
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգի ուղիղ հեռարձակումը Հայաստանում Փարիզի Շատլե թատրոնից
2015թ. ապրիլի 21-ին Փարիզի Շատլե թատրոնում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգ տեղի կունենա, որը ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի նաեւ Հայաստանում՝ Օպերայի թատրոնի հսկա էկրանին: Համերգը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Մշակույթի նախարարության և Օրանժ Արմենիայի համատեղ նախաձեռնությունն է: Հաշվի առնելով Ֆրանսիայի հետ ժամային գոտու տարբերությունը՝ համերգի հեռարձակումը Օպերայի էկրանին կկայանա ժամը 22.00: Մուտքն ազատ է: Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հովանու ներքո կազմակերպված այս համերգի բացմանը կհնչի 2013թ. Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակի դափնեկիր, ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի՝ հատուկ այս կապակցությամբ ստեղծած երաժշտությունը: Համերգի երկրորդ մասում կհնչի Մոցարտի Ռեքվիեմը: Հարյուրամյակի առիթով, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ծագումով հայ հանրահռչակ մենակատարների և փայլուն երաժիշտների մի ամբողջ համաստեղություն համախմբող նվագախումբը, ինչպես նաև Գյուլբենկյան հիմնադրամի երգչախումբը կղեկավարի Ալեն Ալթինօղլուն:
Մեկնաբանել