
Նիկոլ Փաշինյան. «Հիմա մեր տուն մտնող գազը ի՞նչ կալորիա ունի»
Ազգային ժողովում «գազային» կրքերը դեռ չեն հանդարտվում: Պատգամավորները քննարկում են ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:
Իր ելույթում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ Հայաստանի սպառողների համար ոչ մի լավ լուր չկա, իսկ վատ լուր՝ ինչքան ուզես: Ըստ պատգամավորի՝ ամենավատ լուրն այն է, որ Հայաստանի սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար: Այսինքն՝ գազամատակարարման համակարգում կորում է 20 մլն դոլարի գազ՝ տարեկան 127մլն խմ, և այդ կորած գազի համար, որը չգիտես ուր է կորել, վճարում են սպառողները:
Պատգամավորի խոսքերով՝ սա բացատրվում է տեխնոլոգիական, առևտրային անխուսափելի կորուստներով, բայց եթե վերցնենք Ուկրաինայի օրինակը, այդ երկրի սպառողը կորուստների համար վճարում է 9 մլն դոլարով պակաս:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ չնայած կորուստներն ակնհայտորեն մեծ են, վերջին երկու տարիների ընթացքում` գոնե 2012-ից սկսած, ոչ մի ներդրում չի արվել կորուստները կրճատելու ուղղությամբ:
Ն. Փաշինյանն ասում է, որ եթե կորուստները կրճատելու ուղղությամբ որևէ ներդրում չի արվում, նշանակում է այդ կորուստները ինչ-որ մեկին ձեռնտու են, և հավելյալ 9-10 մլն դոլարը գնում է ինչ-որ մեկի գրպանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև գազի կալորիականությանը: «Մարդիկ տարիներով ահազանգում են, քաղաքացիական ակտիվիստները, հիշում եմ, ջուրը այստեղ էին եռացրել, Թբիլիսում էին եռացրել, տարբերություններ էին ստացել: Ամբողջ գազամատակարարման համակարգը հարձակվել էր այդ մարդկանց վրա, ասում էին՝ այդ ինչ դիլետանտություն է: Լավ, դիլետանտություն է, ասեք՝ հիմա մեր տուն մտնող գազը ի՞նչ կալորիա ունի: Պարզվում է` չկա նման հաշվարկ»,- նշում է Ն. Փաշինյանը և հավելում, որ եթե չկան պաշտոնական տեղեկություններ, ապա քաղաքացին կարող է կասկածել, որ իրեն մատակարարում են սահմանվածից ցածր ու ավելի ցածր կալորիականության գազ:
Պատգամավորն անդրադարձավ նաև գազի հաշվիչների ճշտությանը և կասկածի տակ դրեց՝ հիմնավորելով, որ հաշվիչների ստուգաչափումը փաստացի իրականացնում է այն մարմինը, որը գազն է վաճառում:
Ըստ նրա՝ Չափագիտության ազգային ինստիտուտը, որը պետք է վերահսկի այդ ամենը, կոմերիցիոն հարաբերությունների մեջ է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: Այսինքն՝ տարեկան 170 մլն, գուցե ավելի գումար է ստանում «Գազպրոմ Արմենիա»-ից: Ու այդ ամենով հանդերձ` հաշվիչների սպասարկման համար վճարում է սպառողը:
Մեկնաբանել