2011թ. գիտական աստիճանի վկայագիր է ստացել 454 հայցորդ
2011 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) գիտական աստիճանի վկայագիր է տվել 454 հայցորդի, որից 38-ը՝ գիտությունների դոկտորի, իսկ 416-ը՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանների: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասել է ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանը:
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գիտական աստճան ստացողների թիվը 12-ով նվազել է, ինչն, ըստ Արտուշ Ղուկասյանի, էական փոփոխություն չէ:
«Ըստ ճյուղերի՝ առաջատարը տնտեսագիտությունն է: Տասը ամսվա ընթացքում տնտեսագիտությունից պաշտպանվել է 85 թեկնածուական ատենախոսություն: Նույն ոլորտից, սակայն, ոչ մի դոկտորական աշխատանք չի ներկայացվել, ինչը մտահոգիչ ցուցանիշ է: Այս առումով արդյունավետ են ֆիզիկամաթեմատիկական բնագավառի ցուցանիշները. 60 որակավորման գործից տասը գիտությունների դոկտորի աստիճանի հայցման համար է եղել»,- ասել է Արտուշ Ղուկասյանը:
2011 թ. 10 ամսում շնորհվել է 259 գիտական կոչում, այդ թվում՝ 51 պրոֆեսորի և 208 դոցենտի: Նույն ժամանակահատվածում համապատասխանեցում է կատարվել օտարերկրյա պետություններում գիտական աստիճան ստացած 17 քաղաքացու, որից 15-ը՝ Ռուսաստանից, մեկը՝ Շվեդիայից, ևս մեկը՝ Լեհաստանից: Արտերկրում պաշտպանածների ցուցանիշը այս տարի նվազել է. 2010-ին այդ ցուցանիշը 26 է եղել:
Արտուշ Ղուկասյանը տեղեկացրել է, որ ԲՈՀ-ը բեկանել է 39 աշխատանք և ուղարկվել կրկնակի քննարկման: Դրանցից 4-ը եղել է դոկտորական, 35-ը՝ թեկնածուական աշխատանք:
«Բեկանվում են այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի այս կամ այն կետին: Նման աշխատանքները կարող են նորից ներկայացվել՝ թերություններն ու դիտողությունները շտկելուց հետո»,- պարզաբանելով նշել է ԲՈՀ-ի նախագահը:
Նա տեղեկացրել է, որ 2012 թ. հունվարից ԲՈՀ-ը կկիրառի գիտական հրատարակություններին ներկայացվող նոր խիստ և հստակ պահանջներ: «Գիտական պարբերականներն այսուհետև պետք է հրատարակվեն միայն գիտական կենտրոնների և կազմակերպությունների գիտական խորհուրդների որոշմամբ և երաշխավորությամբ: Սա կարևոր սահմանափակում է: Համոզված եմ, որ դրա արդյունքում գիտական պարբերականների թիվը որոշակիորեն կնվազի»,- նշել է Ա. Ղուկասյանը:
Նրա կարծիքով՝ ամենակարևոր ձեռքբերումը մասնագիտական խորհուրդների ինտերնետային կայքերի ստեղծումն է եղել, որտեղ զետեղվում են պաշտպանության հետ կապված բոլոր փաստաթղթերը և ատենախոսության սեղմագրերը, որով ապահովվում է լիարժեք հրապարակայնություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել