Սերգեյ Կապինոսն ավարտում է առաքելությունը Հայաստանում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Կապինոսին՝ պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ գործունեության և փոխգործակցության համար: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի տարբեր ոլորտներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրականացրած ծրագրերը, որոնք, նրա խոսքով, էական աջակցություն են ՀՀ կառավարության ծրագրերին և նպաստում են երկրում բարեփոխումների ընթացքին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Հայաստանում իր գործունեությանն աջակցելու և պետական կառավարման համակարգի, բնապահպանության, կրթության, ոստիկանության, պաշտպանության ու մի շարք այլ ոլորտներում ծրագրեր իրականացնելու և բարեփոխումներն առաջ մղելու գործում քաղաքական կամք դրսևորելու համար:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանը Սերգեյ Կապինոսին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով՝ Հայաստանում ԵԱՀԿ սկզբունքներն ու արժեքները տարածելու և ամրապնդելու գործին ակտիվ մասնակցելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել