
Ամեն օր գալիս եմ Սլավոնական համալսարան ու «Հետքի» խմբագրություն
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
1990-ականներին, երբ Ողջերի աշխարհի հետ ոչ մի կապ չկար ու ամեն գիշեր սոված պառկում էի, երևակայում էի, թե ոնց ենք ընտանիքով գնում քաղաքից դուրս: Մանրամասն պատկերացնում էի, թե ոնց ենք բնության գրկում մսի ու բանջարեղենի խորոված պատրաստում: Համն ու հոտը հիշելով՝ հագենում ու քուն էի մտնում Գիքորի պես: Բայց հոգու խորքում նպատակս Գավրոշի պես պայքարելն էր: Պայքարը սկսվում էր ամեն նոր օրվա հետ. մարմնամարզություն, ընթերցանություն, ստեղծագործել:
Միգուցե կասեք՝ 19 տարի ապրել ու ապրում եմ ինքնախաբեությամբ, երևակայական կյանքով, բայց ես էլ կասեմ, որ երևակայելու, անընդհատ մտքերով Ձեր մեջ լինելու շնորհիվ է, որ գոյատևել ու գոյատևում եմ ֆիզիկական անազատության մեջ:
Կա՞ նման դեպք որևիցե երկրում, որ ցմահ դատապարտյալը աշխատի որպես բանտային թղթակից
Հիմա էլ երևակայելով՝ ամեն օր արթնանում եմ ու պատկերացնում, թե ինչպես եմ գնում Սլավոնական համալսարան՝ դասի: Պատկերացնում եմ համալսարանի շենքը, լսարանը, դասախոսներին, մտովի զրուցում կուրսեցիներիս հետ, ովքեր ինձանից 20 տարի փոքր են: Իսկ մոտավորապես ժամը երեքին մտքով տեղափոխվում եմ իմ աշխատավայր՝ «Հետք» թերթի խմբագրություն: Գիտեմ, որ այն գտնվում է Վերնիսաժի մոտ: Անգամ երևակայում եմ, թե որտեղ եմ նստում. ընտրում եմ մեծ պատուհանների կողքի համակարգիչը, որ ազատությունը մոտիկից տեսնեմ և սկսում եմ հոդված գրել:
Թերևս, Հայաստանում կամ միգուցե աշխարհում այն եզակի մարդկանցից եմ, ով երբեք չի տեսել իր բուհն ու աշխատավայրը, չի տեսել իրավագիտության ֆակուլտետի իր համակուրսեցիներին, չի տեսել «Հետքի» իր գործընկերներին: Ես միայն մտքի անբացատրելի ուժով եմ կարողանում անցնել երկաթե դռների ու ճաղերի միջով ու ամեն օր գալ Ողջերի աշխարհ:
Սրտացավ մարդկանց շնորհիվ է, որ, փակված լինելով «Նուբարաշեն» կլոր գերեզմանոցում, սովորում ու աշխատում եմ միաժամանակ: Չգիտեմ՝ կա՞ նմանատիպ դեպք, որ ցմահ դատապարտյալը որևիցե երկրում աշխատի որպես լրագրող ու սովորի համալսարանում՝ իրավագիտության ֆակուլտետում: Փառք եմ տալիս Աստծուն, որ աշխատավարձովս կարողանում եմ վճարել ուսմանս վարձը:
Չգիտեմ՝ «Հետքի» աշխատակազմը գիտակցում է, թե ինչպիսի բացառիկ հնարավորություն է ինձ տվել աշխատելու, մարդկանց հետ երկխոսելու, հասարակությանը պատմելու Մահվան տան, հայաստանյան «արդարադատության» մասին: Սա, իսկապես, հեղափոխական առաջարկ էր, որ ստացա «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կողմից՝ լինել իր թերթի թղթակիցը բանտում ու ամենշաբաթյա հրապարակումների համար վճարվել: Մինչ այդ, աշխատելու մասին երազել միայն կարող էի: «Հետքի» խմբագրությունն արեց այն, ինչ պետությունը չի անում շուրջ 20 տարի, չի ապահովում դատապարտյալներին աշխատանքով:
Կարդում եմ ընթերցողների մեկնաբանությունները
«Հետքի» շնորհիվ քաղաքացիները իմացան, որ մեր բանտերում կան նաև անմեղ մարդիկ, կան դատական սխալի զոհեր: Մարդիկ պարզորոշ տեսան, որ մեր իրականության մեջ միշտ արդիական է «Տերովին տերն է տարել, անտերին՝ գայլը» հին հայկական ասացվածքը, քաղաքացիները համոզվեցին, որ հետևողական պայքարը կարող է բերել ցանկալի արդյունքի:
Գրեթե ամեն շաբաթ ստանում եմ մամուլի քաղվածքները, կարդում «Հետքի» հրապարակումները, նաև սոցիալական ցանցերում հոդվածներիս տակ քաղաքացիների թողած արձագանքները: Կան մարդիկ, ում անունները հաճախ են հանդիպում: Նրանք բարեմաղթանքներ են գրում ինձ, ցանկանում շուտափույթ Ազատություն: Բոլորիդ մեկ-մեկ ասում եմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…
Ցմահ բանտարկյալի աշխատավարձից թոշակ են կուտակում
Մի քանի օր առաջ բանտի հատուկ մասի աշխատակիցը բացեց «վոլչոկն» ու մի նամակ պարզեց: Ծրարի վրա կարդացի հետևյալը. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտորիա» ԲԲԸ, ներքևում՝ Մհեր Ենոքյանին:
Նամակով ինձ տեղեկացնում են, որ իմ՝ ցմահ բանտարկյալիս աշխատավարձից էլ է կուտակային կենսաթոշակ պահվում: Իսկ իմ գումարների մասին կարող եմ տեղեկանալ ՝ այցելելով հաշվի օպերատորին կամ մուտք գործելով ինտերնետային կայք, պարզվում է՝ կարող եմ օգտվել նաեւ բանկոմատներից: Կարդում ու ծիծաղում եմ քթիս տակ:
Նամակում նշված հաշվի օպերատորին ես չեմ կարող այցելել, ինտերնետից օգտվել դատապարտյալներին չի թույլատրվում, բանկոմատից օգտվել, բնականաբար, նույնպես չեմ կարող: Հարց. ընդհանրապես ինչպե՞ս կարող է ցմահ դատապարտյալը տնօրինել իր անունով պահվող գումարը: Բավական չէ ինձ անարդար դատապարտելով մահապատժի`19 տարի կյանքիցս խլել է պետությունը, հիմա էլ գրպանս մտնելով`ուզում են ցույց տալ, թե, իբր, իմ ապահով ծերության մասին են մտածում:
Դրականի մասին
Իմ բնույթով լավատես և ուրախ մարդ եմ, երբեք չեմ կենտրոնանում բացասական ինֆորմացիայի վրա: Ամենավատ ու ծայրահեղ պայմաններում էլ կարողանում եմ գտնել թեկուզ փոքր, բայց սպիտակ կետ, աշխատում մեծացնել այդ սպիտակ կետը: Ամեն օր իմ գործողություններով փորձում եմ մոտեցնել վերադարձիս Օրը: Պարզ տեսնում եմ, թե ինչպես եմ իմ ոտքով գնում Սլավոնական համալսարան ու «Հետքի» խմբագրություն: Այնպես որ, խնդրում եմ ինձ համար տեղ պահեք լուսամուտի կողքին. արևի լույսին ու տաքությանը կարոտ եմ, նաև՝ մարդկային ջերմ հարաբերություններին…
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել