
Հայաստան-Իրան տնտեսական կապեր. ի՞նչ կա, ի՞նչ սպասել
Սեդա Հերգնյան
Միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «Վեցյակի» միջև ապրիլի 2-ին ձեռք բերված համաձայնագրի արդյունքում Իրանը աստիճանաբար ազատվելու է Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից:
Տնտեսագետներն ու փորձագետները գրեթե միակարծիք են այն հարցում, որ պատժամիջոցների վերացմամբ Իրանին տնտեսությունը ուժեղացնելու հնարավորություն է տրված: Մասնավորապես՝ արտադրության, արտահանման, արտաքին առևտրաշրջանառության ծավալների մեծացման, բանկային համակարգում փոփոխությունների, դրամական միավորի՝ թումանի կայունացման, սոցիալական վիճակի բարելավման և այլ հարցերում: Այսինքն՝ այն ոլորտներում, որոնք տուժել էին պատժամիջոցների հետևանքով:
Հայաստանը՝ որպես Իրանի հարևան երկիր, ուղղակի կամ անուղղակի կերպով կրում է այս երկրի տնտեսական վիճակի ազդեցությունը: Հետևաբար, Իրանի տնտեսական վիճակի բարելավումը դրականորեն կարող է ազդել նաև Հայաստանի տնտեսության վրա:
Հայ տնտեսագետների կանխատեսումներով` կարող է ավելանալ Հայաստանից Իրան արտահանման ծավալը: Պատժամիջոցների ժամանակ Իրանը բարձրացրել էր իր երկիր ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Դրանց նվազեցումը կարող է հանգեցնել Հայաստանից Իրան արտահանման աճին: Սակայն, ապրանքատեսակների սահմանափակումն այս դեպքում անխուսափելի կլինի: Ասենք՝ հանքահումքային ապրանքներ նշանակալի ծավալով չենք կարող արտահանել, քանի որ այդ ոլորտն Իրանում զարգացած է։ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրան-Եվրասիական տնտեսական միություն շուկայական հարաբերությունների համար, որը կարող է զարկ տալ համատեղ ձեռնարկություններ բացելուն: Կարող են փոփոխություններ լինել ներդրումային միջավայրում:
Փորձը ցույց է տվել, որ իրանցի զբոսաշրջիկներին հետաքրքրում է Հայաստանը: Եթե պատժամիջոցների վերացման արդյունքում բարելավվի նրանց սոցիալական վիճակը, ապա Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թիվը կավելանա:
Որքանո՞վ և ե՞րբ կիրականանան տնտեսագետների այս և այլ կանխատեսումները, հստակ ասել հնարավոր չէ, քանի որ տնտեսությունն այն փոփոխվող ոլորտն է, որի մասին կարելի է խոսել միայն արդեն արձանագրված փաստերի դեպքում:
Հայ-իրանական առևտուրը` բացասական հաշվեկշռով
Ըստ Հայաստանի ազային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2014-ին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 4.9%-ը բաժին է ընկել Իրանի հետ առևտրին: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 291 մլն դոլար, որից` ՀՀ-ից արտահանումը՝ 84,6 մլն դոլար, ներմուծումը՝ 206,5 մլն դոլար: Այսինքն՝ Հայաստանը Իրանից ավելի շատ վերցնում է, քան տալիս. բացասական հաշվեկշիռը 121,9 մլն դոլար է:
ՀՀ ԱՎԾ-ի համաձայն՝ 2009 թվականին Հայաստանի և Իրանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմում էր 195,423 մլն դոլար, 2010-ին` 284,715 մլն դոլար, 2011-ին`323,042 մլն դոլար, 2012-ին` 327,925 մլն դոլար, իսկ 2013-ին՝ 293,531 մլն դոլար: Դինամիկան վկայում է, որ վերջին երկու տարում (2013-2014) հայ-իրանական առևտրի ծավալները նվազել են: Փորձագետները դա կապում են առաջին հերթին Իրանի նկատմամբ իրականացված պատժամիջոցների հետ, որոնք սահմանել է ԵՄ-ն: Դրանց հետևանքով Իրանը ստիպված էր նվազեցնել արտահանման ծավալներն ու բարձրացնել ներմուծման համար նախատեսված մաքսատուրքերը: Շատ ապրանքներ, որոնք Իրանը նախկինում արտահանում էր մեծ ծավալով, ստիպված էր ավելի քիչ արտադրել և իրացնել տեղում՝ այդ կերպ պաշտպանելով տնտեսությունը: Իրանի կրած կորուստները բացասաբար ազդեցին հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալների վրա: ԵՄ-ն Իրանի բանկային համակարգի նկատմամբ ևս պատժամիջոցներ սահմանեց, ու դա ևս բացասական ազդեցություն ունեցավ: Գործարարների համար այդ պայմաններում լրացուցիչ բարդություններ էին առաջանում գումարներ փոխանցելիս: Վերջին երկու տարում նաև արձանագրվում է իրանական թումանի անկայունություն:
ՀՀ մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ 2014-ին Հայաստանը դեպի Իրան է արտահանել հիմնականում էլեկտրաէներգիա (1165 մլն կվտ/ժ` 73,395 մլն դոլար մաքսային արժեքով), անմշակ ալյումին (1,5 մլն դոլար), ալյումինի թափոն և ջարդոն (451 հազ. դոլար), ոչխարի և այծի միս (1.582 մլն դոլար), ոչխարներ և այծեր կենդանի վիճակում (602 հազ. դոլար), արյուն` հակաշիճուկ, պատվաստանյութ, աճեցրած մանրէներ (957 հազ. դոլար), ածելիներ և սայրեր դրանց համար (677 հազ. դոլար), էլեկտրական կուտակիչներ (299 հազ. դոլար), թափոն և ջարդոն սկզբնական տարրերի, մարտկոցի և էլեկտրական կուտակիչի (444 հազ. դոլար) և բժշկության մեջ կիրառվող սարքեր (324.9 հազ դոլար):
2013-ին Հայաստանը Իրան չի արտահանել ոչխարի և այծի միս, ինչպես նաև՝ արյուն: Իսկ մնացած ապրանքախմբերից քիչ տարբերությամբ արտահանել է նաև 2013-ին: 2013-ին արտահանվել է սև մետաղի թափոն և ջարդոն, որի մաքսային արժեքը կազմել է 2,37 մլն դոլար, բայց 2014-ին այս ապրանքախմբից չի արտահանվել:
Իսկ Իրանից ներմուծված ապրանքների տեսականին շատ ավելի լայն է՝ ավելի բարձր մաքսային արժեքով: 2014-ին Իրանից Հայաստան է ներմուծվել բնական և հեղուկ գազ (72,4 մլն դոլար), ընտանի թռչուններ կենդանի վիճակում (3,2 մլն դոլար), սոխ եւ սխտոր (1,3 մլն դոլար), թարմ մրգեր (2,18 մլն դոլար), խմորիչներ (1,15 մլն դոլար), կավիճ (1,9 մլն դոլար), գիպս (2,9 մլն դոլար), ցեմենտ (1,15 մլն դոլար), նավթ և նավթամթերք` ոչ հում (13,2 մլն դոլար), նավթամթերքի վերամշակումից մնացորդ (14,1 մլն դոլար), էլեկտրաէներգիա (55,5 մլն կվտ/ժ` 1,4 մլն դոլար), սուլֆիդներ (4,4 մլն դոլար), կարբոնատներ (2 մլն դոլար), պարարտանյութեր (4,6 մլն դոլար), մաքրող միջոցներ (2,6 մլն դոլար), պոլիմերներ (10,17 մլն դոլար, 3,4 մլն դոլար, 3,3 մլն դոլար), սալիկ, թերթ, ժապավեն (2,48 մլն դոլար), իրեր ապրանքների փաթեթավորման համար (1,47 մլն դոլար), երեսպատման սալիկներ (2,1 մլն դոլար), ապակի (4,86 մլն դոլար), երկաթահամահալվածք (4,6 մլն դոլար):
Ներկայում Իրանում զարգացած է հանքահումքային արդյունաբերությունը, ցեմենտի և գիպսի արտադրությունը, պահածոների արտադրությունը, նոր թափ են ստացել քիմիական և տեխնոլոգիական գործարանները:
Երևանը իրանցիների համար Նովրուզը տոնելու հարմար տարբերակ է
Ամեն տարվա մարտին Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, բազմահազար իրանցիների կարելի է հանդիպել: Նովրուզին, որը սկսվում է մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր, Երևանն ընդունում է միջինը 20-25 հազար իրանցու: Իրանի Իսլամական Հանրապետությունում արգելքները շատ են: Չի թույլատրվում ալկոհոլի օգտագործումը, չեն գործում գիշերային ակումբներ և այլն: Իսկ Երևանում այս ամենը իրանցիների համար հասանելի է և անխոչընդոտ, ինչն էլ նրանց բերում է Հայաստան:
Հայաստանի ներդրումային միջավայրը Իրանին քիչ է հետաքրքրում
Իրանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումներ գրեթե չի կատարել: Միայն 2007-ին Իրանից Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսքերը կազմել են ընդամենը 155 հազ. դոլար: Դրանից հետո ներդրումներ չեն կատարվել: Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ-ի տվյալները:
2014-ի ամփոփ ցուցանիշներում նշվում է, որ Իրանը Հայաստանում 45,6 մլն դրամի ներդրում է կատարել: Բայց այս ցուցանիշը, ըստ ԱՎԾ-ի, ենթակա է ճշգրտման, բացի այդ՝ փոխվել է հաշվարկելու մեթոդաբանությունը, ինչը դեռևս թույլ չի տալիս 2014-ի ցուցանիշը համեմատել նախորդ տարիների հետ:
Թեև պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, թե այս կամ այն իրանցի գործարարը ցանկանում է ներդրումներ կատարել Հայաստանում, նույնիսկ՝ կոնկրետ ծրագրեր են մատնանշվում, սակայն շոշափելի արդյունք դեռևս չկա:
Հիշեցնենք` այս տարվա ապրիլի 2-ին շվեյցարական Լոզան քաղաքում Իրանը և միջազգային միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան երկարատեւ բանակցություններից հետո շրջանակային համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Ըստ համաձայնագրի՝ մինչև 10 տարի ժամկետով սահմանափակվելու է Իրանի՝ ուրանի հարստացման և ատոմային հետազոտություններ անցկացնելու հնարավորությունը: Մինչև 15 տարի ժամկետով Իրանը չի կառուցի նոր ատոմային օբյեկտներ և կնվազեցնի հարստացված ուրանի պաշարները: Վերջնական համաձայնագրի մշակումը պետք է տեղի ունենա մինչև հունիսի 30-ը: Իսկ պատժամիջոցները շարունակելու են գործել մինչև վերջնական համաձայնագրի կնքումն ու իրականացումը:
Իրականում ամեն ինչ սկսվել էր 2002 թվականին, երբ միջազգային հանրությունը Իրանին մեղադրեց ուրանի հարստացման ընդունելի (20%-ոց շեմից հետո ուրանը համարվում է գերհարստացված) ծավալների գերազանցման և ատոմային ռումբ ստեղծելու մեջ:
Լուսանկարը` Reuters-ի
Մեկնաբանել