«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության վերաբերյալ
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
««Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր ափսոսանքն է հայտնում Երևանում և ՀՀ այլ բնակավայրերում Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության կապակցությամբ: Կուսակցությունը համարում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ընտրությունների ոչնչացումը, բողոքի ակցիաների սահմանափակումը, կասկած հարուցող պատճառներով քաղաքական նախաձեռնության անդամների ձերբակալությունը և քաղաքակիրթ պայքարի այլ տարբերակները ոչնչացնելը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության և հայաստանյան հասարակության համար:
Լինելով համակարգային պայքարի կողմնակից` կուսակցությունն, այնուամենայնիվ, գտնում է, որ ոչ համակարգային պայքարի կողմնակիցների թվի աճը Հայաստանում մեծապես պայմանավորված է Հայաստանի իշխանությունների կամայականություններով և ամեն գնով իշխանությանը կառչած մնալու Հանրապետական կուսակցության անընդունելի վարքագծով:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներին և հույս հայտնում, որ հենց նրանց պայքարի շնորհիվ Հայաստանում կստեղծվի մի վիճակ, երբ ոչ համակարգային պայքարի կարիք չի լինի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել