
Ինչո՞ւ Հայաստանից առաքվող դասագրքերը չեն հասնում Ջավախք
Վրաստանի կրթության և գիտության նախարարության աշխատակիցներին են տրամադրվել Ջավախք առաքման համար նախատեսված բոլոր նյութերը, ուսումնամեթոդական գրականությունից մեկական օրինակ՝ ուսումնասիրելու նրանց համապատասխանությունը Վրաստանի կրթական ծրագրերին: Մոտ ժամանակներս Վրաստանի ԿԳՆ-ից նյութերի վերջնական ցանկի վերաբերյալ համաձայնություն ստանալուց հետո դրանք կառաքվեն Թբիլիսի: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
Հիշեցնենք՝ Ջավախքի հայկական դպրոցի ուսուցիչներն ահազանգել էին, որ 2014-2015թթ. ուսումնական տարվա համար Հայաստանից գրքեր չեն ստացել: Լրատվամիջոցներն էլ հայտնել էին, որ վրացական կողմն այդ գրքերը թույլ չի տվել Վրաստանի սահմանն անցկացնել:
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն է պատրաստում, տպագրում և առաքում Վրաստանում գործող հայկական դպրոցների դասագրքերը: Այդ դասագրքերը հիմնականում երկլեզու են՝ հայերեն և վրացերեն:
Ինչ վերաբերում է Հայաստանից առաքվող նյութերին, փոխնախարարը հայտել է, որ համաձայն ՀՀ ԿԳՆ և Վրաստանի ԿԳՆ միջև կնքված հուշագրի 6-րդ կետի՝ այն է՝ աջակցել Վրաստանի հայալեզու դպրոցներին հայերեն լեզվով կրթական նյութերով ապահովման և նրանց կրթական կարիքների բավարարման համար՝ ըստ Վրաստանի օրենսդրության, Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ սփյուռքի նախարարությանն է փոխանցել Վրաստանի հայկական դպրոցների համար կազմված ուսումնամեթոդական նյութերի և մի շարք դասագրքերի պահանջագրերը: Նախարարությունում քննարկվել են ստացված հայտերը և նախատեսվել յուրաքանչյուր դպրոցին մոտավորապես 40 գիրք ու նյութ:
Ըստ Վրաստանում գործող կարգի՝ դասագրքերը կարող են տրամադրվել դպրոցներին և օգտագործվել որպես լրացուցիչ կրթական ռեսուրս միայն Վրաստանի ԿԳՆ թույլտվությամբ: Նախարարությունը դիմել է ՀՀ դեսպանությանը, որպեսզի ապահովվի գրքերի տեղափոխումը՝ սահմանված կարգով՝ թույլտվություն ստանալուց հետո:
«Հարցի լուծման նպատակով նաև ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը եղել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում: Նախարարության պատասխանատու աշխատակիցների հետ քննարկվել են նոր հուշագրի կնքման, ուսումնաօժանդակ նյութերի առաքման առնչվող բոլոր հարցերը: Ձեռք է բերվել համաձայնություն դրանց առաքման տեխնիկական բոլոր խնդիրների և ընթացակարգերի շուրջ»,-հայտնել է Սերժ Սրապիոնյանը:
Ըստ փոխնախարարի՝ տեղեկատվությունը, որ Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցներն արգելել են անցկացնել Հայաստանից առաքվող խմբաքանակը, իրականությանը չի համապատասխանում: Սակայն Սերժ Սրապիոնյանը չի մանրամասնել, թե ինչու, ուրեմն, 2014-2015թթ. ուսումնական տարվա գրքերը մինչ օրս՝ 2015թ. ապրիլի 16-ը չեն հասել Ջավախք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել