HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ենք այստեղ՝ ամեն ուրբաթ ու զրուցում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Գիտեմ, որ իմ նամակ-հրապարակումները «Հետքում» տեղադրվում են ամեն ուրբաթ: Այդ օրերին ես գալիս եմ երկխոսելու Ձեզ հետ: Մի վիճակ, որն ինձ անհրաժեշտ է թթվածնի պես: Առաջին գիրքս, որ անվանել էի «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ», այդպես էլ ընկալվեց՝ որպես զրույց մարդկանց հետ: Մեր երկխոսությունը սկսվեց ու շարունակվում է մինչ օրս: Այս ընթացքում հասցրել ենք ընկերանալ՝ երբևէ միմյանց տեսած չլինելով: 

Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ, որը 100 կողպեքի տակ փակված է, բայց 100-ավոր թելերով կապված է զուգահեռ աշխարհում ապրողների հետ: Իմ օրինակով ցույց եմ տալիս, որ եթե կա շփման ցանկություն, ապա կարելի է անգամ զուգահեռ աշխարհներում ապրելով՝ երկխոսել, օգտակար լինել: Կախարդական է թվում՝ գրի միջոցով, մտքեր փոխանակելով մեր շփումը դառնում է շոշափելի: Դրա մասին են վկայում փաստերը՝ ստանում եմ նամակներ Ողջերի աշխարհից, մարդիկ ինձ իրենց զորակցությունն են հայտնում: Շոյված եմ զգում, երբ մեր քաղաքացիներից, իմ ընթերցողներից, արվեստագետներից, բանաստեղծներից, գրողներից իրենց հեղինակած գրքերն եմ նվեր ստանում: Իսկ ամենահուզիչն այն է, որ մարդիկ աղոթում են բանտվածների համար:

Հիմա գրում եմ ու լսում կախարդող ձայնով Աննա Մայիլյանի կոմիտասյան կատարումները: Մի քիչ ուզում եմ քայլել խցում, վայելել երգերը. գնում եմ 4 մետր, հետո պտտվում՝ դարձյալ քայլում 4 մետր: Ու այդպես մի քանի անգամ:

Կորցրել եմ հաշիվը, թե քանի գիրք եք նվիրել ինձ

Մարդիկ գիտեն իմ վերաբերմունքը գրքերի հանդեպ, գիտեն, որ գրքերը օգնել են ինձ գոյատևել մահապատժի դատապարտվածների խցում: Գրքերն են, որ միտքս սթափ են պահել, թույլ չեն տվել խելագարվել: Ու հիմա Դուք ինձ նվիրում եք գրքեր, շատ գրքեր, ինչի համար կրկին ու կրկին ասում եմ՝ Շնորհակալություն:

Խնդրանք եմ ստացել Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Յակով Զարգարյանից: Նա, կարդալով գրքերս, որոշել է Սողոմոն Քոչարյանին ու ինձ իր հեղինակած գրքերից ուղարկել: Իմ գրքերում տեսնելով գրաֆիկներս՝ ուղարկել է նաև մի փայտե ձու, որպեսզի նկարազարդեմ ու նվիրեմ ձվերի իր հավաքածու-թանգարանին:

                                                                                                       

Ինձ համար բացահայտում էր, որ Յակով Զարգարյանն ունի աշխարհի տարբեր ծայրերում ապրող ճանաչված մարդկանց ձեռքով նկարազարդած ձվերի հավաքածու: Հպարտությունից շվարած՝ նայում եմ փայտե ձվին, պատկերացնում, թե ինչ եմ ուզում նկարել: Ահա, թե ինչ է ստացվել.

Իմ նկարում կյանքն է Ազատության մեջ՝ ծով, սիրած կին, թունել, որի վերջում լույսն է, բնություն, առատ լույս ու իմ սիրած գրությունը՝ դեպի ցմահ ազատություն:     

Մի քանի ամիս առաջ էլ նվեր ստացա բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանից.  վերջերս լույս տեսած իր գիրքն է՝ «Տարիների  միջով», որտեղ տեղ են գտել հեղինակի  հարցազրույցները, հոդվածները, այդ թվում՝ «Ձեռնոց ճակատագրին» հոդվածը, որտեղ Լևոն Բլբուլյանը կարծիք է հայտնել իմ առաջին գրքի մասին: Հուզիչ էր, երբ գրքի առաջին էջին կարդացի «Իմ կրտսեր գրչեղբորը`Մհեր Ենոքյան շնորհալի արձակագրին…» տողերը:

Վերջերս ինձ նվեր է ուղարկել նաև գրող, լրագրող, «Ինքնագիր» գրական ակումբի հիմնադիր Վահան Իշխանյանը: «Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշեցիները» վերնագրով նրա գիրքը մեծ հետաքրքրությամբ կարդում եմ, ու նոր գաղափարներ են  ծնվում… Զգում եմ, որ Վահանի հետ լավ ընկերներ կարող ենք լինել ազատության մեջ:

Լրագրողները բացեցին «երկաթե վարագույրը»

Եթե չլինեին լրագրողները, հանրությունը լիարժեք պատկերացում չէր կարող կազմել մեր երկրում դատական սխալների, բանտում հայտնված անմեղների, չափազանցված պատիժ կրողների, անարդարությունների մասին: Լրագրողներն են, որ այս 4 պատից դուրս են բերել մեր խոսքը, հասցրել հանրությանն ու իշխանությանը:

Արդեն 3-րդ տարին է՝ ֆրանսահայ լրագրող Սեդա Մավյանը Հայաստանում ցմահ բանտարկյալներին անակնկալ է անում: Զատկի օրվա կապակցությամբ նա մի քանի օր առաջ եկել էր «Նուբարաշեն» կլոր գերեզմանոց ու ցմահ դատապարտյալներին փոխանցել նվերներ:

Բացի այդ, նա իր մակագրությամբ գրքեր է նվիրել, այդ թվում «Նեմեսիս» գործողության մասին, որից էլ սկսեցի ընթերցանությունը`ավելի մանրամասն իմանալու համար մեր վրիժառուների մասին, ովքեր աշխարհով մեկ գտան և արդարացի պատասխանատվության կանչեցին Հայոց Ցեղասպանությունը ծրագրածներին:                                                              

Սեդա Մավյանի քայլը 19 տարիների ընթացքում բացառիկ երևույթ է, երբ նման, կարելի է ասել`ակցիան արվում է ոչ թե քրեական աշխարհի կողմից, այլ պարզապես քաղաքացու, լրագրողի կողմից ամեն մի դատապարտյալի: Նման մոտեցումը ցմահ բանտարկյալներին նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը, Մարդիկ հայտնում են իրենց դիրքորոշումը ոչ միայն մարդ-բանտարկյալի հանդեպ, այլ նաև որոշակի առումով Հայաստանի դատաիրավական համակարգի հանդեպ:                    

Սեդա Մավյանի հետ ծանոթանալու պատիվ ունեցա դեռ 5 տարի առաջ, երբ նա այցելել էր «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ ընթանում էր իմ գործով տասնյակ դատավարություններից վերջինը: Դարձյալ վանդակի մեջ էի, Սեդա Մավյանը մոտեցավ, և մենք զրույցի բռնվեցինք, որը կարծում եմ մինչ օրս շարունակվում է այս տեսքով… Աստծո կամքով, հուսով եմ`շուտով կհանդիպենք ազատության մեջ և զրույցը կշարունակենք սրճարանում նստած և փարիզյան սուրճ ըմպելով…                                                                                                                

Այս ամենը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող: Բայց ամենակարևորը՝ զգում եմ, որ հասարակությունն անտարբեր չէ անարդարության նկատմամբ: Մարդիկ գիտակցում են, որ անարդարությունը մեկի նկատմամբ վաղը, Աստված մի արասցե, կարող է նաև իրեն այցելել անազնիվ ոստիկանի կամ դատախազի ու դատավորի տեսքով: Ու սկսվում է համբերատար, աննահանջ պայքարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter