
Բարերարը դադարեցրել է Օձունի եկեղեցու վերանորոգման ֆինանսավորումը
Մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը դադարեցրել է Օձունի եկեղեցու վերանորոգման ֆինանսավորումը: «Հետքի» հետ հեռախոսազրույցում նա բացատրեց պատճառը. «Եկեղեցու վերանորոգման նախագծով ինչ-որ նախատեսված է, կարևոր աշխատանքները մենք կատարել ենք: Մենք հիմնականում եկեղեցին պահպանել ենք: Ջրահեռացման հարցը լուծելու համար էլ նախագիծ չկա: Ոմանք ուզում են եկեղեցին եվրոռեմոնտ անել, դա կարող են անել, բայց առանց ինձ: Իտալացիները Կոլիզեյը ինչու չեն վերականգնում: Եկեղեցու գմբեթը քանդվում էր, մենք վերակառուցել ենք այն»:
Օձունի եկեղեցու վերանորոգման շինարարական աշխատանքներն իրականացնող «ԼևԳուգ» ՍՊԸ-ի նախագահ Լևիկ Ղուկասյանը նույնպես տեղյակ էր Օձունի եկեղեցու վերանորոգման ֆինանսավորումը դադարեցնելու՝ Մ. Ձավարյանի մտադրությանը: Նա նամակ է ուղարկել «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամին` պարզելու, թե վերանորոգման աշխատանքները շարունակվելու են արդյոք: Սակայն առայժմ պատասխան չի ստացվել: Լ. Ղուկասյանը պնդեց, որ եկեղեցու ջրահեռացման աշխատանքների նախագիծ իրեն չի հատկացվել: Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Հետքին» տեղեկացրեց, որ շինարարն ուզում է գալ իրենց մեղքով քանդված եկեղեցու մուտքի կամարը վերականգնել, մեկ-երկու թերություններ էլ շտկել և շինտեխնիկան ու հարակից շինարարական պարագաները հավաքել եկեղեցու բակից: «Այդ դեպքում հաջորդ տարի վերանորոգում սկսելը ավելի դժվար կլինի»,- բացատրեց Տեր Վրթանեսը:
Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև 2012թ. մարտի 23-ին ստորագրված Օձունի եկեղեցու վերականգնման գործընթացում համագործակցելու մասին հուշագրով կողմերն անհրաժեշտ են համարել միավորել իրենց ուժերը և համատեղ աշխատանքներ ծավալել Օձուն Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ուղղությամբ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վանուշ Շերմազանյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում Մովսես Ձավարյանն ասաց, որ թեև ինքն է հիմնադրել «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը, սակայն այն այլևս չի ընդունում:
Իրավիճակի առնչությամբ փորձեցինք իմանալ Մայր Աթոռի կարծիքը. «Մենք այդ մասին հայտարարություն կանենք»,- ասաց Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ով Մայր Աթոռի կողմից ստորագրել է եռակողմ հուշագրի տակ: «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանի ասելով՝ Մովսես Ձավարյանը դեռ անցյալ տարի օգոստոս ամսին է ցանկացել դադարեցնել եկեղեցու վերանորոգման ֆինանսավորումը: «Մենք բացատրել ենք, որ եկեղեցու տանիքը բաց է և չի կարելի այդպես թողնել: Բարերարը հրաժարվել է վճարել, նաև լրացուցիչ 50մլն դրամ գումար տրամադրել եկեղեցու պատերի ամրացման համար: «Այդ գումարը չունեմ»,- ըստ Վ. Շերմազանյանի՝ ասել է Մ. Ձավարյանը: «Հիմա էլ որ հովանավորին դիմում ենք, ասում են՝ որքան էլ փող դնենք, ասելու են՝ Մովսես Ձավարյանն է եկեղեցին վերանորեգել»,- բացատրեց հիմնադրամի տնօրենը: Տեր Վրթանես քահանա Բաղալյանը մեզ հայտնեց, որ եկեղեցու վերանորոգման հաստատված նախահաշիվ և նախագիծ կա, ըստ որի՝ եկեղեցու վրա կատարվել է 270մլն դրամի աշխատանք: Տեր Վրթանեսի ասելով՝ եկեղեցու նախագծային արժեքին համապատասխան՝ Մ. Ձավարյանի հատկացրած գումարից մնացել է ֆինանսավորել ընդամենը 50մլն դրամ:
«Եկեղեցու վրա նախագծով նախատեսված և չկատարված աշխատանքները այդ 50մլն դրամով չեն կարող կատարել»,-ասում է հոգևոր հովիվը: Ըստ Տեր Վրթանեսի՝ եկեղեցու արևելյան ճակատի հիմքերի շուրջ 21 գծ. մ քարերը գետնախարսխի պատերին չեն տեղադրվել, դրանք գնված են բարերար Մ. Ձավարյանի փողով և թափված են պատի տակ: Չեն կատարվել նաև հյուսիսային կամարակապի արդեն 2-րդ անգամ համարակալված և 90-ական թվականներից եկեղեցու բակում թափված քարերի և վերանորոգման ընթացքում տեղահանված գերեզմանաքարերը նախկին տեղում տեղադրելու, արտաքին եռակողմ սրահների հատակը սալիկապատելու, եկեղեցու դռները և լուսամուտները փոխելու և այլ աշխատանքներ: Վանուշ Շերմազանյանը եկեղեցու վերանորոգման աշխատանքները չընդհատելու համար գրավոր խնդրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին որոշ գումար հատկացնել, մինչև հիմնական գումարների հայթայթումը: Տեր Վրթանես Բաղալյանի կարծիքով էլ Օձունի եկեղեցու վերականգնումը կամեցողության և ոչ թե փողի խնդիր է:
Մեկնաբանություններ (41)
Մեկնաբանել