
Էկոնոմիկայի նախարարությունն անցյալ տարի 14 մլն դրամի ավիատոմս է գնել երկու ընկերություններից
Էկոնոմիկայի նախարարությունն անցյալ տարի պետական գնումների շրջանակներում ծառայությունների մատուցման եւ ապրանքների մատակարարման մի քանի տասնյակ պայմանագրեր է կնքել տարբեր ընկերությունների հետ՝ առանց հայտարարություն հրապարակելու, ասել է թե՝ առանց մրցույթի:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ բանակցային ընթացակարգով գնումներն առանց դրանց մասին հայտարարությունը նախապես հրապարակելու կարող են կազմակերպվել այն դեպքերում, երբ, մասնավորապես, գնման ենթակա ապրանքը հեղինակային իրավունքի օբյեկտ է, կամ ծագել է անհետաձգելի պահանջ, որի ժամանակ մրցույթ հայտարարելը ժամկետի առումով անհնար է՝ պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել: Այսինքն՝ առաջացել է շտապ գնում կատարելու անհրաժեշտություն, որն անկանխատեսելի էր մինչ այդ:
2014-ին էկոնոմիկայի նախարարությունն առանց մրցույթ հայտարարելու (այլ կերպ՝ մեկ անձից) կատարել է գլխավորապես ավիատոմսերի գնումներ: Մեկ տարում կառույցը 41 անգամ տարբեր քանակի ավիատոմսեր է ձեռք բերել: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 18,4 մլն դրամ: Տոմսերի ձեռքբերումը պայմանավորված է եղել արտասահմանյան գործուղումներով:
41 գնումներից 26-ը էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 2 ընկերություններից՝ «ՍՍ Թրեվլ» եւ «Լոկա» ՍՊԸ-ներից: Առաջինից ավիատոմսերի պետական գնում է կատարվել 14 անգամ՝ 8,6 մլն դրամ արժեքով, իսկ երկրորդից՝ 12 անգամ՝ 5,5 մլն դրամի: Այսինքն՝ մեկ տարում նշված ընկերություններից նախարարությունն ընդհանուր ավելի քան 14 մլն-ի տոմս է գնել, ինչն այդ տարում ԷՆ-ի ավիատոմսերի գնումների 76 տոկոսն է կազմել:
Բացի «ՍՍ Թրեվլ» եւ «Լոկա» ՍՊԸ-ներից՝ նախարարությանը 15 անգամ ավիատոմսեր են մատակարարել եւս 8 ընկերություններ, սակայն դրանց ընդհանուր արժեքը չի գերազանցել 4,5 մլն-ը:
Հատկանշական է, որ նախարարության աշխատկիցները 41-ից 29-ի դեպքում թռել են Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ: Մնացած դեպքերում նրանք ուղեւորվել են Մինսկ, Աստանա, Նիժնի Նովգորոդ, Սամարղանդ (Ուզբեկստան), Բրյուսել, Ժնեւ, Դենպասար (Բալի կղզի, Ինդոնեզիա):
Մեկնաբանել