HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Լալայան

Ճամբարավորված Հայաստան

Ցավալի է, բայց փաստ. Հայաստանն այսօր բաժանված է երկու անհամաչափ ճամբարի: Մի կողմում ունեզուրկների և արդարություն որոնողների հոծ զանգվածն է, մյուսում՝ իշխող քրեաօլիգարխիկ բուրգը՝ արտոնյալ յուրայինների անհամեմատ սակավաթիվ, բայց հզոր ու կոռումպացված կլանով, ում ձեռքում են կենտրոնացած ուժը, փողը և բաշխման լծակները: Մեկը գնալով հուսալքվում, նվաղում ու այդպես էլ չի կարողանում հասնել որոնածին, իսկ մյուսը հղփանում, բարգավաճում և մտմտում է իր սոցիալական խարիսխն ամրացնելու, իր իշխանությանն ու տնտեսական հզորությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նորանոր ելքեր:

Ընդ որում, իշխող ճամբարի յուրաքանչյուր առանցքային դեմք կամ միավորում դա անում է յուրովի: Այսինքն՝ մի իրավիճակ է, որում պետական անվտանգություն, համազգային շահ, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և նմանօրինակ արժեքները ստորադասվում են կառավարող էլիտայի անձնական շահերին ու պատվախնդրություններին, ծառայում ընդամենը իշխանության մեջ նրա դիրքերի ամրապնդմանը: Այս կանոնից շեղվողները կամ վտարվում են ճամբարից, կամ հարկադրված են լինում ինքնակամ կապել ճամպրուկները: Երևանի քաղաքապետի հրաժարականը, թերևս, դրա ամենաթարմ օրինակներից է:

Համատարած անվստահության պայմաններում բուրգի նույնիսկ ամենավերինները ստիպված են ժամանակ առ ժամանակ ստուգել բուրգի ներսում և նրա մատույցներում գտնվող կարևոր դերակատարների նվիրվածությունը: Այդ նպատակով գործի են դրվում հավատաքննության զանազան թույլատրելի և անթույլատրելի միջոցներ՝ հայտարարություններ, հրապարակային խոստումներ ու հակասահմանադրական պայմանավորվածություններ պարտադրելուց մինչև, այսպես կոչված, «ղազագրեր», գաղտնալսումներ և այլն:

Մինչև վերջերս մամուլը հեղեղված էր լուրերով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է դուրս գալ կոալիցիայից ու տեղափոխվել ընդդիմադիր դաշտ: Փորձագիտական մակարդակով երեք հիմնական պատճառ էր դիտարկվում. ա) «Բարգավաճն» ինքնուրույն խաղ է ձեռնարկում, որովհետև վստահ է իր ուժերին, բ) իշխանությունը՝ հանձին ԲՀԿ-ի, դեսանտ է ուղարկում ընդդիմադիր դաշտ՝ այնտեղից հնարավորինս շատ ձայներ կորզելու համար, և գ) «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է աջակցել ՀՀ երկրորդ նախագահին, ով կարծես թե մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել:

Բնականաբար, ՀՀԿ-ի արձագանքը չէր կարող ուշանալ, և այն օրերս հնչեցրեց ոչ այլ ոք, քան Տիգրան Սարգսյանը՝ ընդ որում աննախադեպ բաց տեքստով: Վարչապետը, ըստ էության, «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» ժողովրդական ասացվածքի հանգույն նախազգուշացում հղեց բոլոր նրանց, ովքեր կփորձեն մերժել ՀՀԿ-ի հետ համագործակցությունը և գայթակղվել ինքնուրույն խաղերով: Այդպիսիները, նրա խոսքով, վաղ թե ուշ կկանգնեն «կոտրած տաշտակի» առջև: Իրավիճակն ավելի լավ հազիվ թե հնարավոր լիներ բյուրեղացնել. ստացվում է, որ Հանրապետականի և նրա թիվ մեկ դեմքի շուրջ չհամախմբվողները կամ ՀՀԿ-ի «թրի տակով» չանցնողները ինքնաբերաբար կհայտնվեն հակառակ ճամբարում: Ինչը և հարկ էր ապացուցել:

Սակայն, չնայած բուրգի՝ արտաքուստ թվացող ամրությանն ու կամակոր յուրայինների նկատմամբ վերնախավի չհանդուրժող վարքագծին՝ նրա հիմքերը բավական խախուտ են: Վարչակարգի լեգիտիմության պակասը իշխանական էշելոնի ներկայացուցիչներից ոմանց մղում է նորովի դիրքավորվելու, ավելի հուսալի տերերի ապավինելու կամ պարզապես արատավորված շրջանակից դուրս գալու և անկախ գործելու անհրաժեշտության:

Ոմանք էլ, չունենալով այլ ռեսուրս՝ արևի տակ իրենց տեղը պահպանելու համար, որպես կանոն, տուրք են տալիս շողոքորթությանը, խարդավանքներին և ծառայամտությանը: Այնպես որ, թյուրիմացություն կլիներ կարծել, թե այս ճամբարի կյանքը քաղցր ու անամպ է: Հայաստանյան վերնախավը հետանկախական շրջանում երբեք ներիշխանական գզվռտոցի պակաս չի զգացել:

Իսկ ներկայում՝ առավել ևս, որովհետև մոտենում են համապետական ընտրությունները, և իշխանական ճամբարում իրարանցում է: Վճռական ընտրապայքարի պատրաստվող ՀՀ գործող ու նախկին երկու նախագահների շուրջ հետաքրքիր վերադասավորումներ են ուրվագծվում: Հասարակության մեծամասնությանը հիասթափեցրած երեք նախագահները, ըստ էության, ընտրազանգվածի այդ շերտին պատկերանում են իբրև եռագլուխ հիդրա, որն ուզում է գալ՝ կործանելու այն ամենը, ինչ դեռևս մնացել է Հայաստանից:

Հետևաբար, վերը նկարագրված ունեզուրկների, արդարության պայքարի դրոշակակիրների ճամբարը դեռ շարունակում է համառորեն ընդդիմանալ՝ ինչ-որ տեղ հավատալով աստեղային իր ժամին և այն լիդերի կամ քաղաքական ուժի ի հայտ գալուն, ով արմատական համակարգափոխության կառաջնորդի հույսի վերջին ծվենները տակավին չսպառած զանգվածներին:

Երկրում միգուցեև վիճակն օրհասական չէ, բայց մոտ է դրան: Շատ հոռետեսների տպավորությամբ՝ փրկվում է նա, ով թողնում-հեռանում է: Արտագաղթը, հնարավոր է, առանձին ընտանիքների փրկության միակ ճանապարհն է, բայց Անկախության երանելի հանգրվանին հասած հայության համար խնդրի լավագույն լուծումը չէ: Ավելին, այն ինչ-որ առումով ազգային շահերի դավաճանություն է, որովհետև երկիրն իրական տիրոջ կարիքն ամենաշատը զգում է ծանր պահերին: Երկատված անորոշության և ճամբարավորված տագնապի պահերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter