
Սողոմոն Թեհլերյանի բրոնզաձույլ արձանը կանգնեցվեց Մարալիկում
Սողոմոն Թեհլերյանի արձանի տեղադրումը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում որոշվել էր դեռ ամիսներ առաջ: Դա ծնունդով մարալիկցի, Սանկտ Պետերբուրգում շուրջ 20 տարի բնակվող բարերար Յուրա Հովհաննիսյանի ցանկությունն էր, որ պիտի իրականություն դարձներ գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանը: Վերջինս մտահղացել էր Սողոմոն Թեհլերյանին պատկերել ատրճանակը ձեռքին, իսկ ոտքի տակ Թալիաթ փաշայի գլուխը: Այն պիտի սիմվոլիկ դիմակի տեսքով լիներ:
Քանդակագործի այդօրինակ որոշումը (Թալիաթի կտրված գլուխը վրիժառուի ոտքի տակ.-հեղ.) դուր չէր եկել Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանին, ով մտավախություն էր հայտնել, թե գուցե նման լուծումը հակասի մեր երկրի պետական քաղաքականությանը: Հարցի կարգավորման նպատակով Սանկտ Պետերբուրգից ծննդավայր էր հասել բարերարը: Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել էր արձանը ձուլել առանց Թալիաթի կտրված գլխի:
Սողոմոն Թեհլերյանի 4 մետրանոց բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր: Բացմանը մասնակցում էին քաղաքի բնակիչներ, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ: Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը նկատեց, որ Սողոմոն Թեհլերյանի արձանը մինչեւ այս պահը կանգնեցված է եղել երեք վայրերում՝ Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում եւ Երեւանում:
Մարալիկը կլինի 4-րդ բնակավայրը եւ մենք շատ հպարտ ենք, որ հենց մեր քաղաքում որոշվեց ունենալ հայ վրիժառուի արձանը»,-նկատեց քաղաքապետը:
«Իմ ցանկությունն է եղել, որ մեր ազգի հերոսի արձանը լինի հենց իմ ծննդավայրում: Տարբեր տեղեր ասենք կա Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին կամ դիմաքանդակը: Ես ուզեցի, որ անպայման արձանը լինի»,-նշեց բարերարը՝ Յուրա Հովհաննիսյանը:
Արձանի բացման պատիվը վերապահվեց բարերարի ընտանիքի անդամներին եւ Մարալիկի քաղաքապետին: Մարալիկի ավագանու կողմից Յուրա Հովհաննիսյանին շնորհվեց Մարալիկ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Շնորհակալագրով պարգեւատրվեց քանդակագործ Սամվել Պետրոսյանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն եւս անմասն չմնաց եւ պարգեւատրվեց քաղաքապետի մեդալով:
«Սողոմոն Թեհլերյան» հայրենասիրական հկ նախագահ Ռազմիկ Դարբինյանն, ով մասնակցում էր միջոցառմանը, Մարալիկի քաղաքապետին, բարերար Յուրա Հովհաննիսյանին եւ քանդակագործ Սամվել Պետրոսյանին նվիրեց Թեհլերյանի մասին պատմող երկհատորյակից մեկական օրինակ:
Քանդակագործ Սամվել Պետրոսյանը չցանկացավ անդրադառնալ արձանի կոմպոզիցիոն փոփոխություններին եւ իր նախնական մտահղացումը մեկ այլ տարբերակով փոխարինելուն:
«Ի վերջո կարեւոր չէ, թե գետնին ինչ ընկած կլինի,-նշեց քանդակագործը,-ես չէի ուզենա շատ խոսել իմ մասին, թող իմ փոխարեն խոսի իմ ստեղծագործությունը»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել