HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եպրաքսյա տատը տեսել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը

Եպրաքսյա Գևորգյանը ապրիլի 21-ին տոնական տեսք ուներ, շրջապատված էր հյուրերով ու ազգականներով: Բոլորի ուշադրության կենտրոնում նա էր. այդ օրը նշում էին Եպրաքսյա տատի ծննդյան 107 ամյակը: Նրա շուրջ հավաքվել էին նաև լրագրողները, իսկ Իռլանդիայից Հայաստան ժամանած լրագրողուհին ծաղկեփունջ էր բերել հոբելյարի համար:

Եպրաքսյա Գևորգյանի անձնագրում ծննդյան տարեթիվը նշված է 1914թ., սակայն նա պատմում է, որ իր ծննդյան ստույգ տարեթիվը վկայող փաստաթուղթ չի ունեցել, և անձնագրում մոտավոր են գրել:

Այդ օրը 107-ամյա կնոջ ուշադրությունն ու միտքն այլ տեղ էր: Նրան չէին հետաքրքրում ոչ հյուրերը, ոչ վերջիններիս կողմից բերված ծաղիկներն ու քաղցրավենիքը: Եպրաքսյա տատը հիշում էր մեկ դար առաջ տեղի ունեցած դաժան դեպքերը, Կարսի գավառի Լալոյ-Մավրակ գյուղում գտնվող իրենց տունը, հարևաններին, կոտորածն ու մարդկային արյունը:

Եպրաքսյա Գևորգյանը չէր զլանում և Արևմտյան Հայաստանում իր աչքերով տեսած դաժան դեպքերը, որը պատմության մեջ մտավ, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, վերարտադրելով առանձին-առանձին պատմում էր լրագրողներին: Պատմելու ընթացքում Եպրաքսյա տատի դեմքին հայտնվում էր տխրություն, հետո այն փոխվում էր ժպիտի ու միանգամից հոսում էին արցունքները: Հերթական անգամ տեսածը պատմելուց հետո տատը չդիմացավ և սկսեց արտասվել. «Խնդրում եմ էլ մի հարցրեք, չեմ կարողանում պատմել»:

Եպրաքսյա Գևորգյանը, երբ պատմում էր անցյալի դեպքերի մասին, գրեթե ամեն երկրորդ նախադասությունից հետո կրկնում էր, որ թուրքերը շատ դաժան են վարվել հայերի հետ. «Հլը Ցեղասպանությունն էլ չեն հաստատում, անխիղճները խշտիկը մտցնում էին երեխեքի փորը ու բարձրացնում էին վերև, բա մոռանալ կլինի՞, ոնց մոռանամ: Ինչեր եմ տեսել, Աստված հեռու պահի»,- ասում էր Եպրաքսյա տատը:

Տատն ասում է, որ իր հիշողությունը շատ լավ է, ամեն ինչ հիշում է, չի դժգոհում նաև տեսողությունից, առողջական վիճակից:

Պատմում էր, որ ինքը 8-9 տարեկան է եղել, երբ կոտորածը սկսվել է: «Հիշում եմ, մեր տան դեմը հոր փորեցին, խսիլները փռեցին, դրա վրա քեչեքը փռին, քեչեքի վրեն խալիները փռեցին, հետո կարպետները, ոսկիները լցրեցին ծածկեցին: Մի հորի մեջ էլ ցորենը լցրին, կեսն էլ ցանել էինք: Արդեն գաղթում էինք, թուրքերը հասնում էին գյուղ, ծածկում էինք, որ չտենային: Մտածում էինք էլի գալու ենք մեր տուն, բայց չեղավ, այդքան ապրուստը թողեցինք: Որ թուրքերն եկան, մենք էլ ապրուստին չնայեցինք, բալա ջան, թողել ենք կով, ոչխար, ամեն ինչ, թողել ենք ու լոդկայով անցել ենք Արաքսը»,-պատմում է Եպրաքսյա տատը:

Եպրաքսյա Գևորգյանն ասում է, որ գաղթի ճանապարհին թուրքերը հորաքրոջ ամուսնուն են բռնել, գերի տարել, նրանց 5 որդիները, ովքեր դաշտում են եղել, այլևս տուն չեն վերադարձել, իսկ գյուղում սպանել են հորը:

«Ամեն մարդ մի կողմ էր փախնում: Մեծերը ջահել հարսներին ասում էին, որ երեխեքին թողնեն փախչեն, որ իրենց կյանքը փրկվի, հետո էլի երեխեք կունենան, ամեն մեկը մի կողմ էր փախնում: Վայ, էդ ձայները, գոռոցը ականջներիս մեջ ա»,-ասում է Ե. Գևորգյանը:

Տատը պատմում էր, որ սահմանն անցնելուց հետո հայտնվել են Գյումրիում: Այնտեղ հանդիպել են Ասքանազ Մռավյանին: Վերջինս շենքերից մեկի առաջին հարկը հատկացրել է գաղթականներին: Դեռ Գյումրիում հույս են ունեցել, որ գնացքը կգա ու իրենք հետ կգնան իրեն տուն: «Բայց գնացքը չեկավ»,- ասում է Եպրաքսյա տատը: Հետո այնտեղից նրանց տեղափոխել են ամերիկյան մանկատուն, որտեղից էլ ամուսնացել է, ընտանիք կազմել: Մայրը մահացել է Հայաստանում:

Նա մինչ օրս հիշում է Կարսի իրենց տունը: Ասում է, եթե գնան գյուղ ու քանդած չլինեն, անմիջապես կճանաչի իր մանկության տունը: Եպրաքսյա տատը իր ոտքերի վրա ձեռքի մատներով բացատրում էր, թե որտեղ է այն գտնվում: «Սա գլավնի տունն ա, էսի Հովակիմյանենց տներն ա, էսի հոպար Կյուրեղենց տունն ա, Կյուրեղի տան կողքը մեր տունն ա, հետո էլ Վարդանի խանութն ա»,- ասում է Եպրաքսյա տատը և հավելում, որ շատ է ցանկանում գնալ իրենց գյուղը տեսնել, բայց պայմանով, որ այնտեղ թուրք չլինի. «Որ թուրքը մեջը լինի կվախենամ»:

Անցյալ տարի Եպրաքսյա Գևորգյանը հյուրընկալել է մի ամերիկացու, ով լսել է տատի պատմությունը և խոստացել է լուսանկար բերել վերջինիս ծննդավայրից: Խոստումը կատարել է և աշնանը բերել է մեծ պաստառի վրա պատկերված կիսաավեր եկեղեցու լուսանկարը, որը գտնվում է Լալոյ-Մավրակ գյուղի մոտակայքում: Այժմ այդ նկարը կախված է այն տան մուտքի մոտ, որտեղ ապրում է Եպրաքսյա տատը: Նա ցանկություն հայտնեց, որ հենց այդ նկարի ֆոնին էլ լուսանկարվի:

Տարեց կինը զարմանում է, թե ինչպես են այժմ հայերը գնում Թուրքիա, առևտուր անում թուրքերի հետ և օգտագործում թուրքական ապրանքներ: Նա չի հավատում, որ երբևէ հայն ու թուրքը կբարեկամանան: «Ասում են՝ շան հետ բարեկամություն արա, փայտը ձեռիցդ մի գցի: Եսիմ ինչ մտքով են բարեկամանում, դու իրանց միտքը իմացի»,-ասում է Եպրաքսյա տատը և որպես օրինակ պատմում է արջի ու երկու ընկերների հայտնի առակը:

«Անամոթ» սերիալներից մինչև մեծ քաղաքականություն

Եպրաքսյա Գևորգյանն այժմ ապրում է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում՝ մեծ դստեր տանը: Նրա տունը գտնվում է Արմավիր քաղաքում, որդին մահացել է, իսկ հարսն ու թոռները մեկնել են Ֆրանսիա, ուստի մենակ չմնալու համար եկել է աղջկա մոտ: Ասում է՝ աղջիկն ու թոռները իրեն «վարդի պես» են պահում, սակայն կարոտում է արտերկրում գտնվող թոռներին:

«Նստում եմ, պատմություններ եմ պատմում, զրուցում ենք ու գնում քնում եմ, դա է իմ գործը, ուրիշ բան ինչ պիտի անեմ: Թոռներիս մասին եմ մտածում, կեսը կողքիս չեն, ցվրված են աշխարհով մեկ, մի մասը Ֆրանսիայում են ապրում, մի մասը Ռուսաստանում»,-ասում է Եպրաքսյա տատը:

Նա ամեն օր պարտադիր հեռուստատեսությամբ հետևում է օրվա անցուդարձին, իսկ որոշ բաներ չհասկանալու դեպքում հարցեր է տալիս թոռներին, փորձում է տեղեկացված լինել: Ասում է, որ իրեն ավելի շատ քաղաքականությունն է հետաքրքրում: «Կլինի՞, որ այս քաղաքականությունը փոխվի»,-հարցնում է 107-ամյա կինը: Հարցին, թե հատկապես ինչն է ուզում փոխել, պատասխանում է, որ ցանկանում է «սովետը հետ գա»:

Նրա հիշողության մեջ դեռ պահպանված է խորհրդային տարիների բանվոր դասակարգը, աշխատող գործարանները: «Ուզում եմ ջահելությունը աշխատի, փող ունենա: Ազիզ ջան, դու՞ գիտես, թե կոլխոզն ինչ ֆիրմաներ ուներ, ինչ գործարաններ ուներ, ու՞ր են դրանք: Հիմա մի ձուն առնում ենք 80 կոպեկով (նկատի ունի դրամ,- հեղ.), աշխատանք էլ չկա, ջահելությունը աշխատանք չունի»,-ասում է Եպրաքսյա տատը ու միանգամից խոսակցության թեման փոխում հեռուստատեսությամբ ցուցադրվող «անամոթ» սերիալների կողմը: Նրան դուր չեն գալիս հեռուստաէկրաններից մատուցվող տեսարանները, գռեհիկ բառապաշարով հաղորդումները:

«Ինչ անշնորք, անհարմար բաներ են ցույց տալիս, ըտենց կինո են ցույց տալի՞ս»,-ձայնի տոնը բարձրացնելով ասում է Եպրաքսյա տատը: Թոռը համոզում էր տատին, որ ցուցադրվածը բրազիլական սերիալ է եղել, որը թարգմանվել է հայերենով, հայերը նման «անամոթ» ֆիլմեր չեն նկարում: Տատին համոզել չստացվեց. «իբր լա՞վ բան ա, որ թարգմանել են, ըտենց կինոներ ցույց չեն տալիս, բալես»,- հագուստի փեշերն ուղղելով իր հակափաստարկներն է բերում Եպրաքսյա տատը: Հետո էլ «արդարացավ» ասելով, որ ինքը բացի լուրերից այլ հաղորդումներ, ներառյալ՝ սերիալներ չի դիտում:

Եպրաքսյա տատը «անամոթ» սերիալներից կտրուկ անցում կատարեց դեպի Ազգային ժողով: Այստեղ էլ 107-ամյա կինը ասելիք ուներ: «Իբր ժողով են անում, նստում կնանիքի նման բամբասում, իրար վիրավորում գնում են, բա ամոթ չի՞, ամբողջ աշխարհը իրենց ա նայում, ըտենց ժողով կլինի՞»,-ասում էր նա:

Հետո պատմեց, որ ապրիլի 7-ի կապակցությամբ հանրապետության նախագահը իրեն մեկ միլիոն դրամ, հուշամեդալ ու ծաղիկներ է նվիրել, իսկ ընտանիքում միշտ է ուշադրության կենտրոնում լինում:

Եպրաքսյա տատը բավականին շարժուն է, իր ոտքով իջնում է բակ, զբոսնում ու հետ գալիս իր սենյակ: Ուտում է գրեթե ամեն ինչ, իսկ խաշը նրա նախընտրած ուտելիքների ցանկում է: Թոռները խոստացել են, որ ամռանը Եպրաքսյա տատին տանելու են Արագած լեռան ստորոտ՝ հատուկ խաշ ուտելու, վերջինս համաձայնվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter