
Ոսկու գինը շարունակում է նվազել, այն կհասնի 1100 դոլարի
2015 թվականին ոսկու գինը շարունակում է նվազել: Այս մասին նշված է «Thomson Reuters GFMS» ընկերության «Gold 2015» զեկույցում:
Ընկերության փորձագետները նշում են, որ այս տարվա ընթացքում ոսկու գինը կնվազի մինչև $1100 մեկ տրոյական ունցիայի դիմաց (31,1034768 գրամ): Այս կանխատեսումը նշանակում է թանկարժեք մետաղի գնի 8 տոկոսանոց անկում:
Միաժամանակ ընկերության զեկույցում նշվում է, որ ընթացիկ տարվա վերջին ոսկու գինը կբարձրանա և 2016 թվականին կհասնի 1250 դոլարի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց:
Վերլուծաբանները աճի դանդաղ տեմպերը բացատրում են Չինաստանում ոսկու պահանջարկի նվազման հանգամանքով: Հոնկոնգից Չինաստան ոսկու ներմուծումը, հունվարի հետ համեմատ, փետրվար ամսին կրճատվել է 11%-ով՝ այսպիսով հասնելով վերջին վեց ամիսների ընթացքում նվազագույն ցուցանիշին՝ 67,6 տոննայի: Ոսկու պահանջարկի նվազում է նկատվում նաև աշխարհի մյուս մասերում: Սակայն տարեվերջում, ըստ զեկույցի, կանխատեսվում է պահանջարկի ավելացում:
Աշխարհաքաղաքական լարվածությունը նպաստելու է ոսկու պահանջարկի ավելացմանը: Այս հանգամանքից ելնելով որոշ երկրների կենտրոնական բանկերը, օրինակ՝ Ռուսաստանի, սկսել են ակտիվ կերպով ոսկի գնել: 2014 թվականին Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված ոսկու չափը ռեկորդային է ` 173 տոննա: ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերը նույնպես սկել են ոսկի գնել:
Ըստ «Australia & New Zealand Banking Group Ltd»-ի կանխատեսման, Ասիայում մինչև 2030 թվական ոսկու պահանջը կկրկնապատկվի, որի հետևանքով ոսկու գինը կբարձրանա:
Մինչև 2025 թվականը մեկ տրոյական ունցիան կգերազանցի 2000 դոլարը, մինչև 2030 թվականը՝ կգերազանցի 2400 դոլարը: Այսպիսի կանխատեսում են արել այդ ընկերության վերլուծաբանները:
Մեկնաբանել