HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անիմաստ թվանշանների միամսյակի ավարտն ու կանանց անավարտ պայքարը

Աննա  Շահնազարյան

Երևանում գլխավոր պողոտաների գովազդային վահանակներին, բնակելի շենքերի մուտքերում և վերելակներում գովազդային պաստառների, փողոցում բաժանվող բացիկների վրա հայտնված 8 և 7 թվանշանների ժամանակաշրջանը բարեբախտաբար մոտենում է իր ավարտին։

Թե ինչպես կանանց իրավունքների միջազգային օրը վերածվեց թվանշանի, այն էլ՝ այնպիսի հսկայածավալ անհասկանալի տեսքով, որ կարծես երեքմետրանոց երկարությամբ վահանակի վրա երկու կլոր օղակ է հագցված (իբր ուզեցել են ասել՝ Մարտի 8), կարելի է կարդալ այստեղ։ Այս տեքստը հատկապես օգտակար կլինի պաշտոններ զավթած՝ վարդ բաժանող և հանրային բյուջե մսխողների համար։

Ապրիլի 8-ից հնարավոր կլինի այս արհեստածին թվանշաններից ձերբազատվել, եթե իհարկե տեղադրողները ժամանակին հեռացնեն դրանք։ Ասում են՝ ամեն ինչի ավարտ, մեկ այլ բանի սկիզբն է։ Չիմաստավորված թվանշանների միամսյակի ավարտը կնշանավորվի իրենց իրավունքների համար պայքարող կանանց պայքարի շարունակմամբ։

Բայց քանի դեռ Մարտի 8-ին և ապրիլի 7-ին սին ու չիմաստավորված շնորհավորանքներ, բացիկներ, ծաղիկներ են շռայլվել, թույլ թվեք ուղղել, թե հատկապես ՈՎՔԵՐ են արժանի խրախուսման, դրվատանքի, փոխօգնության և հանուն ինչի են նրանք արժանի այդ ամենին։

Արժանի են ԿԱՆԱՅՔ, ովքեր պիտի վերագտնեն ուժը՝ պայքարելու հավասար իրավունքների համար, վերացնելու գենդերային խտրականությունը, արմատախիլ անելու տղամարդկանց հեգեմոնիան տանը և հանրային կյանքում, ապրելու առողջ ու բարեկեցիկ միջավայրում։

Ահա այն կանայք, ում շռայլված վարդերի փշերը բումերանգի պես վերադառնալու են նվիրողներին.

  • աշխատելու իրավունքից ուղղակիորեն և անուղղակիորեն զրկված կանայք, ովքեր պարտադրված են լինելու «տնային տնտեսուհիներ» և ովքեր Երևանի պայմաններում բազմակի անգամ ավելի շատ են ստիպված զբաղվել «տան մաքրությամբ», քանզի վարդ նվիրող պաշտոնյաների թեթև ձեռքով քաղաքը վերածվել է կյանքի հետ անհամատեղելի մի մեծ շինհրապարակի։ 
  • Մայրերն ու երեխա խնամող կանայք (հատկապես ապրիլի 7-ին ակտուալ թեմա), ովքեր ոչ միայն պարտադրված են չտրտնջալ երեխա խնամող միակ խավը լինելուց, այլև պարտադրված են ապրել խորդանոցային աղբով լցված մի քաղաքում, որտեղ մայթերը լցված են հսկայական չափսերի գովազդային վահանակներով, ամեն տեսակի մետաղյա սարքերով ու առարկաներով, անիմաստ արձաններով, ապօրինի շինություններով, որտեղ հնարավոր չէ օրինակ՝ մանկական սայլակով ուղիղ գծով ընթանալ, քանզի այս բոլոր առարկաներն ու շինությունները կարծես հատուկ կառուցված արգելքներ լինել։ Ի դեպ` սայլակով տեղաշարժվելու կարիք ունեն ոչ միայն երեխաները, այլև սայլակի կարիք ունեցող չափահասները։
  • Բոլոր այն աղջիկները, ովքեր փրկվել են աբորտի ենթարկվելու պարտադրանքից՝ «տղեն ավելի լավն ա» անմարդկային մտածողության լույսի ներքո։  
  • Հանրային տարածքներից՝ զբոսայգիներից ու առողջությանը նպաստող կանաչ տարածություններից կողոպտված կանայք, ում համար միակ «այլընտրանքն» այս բետոնե քաղաքում չորս պատերն են՝ փող ունեցողի համար՝ միգուցե նաև կաֆեների, իսկ փող չունեցող մեծամասնության համար՝ տան պատերը։
  • Հետբուհական կրթությունից արհեստականորեն զրկված կանայք, ովքեր հանուն նրա, որ վարդ նվիրող «գիտության ծարավ» զանգվածը բանակում չծառայի, արհեստականորեն մուտք չունի հետբուհական կրթության բնագավառ։
  • Քաղաքի սանիտարական աշխատանքներով զբաղվող կանայք, ում աշխատավարձն այնքան ցածր է, որ ոչ մի տղամարդու «լայեղին չի» զբաղվել նման գործով, նույնիսկ եթե գործազուրկ է։
  • Ողջ բուժանձնակազմի 80%-ը կազմող կանայք, ովքեր, սակայն, ստանում են ոլորտի ամենացածր աշխատավարձերը. դե իհարկե՝ էլ ո՞վ կհամաձայներ նման աշխատավարձով աշխատել որպես սանիտար կամ բուժեղբայր։
  • Ողջ ուսուցչական կազմի 95%-ը կազմող կանայք, ովքեր միայնակ են կրում ուսուցանելու ծանր բեռը՝ ի հաշիվ «ավելի փողոտ ու հանգիստ գործով» զբաղվող տղամարդկանց։
  • Քարտուղարի՝ միայն կանանց «վստահված» աշխատանքը կատարող կանայք, ովքեր ոչ միայն աշխատանք են կատարում, այլ կրում դրա շուրջ տղամարդկանց հյուսած լեգենդների պիտակները. նման մի լեգենդ էլ թևածում էր վարդ նվիրող Տարոն Մարգարյանի հոր՝ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարության ժամանակ:
  • Թեղուտի ու Շնողի (նաև Երևանից դուրս գործող, բայց երևանյան գրանցում օգտագործող մասնավոր շահ հետապնդողներից տուժած այլ համայնքների) կանայք, ովքեր կրում են (առավել ծանրորեն, քան տղամարդիկ) հանքարդյունաբերության անդառնալի հետևանքները, նույնիսկ զրկված են այն ծառայություններից, որոնք պիտի համայնքն ի վիճակի լիներ տրամադրել համայնքներում շահագործվող հսկայական մեքենաների ու բեռնատարների դիմաց վճարված հարկերից։ Բայց քանի դեռ այդ հարկերը անհասկանալիորեն մտնում են Երևանի բյուջե ու մսխվում այնտեղից, հավասար իրավունքների համար պայքարում մեծ անելիք ունեն նաև Թեղուտի ու Շնողի պես համայնքների կանայք։

Ցանկը շարունակելի է, պայքարն՝ անավարտ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter