Ժպիտներ, որոնք տխրեցնում են. ազգային խայտառակության արմատները
ՀՀԿ-ական 3000 կանանցից կազմված շքախմբի՝ Մեծ Եղեռնի հուշահամալիրի ճանապարհին արված լուսանկարները, որոնցում փայլատակում են նրանց, այսպես ասած, առաջնորդող մասի երջանիկ ժպիտներն ու հրճվալից դեմքերը, հասարակությանը շոկի մեջ է գցել: Ով հասցնում է՝ այդ կանանց վիրավորում է, նվաստացնում, հայհոյում:
Այդ լուսանկարներից տպավորությունն իսկապես նողկալի է, որքան էլ այդ ժպիտները հուսադրող ու գեղեցիկ լինեն, որքան էլ, ինչպես իրենք՝ ՀՀԿ-ական կանայք են փորձում արդարանալ, ապրելու և պայքարելու կամքի արտահայտություն լինեն: Դրանք որևէ կերպ համատեղելի չեն այն խորհրդի հետ, որն իրենց մեջ պարունակում են հուշահամալիրը և դեպի հուշահամալիր տանող ճանապարհը:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի այն բացատրությունները, թե կանայք կենսուրախ ժպտում են միջոցառման նախապատրաստական փուլում, մինչև անմար կրակին հասնելը, ոչ միայն արդարացում չէ, այլև ավելի է ընդգծում տեղանքին և տվյալ պահին իրենց առաքելությանը կանանց պահվածքի անադեկվատությունը: Որովհետև, ըստ էության, անմիջապես անմար կրակի մոտ լինելու և Ծիծեռնակաբերդի բարձունքին դեպի հուշահամալիր տանող ճանապարհի միջև իմաստային առումով ոչ մի էական տարբերություն չկա: Դրանք շարունակում են միմյանց, փոխլրացնում այնպես, ինչպես, ասենք, բարոյական նպատակը և դրան հասնելու եղանակները, որոնք չեն կարող լինել անբարո, ինչպես սրբատեղին և դեպի այն տանող ճանապարհը, որը չի կարող հաղթահարվել մեղք գործելով: Անմար կրակին հասած չլինելը չի նշանակում, որ այդ ճանապարհին կարելի է թույլ տալ մտքին եկածը: Այս իմաստով նաղդալյանական հիմնավորումները նույնիսկ վտանգավոր են, որովհետև աղճատում են ոգեկոչման և դեպի դրան գնալու գաղափարն առհասարակ:
Առավելևս, երբ դա արվում է մի խմբի անունից, որի բացարձակ մեծամասնությունը մանկավարժներ են: Հիմա ո՞ր խորհրդով են առաջնորդվելու նրանց աշակերտները. իրենց ուսուցիչների, տնօրենների կողմից անմար կրակի մոտ գլուխ խոնրահելու՞, թե՞ այդ ճանապարհը սելֆիներ անելով, ողջագուրանքներով ու ծափ-ծիծաղով անցնելու: Քանի՞ գրոշի արժեք ունի այդքանից հետո Ցեղասպանության թեմաներով աշակերտներին ինչ-որ բան ուսուցանելը, բացատրելը, ինչ-որ միջոցառումներ կազմակերպելը, շարադրություններ հանձնարարելը, եթե աքսիոմատիկ ճշմարտություն է , որ սեփական վարքն ավելի դաստիարակիչ նշանակություն ունի, քան բարոյախրատական դասեր դասեր տալը:
Բայց այն, ինչ արեցին ՀՀԿ-ական կանայք, իրականում հայկական ստերեոտիպների պայմաններում իր մեջ ոչ մի արտառոց բան չի պարունակում: Ավելին. այն ընդամենը շատ ավելի խորքային, իրականում ողբերգական հասարակական ախտերի առարկայական, օրինաչափ դրսևորում է: Օրինակ՝ իմաստային առումով ի՞նչ տարբերություն՝ մարդիկ հրճվում են Եղեռնի հուշահամալիրի ճանապարհին ինչ-որ նախապատրաստություններո՞վ, թե՞ դպրոցների, հիմնարկների պատերը, ոմանց կողմից իրենց հագուստի, մարմնի տարբեր հատվածներն անմոռուկի խորհրդանիշով զարդարելու մառազմատիկ դրսևորումներով:
Ո՞րն է ավելի բարոյական. ուխտատեղի տանող ճանապարհին ֆոտոապարատի առջև տարատեսակ պոզաներ ընդունե՞լը, թե՞ անմոռուկի խորհրդանիշի արտադրությունն ու իրացումը բիզեսի վերածելու անվերահսկելի մոլուցքը, ապրիլի 24-ին Երևանում անցկացվելիք Ցեղասպանության զոհերի ոգեկոչման մասշտաբային միջոցառումներին ընդառաջ հյուրանոցներում գները կրկնապատկելն ու եռապատկելը, արժան-անարժան ամեն մեկի կողմից Ցեղասպանության թեմաներով անճաշակ, անհեթեթ երգի տեսահոլովակներ, ֆիլմեր թողարկելը, ըստ էության Ցեղասպանության խորհուրդն առուվաճառքի առարկա ու ինքնահաստատման միջոց դարձնելու խայտառակությունը:
Ինչու, օրինակ, կարելի է համակերպվել կուսակցական շքախմբերով Ցեղասպանության հուշակոթող այցելելու հետ, որով ավելի շատ ոչ թե հարգանքի տուրք մատուցելու, այլ հենց կուսակցականությունն ընդգծելու մղումն է առաջնորդում, և չի կարել համակերպվել այդ ճանապարհն, ասենք, զուռնա-դհոլի ուղեկցությամբ անցնելու հնարավորության հետ, որը, նման տեմպերով շարունակելու դեպքում, թվում է միանգամայն իրատեսական, առավելևս եթե կարելի է այդ կուսակցապատկանությունը շեշտելու համար որպես քայլերթ, շեփորահարել կուսակցության օրհներգը: Ինչո՞ւ, երբ հուշահամալիր բարձրանալիս մեր կողքին տեսնում ենք ականջակալները ականջին ինչ-որ երաժշտության տակ «ցկցկացող» ձեռքի հետ էլ անկաշկանդ արևածաղիկ չրթողների, անմար կրակին մեկ-երկու ծաղիկ դնելը աղջիկներին սիրահետելու, սիրային ժամադրությունների առիթ դարձնողների, տարածքն աջ ու ձախ աղբակույտերով լցնողների շարասյուները, որոնք բացարձակապես անհաղորդ են օրվա խորհրդին, չենք վրդովվում, բայց հունից դուրս ենք գալիս մի քանի ժպտացող հանրապետական կանանց լուսանկարներ տեսնելիս:
Արդյո՞ք այս ընտրողական վերաբերմունքի պատճառն այն չէ, որ ընդունված պրակտիկայի, մտածողության համաձայն, հասարակությանը ոչ թե աննորմալ երևույթներն են հետաքրքրում, մտահոգում, այլ դրանք իշխանության ներկայացուցիչների կողմից թույլ տալու հանգամանքը: Քանի որ պարզապես առիթ ենք փնտրում իշխանության, ուժի դեմ մեր անզորությունը թաքցնելու բարդույթից ելնելով վերջինիս հայհոյելու, վիրավորելու միջոցով սրտներս հովացնելու համար:
Սա է ողբերգական իրականությունը, որը ոչ ոք տեսնել չի ցանկանում և սա է, որ օրինաչափ է դարձնում ՀՀԿ-ական այդ կանանց մի մասի վարքագիծը: Իսկ մի մասի, որովհետ մյուս, համոզված ենք՝ շատ ավելի ստվար մասը հաստատապես կամ իրավիճակի, հանգամանքների, մանիպուլյացիայի, կամ էլ պարզապես ՀՀԿ-ի «պարտադիր կամավորության» մեթոդի զոհն է դարձել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել