
241 միլիոնանոց վերանորոգում՝ կառավարությունում. ոսկեզօծ պատեր, քանդակներ, կահույք
Հովիկ Աբրահամյանը սիրում է ճոխություններ: Վարչապետ նշանակվելուց մի քանի ամիս անց կառավարության շենքի մի մասը դարձրեց «թանգարան»: Հովիկ Աբրահամյանին դուր չէին եկել կառավարության աշխատասենյակների պատերը, կահավորանքը և որոշել է «ոսկեզօծել» պատերը, փոխել կահույքը և այլն: Կառավարությունը 2014թ. դեկտեմբերի 4-ին որոշել է կառավարության երեք դահլիճների վերանորոգման, կահույքի ձեռքբերման բոլոր պայմանագրերը կնքել բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
Մրցույթ չհայտարարելը կառավարությունը պատճառաբանել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին հղում տալով, ըստ որի՝ «ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ իրավիճակից ելնելով, գնման այլ ընթացակարգի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել»: Թե ինչու է շքեղ վերանորոգումը համարվել անհետաձգելի ու անկանխատեսելի՝ անհայտ է:
Ինչևէ, 2014թ. դեկտեմբերի 11-ին կառավարության աշխատակազմը «ՎԵԿՍ» ՍՊԸ-ի հետ կնքել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր՝ 214 մլն դրամ ընդհանուր արժեքով: Այդ գնից 73.762.000 դրամը փոխանցվել է շինարարական ընկերության հաշվին որպես կանխավճար: «ՎԵԿՍ» ՍՊԸ-ն է վերանորոգել նաև ԱԺ նիստերի դահլիճը:
Փոխվել է կառավարության դահլիճների կահույքի մի մասը, դռները, վերանորոգվել ու ոսկեզօծվել են պատերը: Բուխարու դահլիճի միայն երկու երկփեղկանի հաճարի փայտով ու քանդակներով դռներն արժեցել են մոտ 2.5 մլն դրամ՝ 1քմ 326.000 դրամ, իսկ ոսկեզօծ շքամուտքով և քանդակներով 2 դռների շրջանակներն արժեցել են 1.620.000 դրամ՝ հատը 810.000 դրամ:
Նույն դահլիճի 58քմ տարածքում՝ 1քմ 273.000 դրամով, կատարվել է պատերի երեսպատում՝ դեկորատիվ կամարով ու բարձակով: Միայն այս աշխատանքը պետբյուջեի վրա արժեցել է 15.834.000 դրամ:
Բուխարու դահլիճում ամեն ինչ «ճոխ են բռնացրել»: Այստեղ մեկ ջահը ձեռք են բերել 4 մլն 627 հազար դրամով: Նույն արժեքով ջահ գնել են նաև ընդունելությունների դահլիճի համար:
Նշենք, որ բուխարու դահլիճի միայն դռների, կահույքի և պատերի երեսպատման աշխատանքներն արժեցել են մոտ 32 մլն 692 հազար դրամ, իսկ ընդհանուրը՝ 47 մլն 420 հազար դրամ:
Ինչ վերաբերում է նիստերի դահլիճին, ապա միայն 26.69քմ սեղանն արժեցել է 7 մլն դրամից ավելի, 4 հատ երկփեղկանի դեկորով և շրջանակաձողով դռները՝ 5 մլն դրամից ավելի և այլն:
Ապրանքների և ծառայությունների գների հաշվարկն արված է առանց ավելացված արժեքի հարկի, ինչը նշանակում է, որ գնի վրա ավելացել է ևս 20%:
Այս տարվա մարտի 2-ին կառավարության աշխատակազմի և «ՎԵԿՍ» ՍՊԸ-ի միջև կնքվել է նոր պայմանագիր՝ 11.12.2014թ. պայմանագրում չներառված, սակայն չնախատեսված հանգամանքներից ելնելով անհրաժեշտ դարձած կառավարության շենքի նիստերի և ընդունելությունների դահլիճների լրացուցիչ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:
Նոր պայմանագրի գինը կազմել է 27 մլն 454 հազար դրամ: Հիմնական պայմանագրով «չնախատեսված» է համարվել 12 մլն 221 հազար դրամով բուխարու սենյակի կլոր սեղանի, 415 հազար դրամով լրագրասեղանի ձեռքբերումը, 2 մլն 235 հազար դրամով երեսպատումների ու քանդակների վրա ոսկեպատման աշխատանքները: «Խիստ կարևոր» է համարվել նաև բուխարու դիմաց դարբնային շրջանակի տեղադրումը, որի գինը կազմել է 165.000 դրամ և այլն:
Ստացվում է, որ վարչապետի քմահաճույքները բավարարելու, նրան ճոխությամբ շրջապատելու համար պետբյուջեից ծախսվել է 241 մլն դրամից ավելի գումար: Իսկ նա տեսախցիկների առաջ պաշտոնյաներին խորհուրդ է տալիս կրճատել ծախսերը, խնայողաբար օգտագործել պետական միջոցները: Իսկ երկրում աղքատության ցուցանիշն աճում է:
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել