Կայացել է Թբիլիսիի Հայ եկեղեցասեր երիտասարդաց միության հերթական հավաքը
Թբիլիսիի Հայ եկեղեցասեր երիտասարդաց միության հերթական հավաքը, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 29-ին սկսվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ Հովհան Ոսկեբերանի հիշատակին նվիրված շաբաթօրյա ժամերգությամբ և վիրահայոց թեմի Առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի աղոթքով և օրհնության խոսքով, իր շարունակական ընթացքն ունեցավ Վիրահայոց թեմի Հայ առաքելական սուրբ եկեղեցուն կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում:
Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Թբիլիսիում գործող հայկական եկեղեցիների հոգևոր հայրերի և եկեղեցու սպասավորների մասնակցությամբ հանդիպումը բացելով, տեր Սամվել քահանա Թորոսյանը հայ երիտասարդներին կոչ արեց քրիստոնյա հավատքով համախմբվել Հայ առաքելական եկեղեցու շուրջը և նվիրվել ազգային արժեքների պահպանության, հայերենի տարածման վեհ և ազգապահպան գործին:
Դեռևս 2007 թվականից ցայսօր Մայր Աթոռ Սուրբ Եկեղեցու Եկեղեցասեր երիտասարդաց միության մասնաճյուղ հանդիսացող Թբիլիսիի Եկեղեցասեր երիտասարդաց միությունն իր բոլոր ձեռնարկումների և իրականացրած գործերի մատենագրությունը, տեսագրական հոլովակի տեսքով և հատուկ մեկնաբանություններով հավաքվածներին ներկայացրեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի վարիչ Լևոն Չիդիլյանը:
Ուրախալի է, որ հավաքվածների շրջանում էին Սամցխե-Ջավախքից Թբիլիսիի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մեր հայրենակիցները, որոնք Եկեղեցասեր երիտասարդաց միության գործունեությանը ընդգրկվելու պատրաստակամություն հայտնեցին:
Միաբանված լինելու, հավատքով գործելու և ազգային դիմագիծը պահպանելու կոչով ելույթ ունեցան Հայ եկեղեցասեր երիտասարդաց միության ակտիվ անդամներ Ինեսա Սարուխանյանը, Լալա Գևորգյանը և Գիորգի Բաբախանովը:
Հանդիպման բոլոր մասնակիցները հաստատեցին իրենց պատրաստակամությունն այսուհետ ևս հավատքով և եկեղեցու շուրջը համախմբվածությամբ նվիրվելու հայերենի տարածման, ազգային արժեքների պահպանման, հայի իսկական դիմանկարի վերաստեղծման ազգանվեր գործին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել