
Թե ինչպես հայտնվեցի Լեռ Կամսարի բանտախցում
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Ապրիլի 2-ից սկսել եմ ռուսերեն թարգմանել Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը»
Զբոսախուց գնալիս սովորություն ունեմ. երբեմն հետս գրքեր եմ վերցնում: Մարզվում եմ, քայլում պատից պատ, նայում ճաղապատ երկնքին, կարդում: Մի քանի օր առաջ զբոսանքի տարա Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը»: Չէի ուզում կարդալ մինչև վերջ, ուզում էի պահել ինտրիգը, որ շունչս պահած թարգմանեմ ռուսերեն: Իսկ այն ռուսերեն թարգմանելու մտադրությունն առաջացավ, երբ իմացա, որ Կամսարը երբևէ չի թարգմանվել: «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի միջոցով հեռակա ստացա Կամսարի թոռնուհի Վանուհի Թովմասյանի համաձայնությունը: Հավատացեք, մեծ պատիվ ու պարտավորվածություն է ինձ համար:
Նայում էի կազմին, փորձում հասկանալ վերնագրի իրական իմաստը`բանտիս օրագիրը: Չէ՞ որ հեղինակը կարող էր այլ կերպ վերնագրել, օրինակ` բանտի օրագիրս: Շրջում եմ կազմը՝ Լեռ Կամսարն է մինչև բռնադատումը և երեք տարի սովետական բանտում անցկացնելուց հետո: Ապշելու տարբերություն` երկու նկարների միջև… Ինչ-որ բան հանգիստ չէր տալիս: Առանց գիրքը բացելու՝ փորձում էի զգալ օրագրի էներգետիկան:
Մի կողմ դրեցի այն. նույնիսկ զգացի, որ չեմ ցանկանում կարդալ: Մի՛ զարմացեք, պարզապես անազատության մասին ցանկացած միտք ժամանակի ընթացքում անտանելի է դառնում: Լինելով անարդարացիորեն մահապատժի դատապարտված և արդեն 19 տարի գտնվելով բանտում՝ չեմ կորցրել ռոմանտիզմը, սակայն շատ-շատ հարցերում դարձել եմ ծայրաստիճան պրագմատիկ: Բայց զարմացա, երբ գիրքը դեռ չընթերցած՝ միստիկ զգացողություն առաջացրեց: Մտածեցի՝ ինչ կլիներ, եթե մի դիպվածով հայտնվեի Լեռ Կամսարի բանտախցում.
- Բարև, Լեռ, բարև, Արամ… անունս Մհեր է:
-Բարև… բայց ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ, բանտախցի դուռը չբացվեց, հո երա՞զ չեմ տեսնում...
- 21-րդ դարից եմ, ես էլ եմ բանտարկյալ, 19 տարի է բանտում եմ չկատարած հանցանքի համար: Գնացել էի զբոսախուց ու հանկարծ հայտնվեցի քո խցում: Հիմա 2015 թվականի ապրիլի 24-ն է,- ասում եմ ես:
- Այսինքն՝ Ցեղասպանությունից 100 տարի ա՞նց ... չեմ հավատում, իսկ մեր հողերը՞, իմ ծննդավայր Վանը՞, արդյո՞ք հետ ենք բերել:
Ամաչեցի, գլուխս կախեցի, ի՞նչ ասեի:
- Հասկացա, տղա՛ս, ոչ մի դաս պատմությունից չենք առել, - Կամսարը զարմացած նայեց երեսիս,- իսկ 21-րդ դարի Հայաստանում բռնադատվածներ էլի կա՞ն:
- Ցավոք, կա՛ն,-ասացի ես՝ փորձելով ցրել վատ մտքերը,- գիտե՞ս, ես բանտից գրում եմ, մեր հանդիպման մասին էլ կգրեմ, որ մարդիկ կարդան:
- Անհավանական բան ես ասում,- Կամսարը շվարած նայում է աչքերիս մեջ,- իսկ դասագրքերում իմ գործերը կա՞ն, երեխաները սովորու՞մ են ազատության իմ դասերը, սովորու՞մ եմ լինել ուժեղ մարդ-քաղաքացի:
- Դասագրքերում չեմ տեսել, ես էլ դպրոցում քո մասին չեմ իմացել, կուզեի վաղուցվա ծանոթներ լինեինք, շատ բան կսովորեի քեզնից: Հիմա մի քանի միտք գիտեմ քեզնից. «Ո՜վ ազատություն, թույլ տուր վռնդել քեզի իմ բոլոր զգայարաններով։ Պետք է մարդ մեզի չափ անազատ ըլլա՝ ազատության հարգն իմանալու համար։ Ո՜վ Սուրբ Ազատություն, թող անգամ մըն ալ ծնրադրեմ, բանտի ծանր երկաթապատ դռան ետև հավիտյանս անհետանալե առաջ...»։
- Ահագին շատ բան գիտես, տղա՛ս,- հուսադրեց Արամ Լեռ Կամսարն ինձ հայրաբար՝ ուշադիր նայելով ձեռքիս,- այդ ի՞նչ գիրք է:
- Քո գիրքն է`«Բանտիս օրագիրը», թոռնուհիդ`Վանուհին, քո բոլոր անտիպ գործերը տպագրում է: Տես`քո գրածն է. «Ստրկությունն անհրաժեշտ է նաև ազատությունն իր գաղափարի բոլոր սահմաններով երազելու համար: Մի երազ, որ ավելի փայլ է տալիս ազատությանը, քան իրականությունը»: Ես արդեն գիտեմ, հիմա զբոսախցից արագ կիջնեմ ու կսկսեմ «Բանտիս օրագիրը» ռուսերեն թարգմանել:
Մի քանի րոպե անց
Համակարգչի մոտ նստած՝ թարգմանում եմ «Բանտիս օրագիրը» առաջին էջերը՝ ինձ այնքան ծանոթ-անծանոթ մտքերը. «Որպեսզի մարդ հանկարծակիի չգա, պետք է ժամանակից գեթ մի ամիս առաջ ձերբակալվի, հոգեբանորեն ինքզինքը նախապես պատրաստի այդ ահեղ օրվա համար, կարոտն առնի իր կնոջից ու երեխաներից, աշխարհի հետ եղած կապերը մեկ-մեկ քանդի, վերջին անգամ փափուկ անկողնում պառկի, յուղի և մսի երես տեսնի, հաշտվի ոջիլի գոյության հետ, իսկ ամենից կարևորը` մեջքն ուղղի ու հանգստանա, որպեսզի ուժ ունենա այնուհետև, Աստված գիտի մինչև երբ, հյուսիսի անտառներում գերաններ կրել դեպի գետային նավահանգիստ և այն բեռնել նավը»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել