
Գյումրիում բացվեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող
Գյումրու Բագրատունյաց այգում այսօր բացվեց քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հեղինակած «Վերածնունդ» հուշակոթողը՝ նվիրված 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակին: Քանդակագործը սեփական ստեղծագործությունը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով միայն, որ տուֆից կերտված ձեռքերի մեջ պահվող խաչը հայի չմարող հույսն է: «Ես կարծում եմ, որ դրանով արդեն ամեն ինչ ասված է, նաեւ անունը՝ «Վերածնունդ»»,-նշեց Ֆրիդ Սողոյանը: Մոսկվաբնակ Արթուր Անտոնյանը, ում առաջարկով ու աջակցությամբ էր կյանքի կոչվել հուշակոթողը, ասաց, որ Գյումրին եւս վերածնվելու հույսեր է ներշնչում:
«Երբ քաղաքապետ Սամվել Բալասանյանին ասացի, որ ուզում եմ նման հուշարձան կանգնեցնել մեր քաղաքում, իմ առաջարկն անմիջապես ընդունեցին ու օգնեցին համապատասխան տարածք գտնելու: Ինձ համար պարոն Սողոյանի կերտած այս հուշարձանը նշանակում է սփյուռք, հայրենիք, հավատք: Ես նայում եմ այս կոթողին ու հասկանում, որ առանց մեր արմատների մենք հեռու չենք գնա: Ես շնորհակալ եմ քանդակագործին իմ մտքերը, գաղափարները ճիշտ վերարտադրելու համար»,-նշեց Արթուր Անտոնյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել