Ճանաչում՝ չճանաչելով. եվրոպական ստանդարտների «հմայքը»
1987թ. Եվրախորհրդարանն ընդունել էր Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Եվ չնայած դրան՝ ապրիլի 15-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Եվրախորհրդարանը նույն խնդիրը հետապնդող նոր բանաձև ընդունեց, որի նշանակությունը, սակայն, դատելով նախնական արձագանքներից, առանձնապես չի կարևորվում: Ըստ ամենայնի, պատճառն այն է, որ երկրորդ բանաձևն ավելի շատ մնում է առաջինի ստվերում, ընկալվում որպես դրա վերահաստատում: Մինչդեռ այս բանաձևն իրականում շատ ավելի լուրջ քարոզչական, քաղաքական և իրավական նշանակություն ունի, քան թվում է առաջին հայացքից:
Քարոզչական նշանակությունը
Նախ՝ այս բանաձևով առաջարկվում է սահմանել ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր, որի խորհուրդը բոլոր մարդկանց եւ ազգությունների՝ խաղաղության եւ արժանապատվության իրավունքն աշխարհին հիշեցնելն է: Այն փաստը, որ հիշատակման միջազգային օր սահմանելու առաջարկն արվում է Հայոց Ցեղասպանության ճանաչմանն առնչվող բանաձևի շրջանակում, թույլ է տալիս ենթադրել, որ նկատի է առնվում հենց ապրիլի 24-ը: Ենթադրելի է, որ եթե այդ առաջարկն ընդունվի, ապա ապրիլի 24-ը կհիշատակվի ոչ միայն լոկալ հայկական շրջանակների կողմից, այլև արդեն՝ առնվազն ողջ Եվրոպայի:
Սա քարոզչական-հոգեբանական երկու նշանակություն ունի: Նախ՝ ցեղասպանությունը, որպես մերժելի և դատապարտելի երևույթ, առարկայացվում է հենց Հայոց Ցեղասպանությամբ: Խոսելով ցեղասպանության երևույթի մասին՝ մարդիկ առաջինը նկատի են ունենալու հենց Հայոց Ցեղասպանությունը: Սա ինքնին հպարտանալու առիթ չէ: Նույնիսկ՝ հակառակը: Որովհետև նախ՝ ցեղասպանված լինելն ինքնին առնվազն պատվաբեր չէ: Երկրորդ՝ ինչ-որ իմաստով ցեղասպանությունը դրա արդյունքում դառնում է, որքան էլ կոպիտ հնչի, հայկականության յուրօրինակ «բրենդ», հոմանիշ կամ ածական: Սակայն, մյուս կողմից, հիշատակման օր սահմանելը և հետագայում նշելը բարձրացնում է մարդկանց իրազեկվածության մակարդակը հայ ժողովրդի և նրան պատուհասած արհավիրքի մասին, ինչ-որ իմաստով՝ նաև անվտանգության երաշխիքներ ստեղծում: Երկրորդ՝ եթե դա տեղի ունենա, ապա ոչ միայն հարյուրերոդ տարելիցը, այլև հետագայում յուրաքանչյուր տարվա այդ օրը վերածվելու է Թուրքիայի համար մղձավանջի՝ ավելի ու ավելի մեծացնելով ճնշումը՝ փաստը վերջապես ընդունելու և սեփական պատմության հետ առերեսվելու համար:
Քաղաքական նշանակությունը
Բանաձևում հատուկ ընդգծվում է. «...խիստ կարեւոր է վառ պահել անցյալի մասին հիշողությունները, քանի որ չի կարող որեւէ հաշտեցում լինել` առանց ճշմարտության եւ հիշողության»: Այս գաղափարն ամբողջությամբ հակադրվում է Հայաստանի հետ հաշտեցման թուրքական պատկերացումներին, որոնք արտացոլված են 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում: Թուրքիան պնդում է տեղի ունեցածը՝ անկախ մասշտաբներից, անկախ նրանից՝ ինչ որակում է այն ստանում, թողնել անցյալում, որպես պատմական վիճելի իրողություն և հայ-թուրքական հարաբերությունները սկսել նոր էջից, որն իրականում նոր էջ է՝ թուրքական նախապայմաններով: Ահա թե ինչու է Անկարան համառորեն առաջ քաշում ու փորձում հայկական կողմի վզին փաթաթել այսպես կոչված 20-րդ դարասկզբին կատարվածը պատմաբանների համատեղ հանձնաժողովի կողմից (թերևս հավերժորեն) ուսումնասիրելու գաղափարը:
Սա կատավածը որպես Ցեղասպանություն ճանաչելուց դիվանագիտորեն խուսափելու միջոց է: Եվ երբ բանաձևի մակարդակով Եվրախորհրդարանը շեշտում է, որ առանց ճշմարտությունն ընդունելու և հիշելու հնարավոր չէ հաշտեցում, մի կողմից բացահայտում է թուրքական այս քաղաքականության սնանկությունը և պրիմիտիվությունը, մյուս կողմից՝ արդարացնում ճանաչմանը և զղջմանը զուգահեռ հաշտեցման գնալու հայկական կողմի մոտեցումը: Մանավանդ, որ այդ պահանջը ոչ Սփյուռքը և ոչ էլ Հայաստանը չեն առաջադրում որպես Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու նախապայման:
Եվ հենց այդ հանգամանքն է դրդում Եվրախորհրդարանին այս բանաձևում շեշտադրելու ցյուրիխյան արձանագրությունների վավերացման անհրաժեշտությունը, որն իրականում ստեղծված իրավիճակից ելքի առաջարկ է Թուրքիային: Այստեղ, իհարկե, որոշակի թակարդներ կան նաև հայկական կողմի համար՝ հաշվի առնելով այդ արձանագրությունների հետևանքների ոչ միանշանակությունը թե՛ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերը լեգիտիացնելու և թե՛ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վտանգների իմաստով: Բայց այդ թակարդները ոչ թե Եվրախորհրդարանն է հյուսել Հայաստանի համար, այլ Հայաստանն ինքը՝ դրանց տակ դնելով իր ստորագրությունը: Եվրոպական այս կառույցն ընդամենը օգտվում է առիթից:
Իրավական նշանակությունը
Բանաձևի ընդունման հիմք է դարձվում ոչ միայն 1987թ. հունիսի 18-ին Հայկական հարցի քաղաքական լուծման մասին իր ընդունած բանաձեւը, այլ նաև 1948թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»-ն: Սա այլ բան չէ, քան Հայոց Ցեղասպանությանն իրավական գնահատական տալուն ուղղված ակտ: Այդ իրողությունը փաստվում է բանաձևի երկրորդ կետում, որտեղ բառացիորեն գրված է հետևյալը. «...Վկայակոչում է 1987թ. հունիսի 18-ի բանաձեւը, որով Եվրախորհրդարանը մասնավորապես ճանաչել է, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանված է 1948թ. ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ պատժելու կոնվենցիայում, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանության բոլոր դեպքերը եւ վճռականորեն դատապարտում է դրանք ժխտելու ցանկացած փորձ»: Այլ կերպ ասած՝ Հայոց Ցեղասպանությունը զուտ բարոյական, հումանիստական, էմոցիոնալ ընկալումների տիրույթից դուրս է բերվում և դրվում իրավական հենքի վրա՝ որպես հանցակազմ կամ միգուցե արդեն որպես դատավճիռ Օսմանյան Թուրքիայի և նրա իրավահաջորդը հանդիսացող Թուրքիայի ներկայիս հանրապետության նկատմամբ: Սա ոչ միայն պատժի, այլև պահանջատիրության համար է իրավական նախադրյալներ ստեղծում՝ չնայած այն հանգամանքին, որ, մեծ հաշվով, ո՛չ պատժի, ո՛չ էլ պահանջատիրության ձևի ու միջոցների հարցում պահանջատեր կողմը կոնկրետ պատկերացում դեռևս չունի ու անցած 100 տարիներին այդպես էլ չի կարողացել դրանք հստակ ձևակերպել:
Չնայած վերոնշյալ ուղղություններով իր այս նշանակությանը, բանաձևի ընդունումն, իրականում, մատնում է եվրոպական հանրույթի կողմից համամարդկային արժեքները գնահատելու հարցում երկակի ստանդարտների ցուցաբերման իրողությունը: Իսկապես, դառը զավեշտ է թվում, որ 28 երկիր միավորող եվրոպական կառույցն ընդունում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող, իրերն իրենց անունով կոչող և նման բազմակի նշանակություն ունեցող բանաձև, բայց այդ երկրների բացարձակ մեծամասնությունն առանձին վերցրած չի շտապում ճանաչել նույն Ցեղասպանությունը: Հարց է առաջանում՝ այդ պատվիրակները, որոնք Եվրախորհրդարան են գործուղվել ազգային խորհրդարանների կողմից և կողմ քվեարկել այս բանաձևին, ի վերջո, իրենք իրե՞նց են ներկայացնում, թե՞ նաև իրենց երկրները և նրանց քաղաքականությունն ու հետաքրքրությունները: Եվ սա է, որ ոչ միայն այս, այլև ընդհանրապես նմանատիպ բովանդակային լուրջ արժեք ունեցող փաստաթղթերը զրկում է լուրջ, գործնական նշանակությունից: Որովհետև ստացվում է, որ չնայած Եվրոպան հեղինակավոր կազմակերպության մակարդակով ընդունում է պատմական ճշմարտությունը, բայց իրականում չի ընդունում կամ այնքան էլ չի ընդունում:
Այս երկակիությունը ստիպում է մտածել, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն այս բանաձևի ընդունման ոչ թե պատճառն է, այլ ընդամենը առիթը: Իսկ իրական պատճառները որքան առարկայական են, նույնքան էլ՝ զուտ բարոյականի, հումանիստականի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գաղափարի հետ առանձնապես կապ չունեցող: Արևմուտքն այսօր փաստացի կորցնում է Թուրքիային՝ իբրև ստրատեգիական, բայց կառավարելի գործընկերոջ: ԵՄ-ին անդամակցելու հայտը Թուրքիան ներկայացրել է հեռավոր 1987թ., և բանակցությունների ավարտը դեռ չի նշմարվում: Անկարան ոչ միայն հոգնել է սպասելուց, այլև ներկայիս նախագահ Էրդողանի օսմանականության ամբիցիաների թևերին այսօր հայացքն ուղղել է դեպի Արևելք՝ փորձելով իր հեգեմոնիան հաստատել ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև հարավկովկասյան, միջինասիական թյուրքական երկրների շրջանում: Եվ այդ խնդիրը լուծելու համար Թուրքիան ոչ միայն դարձել է Ռուսաստանի ոչ ֆորմալ դաշնակիցը, այլև գրեթե անթաքույց օժանդակում է այսպես կոչված «Իսլամական պետության» զինյալներին՝ դառնալով նրանց կողմից իրականացվող ահաբեկչությունների, քրիստոնյաների ու եզդիների ցեղասպանության, մշակութային վանդալիզմի հովանավորը:
Եվրոպան հասկանում է, որ կորցնում է վերահսկողությունը Թուրքիայի նկատմամբ, որն, ի դեպ, ձգտում է դառնալ հին աշխարհամասին էներգակիրների մատակարարման ամենաառանցքային տրանզիտ երկիրը: Դա ստիպում է գտնել նրան զսպաշապիկ հագցնելու, նրա նկատմամբ ազդեցության լծակները վերականգնելու նոր միջոցներ: Եվ Հայոց Ցեղասպանության բանաձևն այդ մեխանիզմներից մեկն է համարվում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել