը, հավանաբար, թողել են մեզ՝ լրագրողներիս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել