100 տուն` 100 ընտանիքի համար, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին
Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը ոգեկոչելու նպատակով Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» հարգանքի տուրք մատուցելով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին՝ կոչ է անում բոլոր նրանց սերունդներին, ովքեր զրկվել են հայրենիքում ապրելու հնարավորությունից և սփռվել աշխարհով մեկ, ինչպես նաև ցեղասպանությունը դատապարտող բոլոր մարդկանց կառուցել 100 տուն կարիքի մեջ գտնվող 100 ընտանիքի համար՝ հույսով, որ ավելի շատ ընտանիքներ կմնան իրենց հայրենիքում՝ դարձնելով այն շեն ու բարեկեցիկ:
«2015 թ. լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: Մենք կոչ ենք անում աշխարհով մեկ սփռված բոլոր հայերին՝ հիշատակելու Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակը՝ փոխելով 100 ընտանիքի ճակատագիր՝ ապաստան ստեղծելով սոցիալապես անապահով՝ վագոն տնակներում, նկուղներում, կիսակառույց տներում, կամ այլ ժամանակավոր կացարաններում ապրող հայ ընտանիքների համար», - ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Մինչ օրս ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել 68 ընտանիք, ևս երեք ընտանիք արդեն հովանավորություն ունեն՝ իրենց տունը կառուցելու համար: Ծրագիրը մինչև 2015թ.-ի վերջը իրականացնելու համար դեռևս 29 ընտանիք աջակցության կարիք ունի:
Ավագյանների ընտանիքը Բերձոր է տեղափոխվել 1997թ` բնակեցնելու և ամրացնելու այն Արցախյան հակամարտությունից հետո: Ըտանիքի պապը՝ Ջանիկը, և նրա կինը՝ Խաչանուշը, հավատում էին, որ իրենք կարող են իրենց ներդրումն ունենալ ազատագրված նորածին հայրենիքում: Նույն գաղափարով ներշնչված էին նաև նրանց որդիները: Ավագյանները բազում անգամներ տեղից տեղ են տեղափոխվել՝ մեծացող ընտանիքի համար կենցաղային բարենպաստ պայմանների ակնկալիքով: 2011թ. տեղական ինքնակառավարման մարմինները Ավագյաններին հատկացրել են տուն որպես բազմազավակ ու աճող ընտանիքի, որը, սակայն, վերակառուցման կարիք է ունեցել. 9 անձից բաղկացած ընտանիքի կարիքները հոգալու հետ մեկտեղ Ավագյանները տարիներ շարունակ չեն կարողացել վերակառուցել այն:
Ընտանիքի միակ եկամուտը մեղվապահությունն ու գյուղատնտեսությունն է, ինչն, իհարկե, բավարար չէ բազմանդամ ընտանիքը կերակրելու և տանը տարրական կենցաղային հարմարություններ՝ խոհանոց, սանհանգույց կառուցելու համար:
«Բառերն անգամ չեն կարող նկարագրել այն զգացմունքները, որ ես ունեմ: Սա հրաշք է, իսկական հրաշք: Շնորհակալություն բոլոր նրանց, ում օգնությամբ այսօր մեր ընտանիքն ապրում է բարեկարգ ու հարմարավետ բնակարանում: Աստված օրհնի ձեզ»,-ասել է 5 երեխաների երիտասարդ մայրը՝ Արմենուհի Յակուբյանը:
Մեկ տուն ֆինանսավորելու համար անհրաժեշտ գումարը կազմում է 10500 ԱՄՆ դոլար: Ձեր ֆինանսավորած ընտանիքը կստանա անհատականացված հուշագիր, հաղորդագրությունը՝ ձեր ընտրությամբ:
Տան շինարարությունն ավարտվելուն պես տուն ֆինանսավորած բոլոր նվիրատուները «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից կստանան հավաստագիր և ավարտուն տան նկարները:
Եթե նվիրատվությունը մեկ տան արժեքից քիչ է, ապա «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» կխմբավորի այն այլ նվիրատվությունների հետ՝ լրացնելով մեկ տան արժեքը: Ձեր կողմից նվիրաբերված ցանկացած գումար կարող է էական փոփոխություն մտցնել ևս մեկ ընտանիքի կյանքում:
Եղեռնի 100-ամյա տարելիցի ոգեկոչման այս շարժմանը միանալու համար խնդրում ենք ուղարկել ձեր նվիրատվությունը՝ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ, Ամերիաբանկ Հ/Հ 15700 05330400100 : Առցանց նվիրատվությունների համար (հատկապես ԱՄՆ-ից) http://weblink.donorperfect.com/FCH_Armenia100:
Եթե դուք ֆինանսավորում եք մեկ տուն, հուշագրի տեքստի համար խնդրում ենք դիմել fcarmenia@fcհarmenia.org.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել