Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրախորհրդարանը այսօր բանաձև ընդունեց, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:Ապրիլի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած նստաշրջանում Եվրոպական խորհրդարանն ընդունեց բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Եվրախորհրդարանը ընդունած բանաձևով նշում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձևում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի, և դատապարտում է դրա ժխտումը։
28 անդամ պետություն և շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշում է որպես ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների ժխտման փորձերը, հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև եվրոպական համերաշխության և արդարության ոգուն համապատասխան միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին:
Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել