HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայի պետհամալսարանի Երևանի մասնաճյուղ կընդունվեն երկու քննությամբ

ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի պրոռեկտոր Դմիտրի Գևորգիևսկու գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին` Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Ալեքսեյ Պոլոսինը, ՄՊՀ-ի գլխավոր ինժեներ Վիկտոր Պոպսուևը և ծրագրի հիմնական ներդրող Ռոբերտ Տոնեյանը: Արմեն Աշոտյանը գոհունակություն է հայտնել, որ ԿԳ նախարարի և ՄՊՀ-ի ռեկտորի միջև Մոսկվայում փետրվարին կնքված համաձայնագրի կնքումից կարճ ժամկետ անց նախագիծը կյանքի է կոչվում: 

«Իհարկե, մասնաճյուղն առաջին հերթին կրթահետազոտական նախագիծ է, բայց այն միաժամանակ ունի քաղաքակրթական կարևորություն, որովհետև հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը միշտ կարիք ունի նոր դրսևորումների` ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,- նշել է նախարարը: 

ՄՊՀ-ի պրոռեկտոր Դմիտրի Գևորգիևսկին նախարարին է հանձնել բուհի ռեկտոր Վիկտոր Սադովնիչևի ուղերձը, որում վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` մասնաճյուղի հիմնադրման  աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար` ընդգծելով, որ մասնաճյուղը կնպաստի սերտ և փոխադարձ գործընկերային հարաբերությունների զարգացմանը և կամրապնդի գիտակրթական և մշակութային կապերը երկու երկրների միջև:

ՄՊՀ-ի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Պոլոսինն իր հերթին հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի ՀՀ կրթության ոլորտում մրցակցության բարձրացանը, հետևաբար` կրթության որակի աճին: Նա համոզմունք է հայտնել, որ հայ երիտասարդները մասնաճյուղում կստանան որակյալ համալսարանական կթրություն` մոսկովյան բուհի չափանիշներով:

Ալեքսեյ Պոլոսինը տեղեկացրել է նաև, որ ընդունող հանձնաժողովը կազմված կլինի Մոսկվայի պետհամալսարանի դասախոսներից, ովքեր ընդունելությունը կանցկացնեն երկու առարկաների գծով` ռուսաց լեզու և մասնագիտական քննություն: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բուհին լիցենզիայի տրամադրման, մասնագիտությունների, ընդունելության կարգի, դասախոսական կազմի ընտրության, պետպատվեր տեղերի տրամադրման  և այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter