Լոռիում պարտադիր ուսուցումից դուրս մնացած է համարվում 280 երեխա
Գայանե Սարգսյան
Վանաձորի թիվ 27 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Արա Քոչարյանի պարտադիր ուսուցումից դուրս մնալու լուրը վերջերս է հայտնի դարձել Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանին: Աշակերտն արդեն 200 ժամից ավելի բացակայություն ունի: Նախնական տվյալներով՝ նրա դպրոց չհաճախելու պատճառը սոցիալական վիճակն էր. ասում էին՝ տղան կոշիկ չունի, դրա համար դպրոց չի գնում:
Հանդիպելով Արայի ընտանիքին՝ փորձեցինք պարզել դպրոց չգնալու իրական պատճառները: Պարզվեց՝ 11 տարեկան տղան կտրականապես դեմ է դպրոց գնալուն: Մեր հարցերին ի պատասխան՝ Արան լռում էր, մայրը՝ Անուշ Քոչարյանը, փորձում է ներկայացնել պարտադիր ուսուցումից որդու դուրս մնալու իր տարբերակը. «Ինքն ընդհանրապես այդ դասարան չի ուզում մտնի, ուսուցիչներ կան, որ չի սիրում… Ասում է՝ մամ, կամ դպրոցս փոխի, կամ դասարանս: Բայց ախր մի երկու ամիս ա մնում, ո՞վ կփոխի»:
Անուշը վստահեցնում է, որ տղան իրեն էլ չի ասում, թե հատկապես ինչու դպրոց չի գնում: Ինքը փորձում է միայն կռահել, համոզել, բացատրել, բայց ապարդյուն:
«Ամեն իրիկուն պայմանավորվում ենք, որ առավոտը պետք է միասին դասի գնանք, վեր եմ կենում, որ գնանք, չի գալիս,- ասում է մայրն ու մտավախություն հայտնում, որ դպրոց չգնալու պատճառները գուցե ավելի խորն են, քան իրենք են կարծում,- ես դպրոցում ասացի՝ խնդրում եմ մի լավ հոգեբան, որ երեխու հետ զբաղվի, կարող ա մի բան կա, որ չի ասում»:
Հայրը՝ Գառնիկը, ավելի խիստ է տրամադրված որդուն դպրոց ուղարկելու հարցում: Հարցի լուծմանը, սակայն, գոնե առայժմ դա էլ չի օգնում:
Արան մեծանում է բազմազավակ ընտանիքում, որտեղ իրենից բացի ևս 5 երեխա կա: Երկուսը դպրոցահասակ են, ինչպես իրենք են վստահեցնում, լավ են սովորում: Թեև ընտանիքը որոշ սոցիալական խնդիրներ ունի, սակայն Անուշը վստահ է՝ որդին կոշիկ չունենալու պատճառով չէ, որ դպրոց չի գնում:
Սիրելի առարկաներից Արան նշում է մայրենի լեզուն, սիրելի ուսուցիչների մասին հարցին պատասխանը մեկն է. ոչ մեկին չեմ սիրում: Ինչ ես ցանկանում դառնալ հարցը պատասխան չունի: 11-ամյա այս տղան ուղղակի չի երազում: Նպատակների մասին էլ խոսել չցանկացավ:
Թե դեռ ինչքան դպրոց չի գնա Արան, պարզ չէ: Պարզ է մի բան. մեկուկես ամսից էլ քիչ է մնացել ուսումնական տարվա ավարտին ու շատ հնարավոր է, որ Արան հաջորդ տարի ստիպված լինի կրկին 5-րդ դասարան հաճախել: Եթե, իհարկե, ցանկություն ունենա:
Ինչպես Ն. Սարգսյանն է նշում, վերջին ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է 5 երեխա, ովքեր նույն դասարանում մնալու պատճառով այլևս դպրոց չեն հաճախել:
Այս խնդրից խուսափելու համար դպրոցները հաճախ դիմում են խորամանկ քայլերի:
«Երբ ասում են, որ երեխան, օրինակ, 196 ժամ բացակա ունի, մենք շատ լավ գիտենք, որ դա իրականում 196 չէ, դա 200-ից ավել է: Սա խնդիր է: Պահում են՝ սահմանը չանցնեն, որովհետև 200-ից ավելիի դեպքում մեխանիկորեն երեխան մնում է նույն դասարանում, իսկ 170 ժամով տարեվերջին կարող է քննություններ հանձնել ու փոխադրվել հաջորդ դասարան: Ո՞ւմ պարզ չէ, որ այդ քննությունները կրում են ձևական բնույթ, որովհետև եթե երեխան պարբերաբար դպրոց չի հաճախել, տարվա վերջին չի էլ կարող այդ քննությունները հանձնել: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է արագ լուծում ստանան, որովհետև նույն դասարանում մնացող շատ երեխաներ հաջորդ տարի էլ դպրոց չեն հաճախում»,- ասում է Ն. Սարգսյանը
Փորձնական ծրաջրի շրջանակներում հայտնաբերված պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների մեծ մասը Վանաձորից են, երեխաներ կան նաև գյուղական համայնքներից՝ Մարգահովտից, Ֆիոլետովոյից, Լերմոնտովոյից…
Լոռու մարզպետարանի տվյալներով՝ 2014թ. Լոռու մարզում պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների թիվը 280 է: Նախորդ տարիներին պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների թիվն անհամեմատ փոքր է եղել:
«Մինչ 2014թ. կրթությունից դուրս մնացած երեխաների տվյալները մեզ հիմնականում տրամադրել են ոստիկանության անչափահասների գործերով բաժինները, որոշ դեպքերում՝ նաեւ դպրոցները, հասարակական կազմակերպությունները»,- նշում է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:
Հայտնաբերվածության նման բարձր ցուցանիշը 2014թ. հնարավոր է եղել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից Լոռու մարզում իրականացվող փորձնական ծրագրի արդյունքում: Ծրագիրն իրականացվել է ոչ թե ամբողջ մարզում, այլ Վանաձորում ու նախկին Գուգարքի տարածաշրջանում:
Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների մասին հստակ տեղեկատվություն ունի.
«280 երեխայից 212-ը 2014-2015 ուստարում պետք է առաջին դասարան հաճախեին, ինչը չի արվել: Երեխաներից 16-ը ընդհանրապես դպրոց չի գնացել, մնացածը դպրոց է հաճախել անկանոն»,- նշում է Ն. Սարգսյանը:
Պարտադիր ուսուցումից դուրս մնալու պատճառներն, ըստ բաժնի պետի, տարբեր են: Բաժնի պետն առանձնացնում է շահագրգիռ կազմակերպությունների ու կառույցների միջև համագործակցության ցածր մակարդակը:
«Մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների պաշտպանության քաժինը կրթության, առողջպահության, ՏԻՄ վարչությունների հետ աշխատանքներ փորձել է տանել, երեխաներ են հայտնաբերվել, վերականգնվել են՝ ծնողների հետ աշխատանքի արդյունքում, հասարակական սեկտորի հետ ենք աշխատել: Բայց ավելի լուրջ հետազոտություն՝ կարիքների գնահատում, համայնքների հետ աշխատանք, չի եղել փաստորեն: Եվ հենց այդ պատճառով տասնյակներով երեխաներ դուրս մնալով ուշադրությունից՝ չեն հաճախել դպրոց: Մեր հասարակության մեջ ընդունված է, որ եթե երեխան դպրոց չի գնում, ուրեմն դպրոցի մեղքն է: Իրականում համայնքի ղեկավարի, համայնքներում գործող խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովների և ինչո՞ւ չէ, հենց տվյալ համայնքի հասարակության ներսում է խնդիրը: Երբ երեխան ամիսներով դպրոց չէր հաճախում, ոչ մեկն ինֆորմացիա չէր տալիս, հասարակությունը դա շատ հանգիստ, նորմալ էր ընդունում»,- ասում է Ն. Սարգսյանը:
Մարգահովտում առաջին դասարանցի 7 երեխա դուրս է մնացել պարտադիր ուսուցումից: «Եղբայր ու քույր են, ծնողն ուզում է, որ հաջորդ տարի միասին գնան դպրոց, կամ այդ տարվա դասվարը իրենց ծանոթ դասվարը չի, ու երեխան պետք է սպասի հաջորդ տարվան, կամ ծնողը որոշում է, որ երեխան փոքրամարմին է ու այդ տարի չպետք է դպրոց գնա: Լերմոնտովո համայնքում էլ 7-րդ դասարանցի աղջնակին դպրոց գնալ արգելել է հայրը՝ ասելով, որ նա պետք է մնա տանը, օգնի փոքր եղբորը մեծացնելու հարցում և տնային գործերում»,-օրինակներն է ներկայացնում Ն.Սարգսյանը:
Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների թիվը կտրուկ նվազեցնելու հարցում ուսումնասիրությունն իրականացրած աշխատանքային խմբի եզրակացությունը մեկն է. պետք է հստակ լծակներ կիրառվեն, օրենքը աշխատի, և պետք է ծնողը, ի վերջո, հասկանա, որ բացի իրավունքներից՝ ունի նաև պարտականություններ:
Ն. Սարգսյանը վստահ է. «Եթե այն կառույցները, որոնք այսօր զբաղվում են երեխաների խնդիրներով՝ դպրոցներ, համայնքներ, բուժհաստատություններ, սոցիալական ծառայություն, ոստիկանություն, մարզպետարան, համագործակցեն միմյանց հետ, ուսուցումից դուրս մնացածների թիվը կնվազի»:
Այս տարվա մարտի 15-ից Լոռու մարզպետարանը սկսել է ուսումնասիրության երկրորդ փուլը, որն այս անգամ կընդգրկի ամբողջ մարզը: Նոյեմբերին պարզ կլինի Լոռու մարզում պարտադիր ուսուցումից դուրս մնացածների վերջնական թիվը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2013-2014 ուստարվա սկզբին Հայաստանում ուսումն անավարտ թողած ու դպրոցից հեռացած է համարվել 527 երեխա, որից 174-ը՝ աղջիկ: Սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով դպրոց չի հաճախել 275, ծնողների թույլ չտալու պատճառով՝ 182, լսողական, հենաշարժողական ու մտավոր խնդիրների պատճառով՝ 15 երեխա: 25-ի կրթությունը կիսատ է մնացել քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու պատճառով:
Նույն ծառայության տվյալներով՝ 2012-2013 ուստարվա սկզբին պարտադիր ուսուցումից դուրս մնացածների թիվը երկրում եղել է 1070: Նրանցից 754-ի դեպքում որպես դպրոց չհաճախելու պատճառ նշված է ցանկության բացակայությունը:
Պարտադիր ուսուցումից դուրս մնացածների մեջ հատկապես մեծ թիվ են կազմում 13-18 տարեկանները:
Ագգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է նաև պարտադիր ուսուցումից դուրս մնացածների թիվն՝ ըստ մարզերի: Ըստ այդմ, ամենաբարձր թիվը 2013-2014 ուստարում գրանցվել է Արմավիրում՝ 89 երեխա նախորդ տարվա 153-ի փոխարեն:
2012-2013 ուստարվա սկզբին Լոռու մարզից ներկայացված է 89 երեխա, մեկ տարի անց՝ 2013-2014 ուստարվա սկզբին՝61: Իսկ ահա մարզի միայն մի մասում 2014-ին իրականացված փորձնական ծրագրի արդյունքում այդ երեխաների թիվը, փաստորեն, հատել է 280-ի սահմանագիծը:
Թե ինչպիսին կլինի Լոռու մարզի ցուցանիշը այս տարեվերջին, ու ինչպիսին կլինեն հանրապետական ցուցանիշները, եթե Լոռիում ներդրված պիլոտային ծրագիրն իրականացվի ամբողջ երկրում, պարզ չէ: Ակնհայտ է մի բան. Ազգային վիճակագարական ծառայության ներկայացրած տվյալները գոնե Լոռու մարզի օրինակով էականորեն տարբերվում են իրական տվյալներից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել