HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկատան շրջանավարտը կարող է զրկվել պետական աջակցությամբ բնակարան ստանալուց հենց իր մոր պատճառով

Գայանե Սարգսյան

26-ամյա Հայկանուշ Անտոնյանը Վանաձորի մանկատան շրջանավարտներից է: Ամուսնացել ու մանկատնից հեռացել է 2008թ.-ին: Ամուսնու հետ մի քանի տարի Երևանում ապրելուց հետո 2013թ.-ին ստիպված է եղել վերադառնալ Լոռի:

«Էլ չէինք կարողանում մնալ, ծախսերը շատ էին, տան վարձը՝ շատ թանկ, ստիպված վերադարձանք»,- ասում է Հայկանուշը:

2013թ.-ից երիտասարդ ընտանիքը բնակություն է հաստատել Լոռու մարզի Դարպաս համայնքի ծայրամասում տեղադրված վագոն-տնակում: Տնակի տերը տեսնելով, որ ընտանիքն ապրելու տեղ չունի, թույլ է տվել ժամանակավորապես բնակվել իր տնակում: Այն, սակայն, հիմա տանտերերին էլ է պետք ու ինչպես Հայկանուշն է վստահեցնում, ստիպված են ազատել տնակը:

«Էնքան շնորհակալ եմ իրանցից, որ թույլ են տվել էսքան ժամանակ ապրեմ էստեղ: Հույս ունեի, որ տուն կտան, էստեղից դուրս կգամ, իմ տուն կգնամ,  բայց հիմա, փաստորեն, ստացվում է, որ կարող է դրսում մնամ: Չգիտեմ ինչ անեմ»,- նշում է նա:

Հայկանուշին դեռ 2005-2006թթ.-ից ընդգրկել են բնակարանով ապահովման կարիք ունեցող մանկատան սաների հերթացուցակում: Մի քանի տարի առաջ գործը նույնիսկ բնակարան առաջարկելուն է հասել: Հարցը, սակայն, ինչ-ինչ պատճառներով ավարտին չի հասցվել:

«Ամուսնանալուց հետո գնացել էինք Հոկտեմբերյան: Այնտեղ էինք, երբ մի օր ինձ զանգեցին, ասացին՝ բնակարանների համար եկել են, 5 րոպեի ընթացքում ներկայացի, որ ստորագրես, այդ տունը ստանաս: Բնականաբար, չէի հասցնի 5 րոպեում Հոկտեմբերյանից հասնել Վանաձոր: Հետո իմացա, որ ինձ հասանելիք տունը ուրիշին են տվել: Ասացին՝ քեզ էլ հաջորդ անգամ կտանք»,- այսպես է ներկայացնում առաջին անգամ բնակարան չստանալու փաստը Հայկանուշը:

Դա 2008թ.-ին էր: Զրուցակցիս հավաստմամբ՝ իր մասին երկրորդ անգամ հիշել են 2014թ.-ին, սակայն այս անգամ էլ այլ խանգարող հանգամանքներ են ի հայտ եկել:

«Անցած տարի սոցիալականից ինձ զանգեցին, ասացին՝ բնակարան հատկացնելու համար նամակ է եկել, արի: Գնացի: Թուղթ տվեցին, որ ինձ որպես շահառու բնակարան է հասնում Սպիտակում: Հասցեն տվեցին, ասացին գնա տունը նայի ու   մեկ-երկու օրվա մեջ պատասխան տուր:  Գնացի, նայեցի, եկա, ասեցի, որ համաձայն եմ, ուզում եմ:  Դա 2014թ.-ի կեսերին էր: Մի քանի օր հետո նորից կանչեցին,  հարցրին՝ որևէ տեղ սեփականություն ունե՞ս, պատասխանեցի՝ ոչ: Ասացին, որ հարցում են արել ու պարզվել է, որ իմ անունով բնակարան կա Արջուտ համայնքի 7-բ հասցեում: Ամեն ինչ այդտեղից սկսվեց»,- պատմում է Հայկանուշը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստարաբաժանման ղեկավարի գրությունը, ղեկավարվելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական աջակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 01.08.2013 թվականի 894-Ն որոշումամբ, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի պետ Կ. Գրիգորյանը 2014թ.-ի դեկտեմբերի 2-ին  ստորագրել է հետևյալ որոշումը.

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող, ՀՀ մանկական խնամակալական կազմակերպության շրջանավարտ Հայկանուշ Անտոնյանին մերժել ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Վարպետաց» թաղամասում կացարանի տրամադրումը, նրա անունով Լոռու մարզի Արջուտ համայնքի 7բ հասցեում անշարժ գույքի նկատմամբ համատեղ սեփականություն գրանցված լինելու պատճառով»:

Ավելի ուշ պարզվել է, որ նշված հասցեի սեփականատեր լինելով` Հայկանուշի մայրը այն 2003թ.-ին վաճառել է, ինչի հետ կապված, սակայն, կողմերի միջև առքուվաճառքի պայմանագիր չի կնքվել և գնորդը չի կատարել սեփականության գրանցում:

«Մեծ քրոջս հարցրի, թե այդ ի՞նչ տան մասին է խոսքը: Ասեց, որ դա առաջ մեր տունն է եղել, որը մայրս դեռ 2003թ.-ին ծախել է: Գնացի այդ տուն, մի կին էր ապրում երեխայի հետ: Բացատրեցի, որ նման խնդիր կա, խնդրեցի որ ինձ որևէ փաստաթուղթ տա, որով կկարողանամ ապացուցել, որ դա իր տունն է և ես այդտեղ սեփականության ոչ մի իրավունք չունեմ: Այդ կինն ինձ տվեց մորս կողմից նոտարական գրասենյակում տրված հայտարարությունը,- պատմում է Հայկանուշը,-դիմեցի տարբեր տեղեր, խորհուրդ տվեցին այդ տանը բնակվող կնոջը բացատրեմ, որ իր սեփականության փաստը գրանցի կադաստրում, որպեսզի ես փաստաթղթերում չերևամ որպես համասեփականատեր: Այդ կինը, սակայն, հրաժարվում է դա անել, ասելով, որ ֆինանսական հնարավորություն չունի»:

2003թ.-ի նոյեմբերի 11-ին Վանաձորի տարածքային նոտարական գրասենյակում տրված ու նոտարի կողմից հաստատված հայտարարության մեջ Հայկանուշի մայրը՝ Լիլիթ Մկրտչյանը վստահեցրել է, որ Արջուտ համայնքի 7բ հասցեում գտնվող իր վաճառած բնակարանի դիմաց քաղաքացի Արմինե Դոդոռյանից ստացել է 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ու ոչ մի պարտք ու պահանջ չունի նրանից:

Բնակարանը վաճառված լինելու փաստը 2015թ.-ի հունվարի 29-ին հաստատել է նաև Արջուտ համայնքի ղեկավար Վ. Շ. Մկրտչյանը: Նրա կողմից տրված տեղեկանքում մասնավորպես ասված է.

«Տրվում է առ այն, որ հանգուցյալ Լալա Մկրտչյանը 2003թ.-ին Արջուտ համայնքում գտնվող իր սեփական քոթեջը վաճառել է Արմինե Դավթի Դոդոռյանին: Վերջինս նշված թվականից մինչ օրս ընտանիքով բնակվում և փաստացի տնօրինում է քոթեջը, սակայն պետական գրանցման փաստաթղթային ձևակերպումներ չեն արվել նախկին սեփականատիրոջ՝ Լ. Մկրտչյանի մահվան կամ հետագա ժառանգության բացակայության պատճառով»:

Ի դեպ` Լ. Մկրտչյանը մահացել է դեռ 2008թ.-ին: Արջուտի համայնքապետի տեղեկանքը կցելով իր դիմում-խնդրանքին, Հայկանուշը դիմել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ առաջին տիկին Ռ. Սարգսյանին, «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդաշարին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանին:

Դիմումի մեջ խնդրել է որպես մանկատան սան հնարավորություն տալ պետական աջակցությամբ բնակարան ստանալ:

«Երեխան, այն էլ մանկատան սանը, պարտավոր չէ պատասխան տալ ծնողի արածների համար, առավել ևս, որ բացի զրկանքներ ու ցավ ստանալուց, ոչինչ չի ստացել այդ ծնողից: Այսօր նման ծնողի վարքագծի պատճառով ես զրկվում եմ որպես մանկատան սան՝ պետության աջակցությամբ բնակարան ստանալու իմ իրավունքից այն պատճառով, որ մորս անվամբ կա սեփական քոթեջ, որը վաճառված է եղել դեռ իմ անչափահաս տարիքում»,- գրել է Հայկանուշը:

Մարտի 10-ին ՀՀ առաջին տիկնոջ օգնական Վ. Ոսկանյանը ի պատասխան դիմումի, տեղեկացրել է. «Ձեր հարցի լուծումը ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի իրավասություններից դուրս է: Խնդրում եմ դիմել ՀՀ նախագահին»:

ՀՀ նախագահին ուղղված նամակը վերահասցեագրվել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից ստացվել է ընտանիքի, կանանց ու երեխաների հիմնահարցերի վարչության պետի ժ/պ Գ. Գյունաշյանի անվամբ մակագրված պատասխանը:

Ներկայացնելով մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովման կարգը` պաշտոնյան ևս մեկ անգամ փաստել է. «Ձեզ կացարան չի տրամադրվել, քանի որ… համատեղ սեփականության գրանցում կա Ձեր անունով»:

Գրեթե միաժամանակ ստացվել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանի պատասխանը՝ բողոքը քննարկման ընդունելու մասին: Նկատի ունենալով, որ բողոքը համապատասախանում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին, Կ. Անդրեասյանը որոշում է կայացրել բողոքն ընդունել քննարկման, դրա ուսումնասիրումը հանձնարարվել է Վ. Միքայելյանին:

«Ոչ մեկը նորմալ պատասխան չի տալիս, բոլորն ասում են դա ինձ չի վերաբերվում, դա մեր խնդիրը չի»,- ասում է Հայկանուշը:

Չնայած առկա խնդիրներին, նա հույսը չի կտրում: Պատրաստ է դիմել նաև դատական ատյաններին, որպեսզի բնակարանային խնդիրը վերջապես հանգուցալուծում ունենա, որպեսզի 6-ամյա դուստրը չանցնի այն բոլոր դժվարությունների միջով, որով ինքն է անցել:

Ասում է. «Ամեն բան անում եմ, որ երեխես ոչ մի բանից հետ չմնա: Գնում եմ, մարդկանց տներն էլ եմ մաքրում, այգիներում էլ եմ աշխատում: Ես ծնող չեմ ունեցել, չեմ զգացել ծնողական ջերմություն, չեմ իմացել, թե ինչ ա նոր շոր հագնելը, տեղ գնալը, ու հիմա չեմ թողնի, որ իմ երեխան էլ նման բաներ զգա:  Եթե ես մեծացել եմ անտեր, սրա նրա խնամքի տակ, սրա նրա ձեռքին նայելով,  չեմ թողնի, որ իմ երեխան էլ նույն ճակատագրով մեծանա: Հանուն  իմ երեխու ես ամեն ինչի պատրաստ եմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter