
Այսօր մեկնարկում են շախմատի աշխարհի թիմային առաջնությունները
Այսօր Ծաղկաձորում մեկնարկում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Այն թվով 10-րդն է: Աշխարհի թիմային առաջնություններ անց են կացվում 1985-ից: Մինչեւ 2011-ը առաջնությունները կազմակերպվում էին 4 տարին մեկ, իսկ արդեն 2011-ից` 2 տարին մեկ: Հայաստանում` Երեւանում, 2001-ին անցկացվել է աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը: Ընդ որում` մինչ այդ 4 անգամ մրցաշարը ընդունել էր շվեյցարական Լյուցեռն քաղաքը:
Անցած 9 առաջնություններում 4 անգամ հաղթել է Ռուսաստանի ընտրանին, 2 անգամ (1985 եւ 1989 թթ.)` ԽՍՀՄ թիմը, 1-ական անգամ աշխարհի չեմպիոն են դարձել Հայաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի հավաքականները: Հիշեցնենք, որ մեր ընտրանին 1997, 2001, 2005 թթ. առաջնությունների բրոնզե մեդալակիր է եւ 2011-ին չինական Նինբոյում անցկացված մրցաշարի հաղթող:
2013-ին չեմպիոն դարձավ Ռուսաստանի ընտրանին, երկրորդը Չինաստանն էր, երրորդը` Ուկրաինան:
Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն աշխարհի ու աշխարհամասերի չեմպիոնները, շախմատային օլիմպիադայի երեք մրցանակակիրները, տանտեր հավաքականը եւ ՖԻԴԵ-ի կողմից մեկ հրավիրված թիմ, ընդհանուր` 10 թիմ:
Այս տարվա ծաղկաձորյան մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Չինաստանի, Հունգարիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Կուբայի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի ընտրանիները: Եվրոպայի գործող չեմպիոն Ադրբեջանը հրաժարվել է Հայաստան ժամանելուց:
Հայաստանի հավաքականի կազմում, որը գլխավորում է Արշակ Պետրոսյանը, ընդգրկված են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (2770), Գաբրիել Սարգսյանը (2674), Սերգեյ Մովսեսյանը (2665), Վլադիմիր Հակոբյանը (2656), Հրանտ Մելքումյանը (2651): Մեր թիմի միջին վարկանիշը 2691 է: Սա 5-րդ ցուցանիշն է: Ամենաբարձր թիմային վարկանիշն ունի Ռուսաստանը` 2760, որի առաջատար Ալեքսանդր Գրիշչուկը մասնակիցների մեջ էլո-առաջատարն է` 2794 վարկանիշով: Ուկրաինան ունի 2719 միջին վարկանիշ, Չինաստանը` 2715, Հունգարիան` 2693:
Արդեն կատարվել է վիճակահանությունը. թիմերը ստացել են իրենց համարները: Հայաստանին բաժին է հասել 9 համարը: Այսօր մեկնարկում է առաջին տուրը. հանդես են գալիս հետեւյալ զույգերը` Եգիպտոս-Հնդկաստան, Իսրայել-Հայաստան, Ուկրաինա-Ռուսաստան, Կուբա-Հունգարիա, Չինաստան-ԱՄՆ:
Մրցաշարի վերջին տուրը կկայանա ամսի 28-ին:
Այսօր չինական Չենդու քաղաքում մեկնարկում է նաեւ կանանց աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում է Արթուր Չիբուխչյանի գլխավորած Հայաստանի ընտրանին: Թիմի կազմում են. Էլինա Դանիելյան (2488), Լիլիթ Մկրտչյան (2442), Մարիա Կուրսովա (2290), Լիլիթ Գալոյան (2277), Սուսաննա Գաբոյան (2175):
Մրցաշարին մասնակցում են նաեւ Լեհաստանի, Վրաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Չինաստանի հավաքականները:
Հիշեցնենք, որ կանանց թիմային առաջնությունն անցկացվում է 2007-ից` 2 տարին մեկ: 2007, 2009, 2011 թթ. չեմպիոն են դարձել չինուհիները, իսկ 2013-ին` ուկրաինուհիները:
Կանանց մրցաշարի վերջին տուրը նույնպես կկայանա ամսի 28-ին: Այսօր հայուհիները մրցում են չինուհիների հետ:
Մեկնաբանել