
Հայաստանը պարտվում է ավելի ցածր վարկանիշով թիմերին. այսօր` Հայաստան- Չինաստան
Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականն անհաջող է հանդես գալիս: Երեկ մեր թիմը հերթական պարտությունը կրեց իրենից ավելի ցածր միջին վարկանիշ ունեցող Կուբայի թիմից: Հիշեցնենք, որ առաջին տուրում Արշակ Պետրոսյանի ընտրանին նման կերպ զիջեց նաեւ Իսրայելին, փոխարենը երկրորդ տուրում հաղթեց ավելի բարձր վարկանիշ ունեցող Ուկրաինայի հավաքականին:
Երեկ կայացած երրորդ տուրի մրցավեճում նախ պարտվեցին Գաբրիել Սարգսյանը (սպիտակներով) եւ Վլադիմիր Հակոբյանը (սեւերով): Այնուհետ չորրորդ տախտակի վրա Հրանտ Մելքումյանը պարտությունից փրկվելու հույս ներշնչեց` հաղթելով իր պարտիան: Սակայն առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց կուբացիների առաջատար Դոմինգեսի հետ, ինչից հետո գրանցվեց 2,5-1,5 հաշիվ` հօգուտ մրցակցի:
Մյուս պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Իսրայել-Հնդկաստան` 3,5-0,5, Ուկրաինա-Եգիպտոս` 4-0, Չինաստան-Ռուսաստան` 2-2, ԱՄՆ-Հունգարիա` 1,5-2,5:
3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Իսրայելն ու Կուբան, որոնք ունեն թիմային 5-ական միավոր: Իսրայելը առաջինն է անհատապես վաստակած միավորների շնորհիվ: Ուկրաինան, Չինաստանը, Հունգարիան վաստակել են 4-ական, Հնդկաստանը` 3, Հայաստանը` 2, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եգիպտոսը` 1-ական միավոր:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում Հայաստանը կխաղա Չինաստանի հետ: Կմրցեն հետեւյալ զույգերը` Արոնյան-Դինգ Լիրեն, Յու Յանգյի-Սարգսյան, Մովսեսյան-Բու Քսիանջի, Վեյ Յի-Մելքումյան: Մյուս մրցամարտերը` Հնդկաստան-Հունգարիա, Ռուսաստան-ԱՄՆ, Եգիպտոս-Կուբա, Իսրայել-Ուկրաինա:
Չինաստանում ընթացող կանանց աշխարհի առաջնությունում էլ մեր հավաքականը 3 տուրից հետո 3 միավորով ընթանում է 7-րդ տեղում: Առաջատարը 5 միավորով Վրաստանն է: Այսօր մեր թիմը կմրցի Լեհաստանի հետ: Մյուս զույգերը` Հնդկաստան-Ռուսաստան, Եգիպտոս-Չինաստան, Ղազախստան-Վրաստան, Ուկրաինա-ԱՄՆ:
Մեկնաբանել