
Նոյեմբերի 1-ից կգործի մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծը
Մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով 9 հասարակական կազմակերպության հետ, վերաբացում է իր արագ արձագանքման ծառայությունը:
Արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և շուրջօրյա հերթապահությունն իրականացնելու նպատակով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ նոյեմբերի 1-ից գործարկվելու է շուրջօրյա օպերատիվ 116 եռանիշ հեռախոսահամար (թեժ գիծ):
Աշխատակազմի կողմից սպասարկվող թեժ գիծը գործելու է նաև ոչ աշխատանքային՝ տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին: Ընդ որում, թեժ գծի բոլոր մուտքային զանգերը անվճար են հանրապետության բոլոր մարզերից:
Արագ արձագանքումն իրականացվում է այն բոլոր դեպքերում, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից (ոստիկանություն, դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն), այնտեղ ենթարկվել դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, կամ առկա է այդպիսի վերաբերմունքի արժանանալու սպառնալիք, վարույթն իրականացնող մարմինը (հետաքննություն և նախաքննություն) չի բավարարում անձի օրինական միջնորդությունները' մասնավորապես պաշտպան, թարգմանիչ ունենալու, դատաբժշկական ուղեգիր տրամադրելու, առաջին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, քրեակատարողական հիմնարկներում կալանավորը կամ դատապարտյալը ենթարկվել է դաժան, անմարդկային վերաբերմունքի (ծեծ, խոշտանգում և այլն), զորամասում տեղի է ունեցել կամ շարունակվում է տեղի ունենալ խոշտանգում, զինվորական ծառայության են զորակոչում անձի, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, ԴԱՀԿ ծառայությունը կատարողական գործողություններն իրականացնում է անօրինական եղանակով և այլն:
Նշված դեպքերում արագ արձագանքում իրականացվում է հետևյալ եղանակներով. անհրաժեշտ իրավական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտության դեպքում համապատասխան վայր (հաստատություն) այցելություն, իսկ առանձին դեպքերում տեղեկատվության փոխանցում պատկան մարմնին կամ տեղեկատվության ճշգրտում:
Արագ արձագանքման ծառայությունը իրականացվելու է Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների մարդկային, տեխնիկական և նյութական ռեսուրսներով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մեկնաբանել