HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». տնտեսական կոնֆերա՞նս, թե՞ ընտրական քարոզչություն

Կիրակի օրը տեղի ունեցավ ՀՀԿ տնտեսական համաժողովը, երբ գրեթե 7 ժամ շարունակ տնտեսական բլոկի ՀՀԿ-ական նախարարներն ու այլ մասնագետներ ներկայացրին վերջին չորս տարում կառավարության կատարած աշխատանքը:

Տնտեսական կոնֆերանս անցկացնելու գաղափարն ինքնին հետաքրքիր էր, նաև՝ նորույթ կուսակցական գործունեության շրջանակներում: Սակայն մի քանի դիտարկում անելու գայթակղությունից զերծ մնալ դժվարանում եմ: Նախ՝ կոնֆերանսը ենթադրում է տարակարծության մթնոլորտի ապահովում, երբ մասնակիցները թեր և կողմ տեսակետներ ներկայացնելով՝ վերջում կարող են հանգել ընդհանուր հայտարարի կամ տվյալ դեպքում՝ բանաձևի ընդունման:

Այս միջոցառմանը, հասկանալի պատճառներով, բազմակարծություն չէր սպառնում: Համաժողովի մասնակիցները, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսեցին մեր տնտեսական նվաճումների, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և այլ տնտեսական բարեփոխումներ ու բարեշրջումներ իրականացնելու մասին: Ու չնայած ժողովրդական իմաստնությունը պնդում է, որ «մենք համաշխարհային ճգնաժամը չենք հաղթահարել, քանի որ պերմանենտ ճգնաժամի մեջ ենք», կառավարության ղեկավարն այլ տեսակետ հայտնեց՝ «կուսակցության տնտեսական կոնֆերանսը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի տնտեսությունը հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները»:

Բացի դրանից, պարզվում է՝ «նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանի կառավարությունն իրականացնում է հստակ և հետևողական տնտեսական ծրագիր, որի շնորհիվ մեր երկիրը միջազգային ասպարեզում կգրավի իր ուրույն տեղը՝ ՀՀ քաղաքացիների համար ապահովելով բարեկեցիկ և արժանավայել կյանքի մակարդակ»:

Նախ՝ առաջին մասի համար. առայժմ մեր գրաված ուրույն տեղը աշխարհի տնտեսությունների մեջ վերջից երկրորդը լինելն է: Երկրորդ մասի համար. ի հեճուկս «տնտեսական նվաճումների»՝ ՀՀ քաղաքացին շարունակում է մաշկի վրա զգալ չդադարող գնաճի, փոխարժեքի տատանումների, մոնոպոլիաների և այլնի հարվածներն ու «բարեկեցիկ և արժանավայել կյանքի մակարդակի» հույսը կորցրած՝ նախընտրում է արտագաղթել:

Վարչապետի լավատեսությունից «վարակվել էին» նաև զեկուցողները: Բա չե՞ք ասի. մենք «եղել ենք, կանք ու լինելու ենք արդյունաբերական երկիր»: Անկեղծ ասած, լսելուց հետո էլ դժվարանում էի հավատալ, որ որևէ պաշտոնյա կարող է այդչափ ուտոպիստական (չեմ ցանկանում ավելի տեղին բառ օգտագործել) գնահատականներ տալ:

Ընդհանուր առմամբ, կոնֆերանսից փչում էր խորհրդային ժողովների հոտ: 5 տարվա պլանը 4 տարում կատարած կառավարության փայլուն աշխատանքը գովերգող զեկույցներ լսելուն հարկադրված պատվիրակները զեկույցներն ընդմիջում էին բարձր ծափերով: Այնինչ նրանց դեմքի արտահայտությունը ճարահատյալությունից բացի ուրիշ բան չէր ասում:

Բայցևայնպես, նրանք դիմացան մինչև վերջ, երբ կրթության և գիտության նախարարն ընթերցեց կոնֆերանսի արդյունքում ընդունված բանաձևը: Բնականաբար, այն «դրական գնահատեց ՀՀ կառավարության 2008-2011 թթ. գործունեության արդյունքները»: Սակայն բավականին հակիրճ փաստաթուղթը մի շաաա՜տ հետաքրքիր կետ է պարունակում: Ըստ այդմ՝ կոչ է արվում «ՀՀԿ մարզային և տարածքային կառույցներին ջանքեր գործադրել, որպեսզի ՀՀ կառավարության նախաձեռնած լայնածավալ բարեփոխումները հասանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ՀՀ ողջ տարածքում»:

Սա, ինչպես ասում են, անհեթեթություն անհեթեթությանց է: Այս նախադասությունից կարելի է եզրակացնել, որ, նախ, մինչ այս կառավարության բարեփոխումները «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ՀՀ ողջ տարածքում» չեն հասել: Երկրորդ՝ դրա պատճառը գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների անգործությունն է եղել: Ուստի այսուհետև կուսակցության մարզային ու տարածքային կառույցները կստանձնեն այդ պատասխանատու գործը:

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ չեն պատժվում կառավարության բարեփոխումները «շան տեղ չդնող» և դրանք քաղաքացուն չհասցնող օղակները: Եվ այդ ինչպե՞ս եղավ, որ 4 տարի բարեշրջում իրականացնող կառավարությունը նոր միայն գլխի ընկավ այդ մասին: Եվ՝ այդ ո՞ր օրենքն է սահմանում, որ գործադիր մարմնի բարեփոխումն իրացնում է կուսակցական մարզային կառույցը:

Բայց մեր երկրում ամեն մի հարց, որքան էլ անհեթեթ հնչի, ունի խիստ տրամաբանական պատասխան: Այս դեպքում պատասխանը հետևյալն է՝ ընտրություններն են չոքել մեր դռանը, պարոնայք:

Արփի Սահակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter