HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Որտե՞ղ են արածում ձեր կովերը

Տաքսին կանգնում է Վարդաղբյուրի ու Աշոցքի տարածաշրջանի Ձորի գյուղեր տանող ճանապարհահատվածի հատման կետում` խորհրդային տարիներից գոյություն ունեցող քարե կանգառի մոտ:

Բլրի վրա գտնվող 9 մետրանոց վագոն-տնակի դուռը փակ է: Մի ժամանակ այդտեղ Վարդաղբյուրի համայնքապետարանն էր տեղակայված: Գյուղի բնակիչներից մեկը, մատնացույց անելով քիչ հեռվում երեւացող միահարկ մի շինություն, հայտնում է, որ վերջին շրջանում համայնքապետարանը գործունեություն է ծավալում տարրական դպրոցի ազատ դասասենյակներից մեկում:

Վարդաղբյուրի տարրական դպրոցի ուսուցչուհիներից էլ հենց տեղեկանում եմ, որ համայնքապետարանում ոչ ոք չկա: Համայնքապետ Հրաչ Բալոյանին տեսել են մեքենայով գնալիս, իսկ թե որտեղ են հաշվապահն ու աշխատակազմի քարտուղարը, թող տարօրինակ չթվա` ճշտում եմ համայնքապետի կնոջ միջոցով:

Մի քանի հեռախոսազանգ եւ ընդամենը 10 րոպեի ընթացքում կարողանում եմ պարզել գյուղի ղեկավար կազմի գտնվելու վայրը` համայնքապետը անձնական գործերով Ամասիայում է, աշխատակազմի քարտուղարը անձնական գործերով` Գյումրիում, հաշվապահը համայնքի գործերով` մարզպետարանում:

Ավագանիներից Բալոյանների ազգի ներկայացուցչին դժվարությամբ մտաբերում, մնացածներին էլ ոչ մի կերպ չի հիշում վարդաղբյուրցի երկարամյա մանկավարժ Ասյա Կույումչյանը: «Գեւորիկ Խաչատրյան կար»,- ծոր տալով, ինչ-որ տեղ էլ կասկածելով իր իսկ ասածին` ավագանիներից մեկի անունն է տալիս տիկին Ասյան ու որպես արդարացում ավելացնում, թե հիվանդություն է տարել, ու հիշողությունը վատացել է:

«Դուք ի՞նչ է, գյուղում իրար հետ չե՞ք շփվում», մանավանդ որ բնակչության թիվը 100 էլ չկա, երբեւէ որեւէ հարցով ավագանուն չե՞ք դիմել»,- հարցիս այդպես էլ պատասխան չի տրվում: Ուսուցչուհիներից ավելի երիտասարդը, պարզվում է, հարեւան Մուսայելյան գյուղից է, իսկ վարդաղբյուրցի Ասյա Կույումչյանն ու խոսակցությանը մասնակից դպրոցի հավաքարարը, երբ խնդիր է եղել, դիմել են համայնքապետին, գործը ավագանուն չի հասել:

Ստիպված էի ավագանիներին փնտրել գյուղում` պատահական հարցումներ անելով: Տներից մեկի բակում հավաքված մարդկանց մեջ էլ հենց հանդիպում եմ ավագանի Սիսակ Բալոյանին: Վերջինս, չգիտես ինչու, համոզված էր, որ իրենք 7-ն են:

«Դուք վստա՞հ եք, որ Վարդաղբյուրը 7 ավագանի ունի», հարցիցս հետո Սիսակ Բալոյանն ինքն էլ սկսում է կասկածել: «Բդի օր 7-ն էղնի»: Խնդրում եմ թվարկել: «Խաչատրյան Գեւորգ, Կույումչյան Ասյա, Բալոյան Նորայր, Բալոյան Սարգիս...»,- ու այստեղ ավագանի Սիսակ Բալոյանի` ավագանիների վերաբերյալ ունեցած տեղեկատվությունը սպառվում է:

Ինձ զարմացնում է ոչ միայն այն, որ պրն Սիսակը չգիտեր ավագանիների ստույգ թիվը` 7-ն են, թե՞ 4-ը, այլ այն, որ իրենք ունեն կին ավագանի, ով մշտապես մասնակցում է նիստերին, ու այդ ավագանին էլ ուսուցչուհի Ասյա Կույումչյանն է:

«Ես մինչեւ այստեղ գալս հանդիպել եմ տկն Ասյային, բայց նա չասաց, որ ինքը ավագանի է,- փորձում եմ ճշտում մտցնել Սիսակ Բալոյանի արած հայտարարության մեջ: «Հա՞, բայց ինքը բդի ավագանի էղնի,- ինձնից պակաս չի զարմանում ավագանի Սիսակը: Հետո խոստովանում է, որ նիստերին գնացել է, երբ կանչել են. «Վախտը գիդե, համայնքապետը երբ կկանչե, կերթանք, կենենք»,- թեման եզրափակում է Սիսակ Բալոյանը: 

Վարդաղբյուր գյուղում հիմնականում չորս ազգի ներկայացուցիչներ են բնակվում` Թոսունյաններ, Խաչատրյաններ, Սարգսյաններ եւ Բալոյաններ: Վերջիններս գերիշխում են, եւ համայնքի ղեկավարն էլ հիմնականում ընտրվում է այս ազգից: 2005 թ.-ից համայնքապետի «փոխանցիկ դրոշը» Հրաչ Բալոյանի մոտ է: 2009 թ.-ին վերջինիս քիչ էր մնում պաշտոնանկ անեին:

Մարզպետ Լիդա Նանյանն այն ժամանակ այնքան էր զայրացել համայնքապետի վրա` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, որ առաջարկել էր նրան դիմում գրել ու հրաժարվել համայնքի ղեկավարի պաշտոնից: Պրն Բալոյանը, հավանաբար, խոստացել էր ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը, որից խիստ կաղում էին, ու վատ-լավ` կատարել խոստումը, քանի որ 2 տարի անց էլ Վարդաղբյուրը կրկին ինքն է ղեկավարում, թեպետ գյուղում 2009 թ.-ից ի վեր քիչ բան է փոխվել:

Թե գյուղի քառամյա ռազմավարական ծրագրով ինչ էին նախատեսել ու ինչ իրականացրել` չհաջողվեց պարզել, որովհետեւ գյուղում անցկացրած 3 ժամերի ընթացքում հնարավոր չեղավ հանդիպել Հրաչ Բալոյանի հետ, միայն կարճ հեռախոսազրույց, որի ժամանակ համայնքապետը դժվարացավ ասել` կհասցնի՞ այդ ընթացքում վերադառնալ գյուղ, թե՞ ոչ:

2009 թ.-ին Վարդաղբյուր այցի ժամանակ ճշտել էի, որ համայնքի քառամյա զարգացման ծրագրում համայնքապետը գրել էր ակումբի շենք կառուցելու մասին, որի համար 25 մլն դրամի ակնկալիք ունի կառավարությունից, 1 կմ ճանապարհ վերանորոգելու համար համայնքապետարանին 10 մլն դրամ էր պետք: Ընդհանուր առմամբ, գյուղի հիմնախնդիրները լուծելու համար, ըստ համայնքապետի, 35 մլն դրամ էր անհրաժեշտ, իսկ թե որտեղից, ինչ ձեւով կհայթայթվի այդ գումարը` չգիտեր:

Երկու տարի անց անզեն աչքով էլ նկատելի էր, որ նշված հիմնախնդիրներից ոչ մեկը չի իրականացել: Դա հաստատեց նաեւ ավագանիներից Գեւորգ Խաչատրյանը: Նրանից էլ հենց պարզեցի, որ Վարդաղբյուրի համայնքն իրականում ունեցել է 5 ավագանի, նրանցից մեկը մահացել է վերջերս, եւ նիստերն անցկացվում են չորսով: 2008 թ.-ին, երբ հաստատվել է գյուղի զարգացման ռազմավարական ծրագիրը, ոչ Գեւորգը, ոչ Սիսակը ներկա չեն եղել` գործերով բացակայել են գյուղից:

«3-4 համայնքապետի հետ աշխատել եմ, օր ըսեմ, թե ավագանին լիաթոք կաշխատի, սուտ կեղնի, ըդիկ սաղս էլ գիտենք, բայց տեղ կա, օր հարցեր կառաջանա, տղեքով, համայնքապետով կհավաքվինք, կորոշենք, թե ինչխ էնենք»,- ասում է Գեւորգը:

Ավագանու կազմով վերջին անգամ հավաքվել են օգոստոս ամսին, օրակարգում եղած հարցերը, Գեւորգի հիշելով, վերաբերել են հարկերի հավաքագրմանը եւ գյուղտեխնիկային: Մշակույթի տուն ինչպես նախկինում չեն ունեցել, ներկայումս էլ չունեն, ճանապարհի ասֆալտապատումն էլ է մնացել թղթի վրա: Այս տարի միայն կարողացել են խմելու ջրի հարցը լուծել: Ցանկություն ունեն գյուղում գիշերային լուսավորության  հարցը լուծել:

«Իսկ որտե՞ղ են արածում ձեր կովերը» հարցիս երկու ավագանիներն էլ պատասխանում են. «Ի՞նչխ թե ուրդեղ, դեմի սարը»: Խոտհարքների եւ արոտավայրերի վարձակալման պայմանագրեր գյուղում որեւէ մեկը չունի: «Սաղ փողի հետ կապ ունի, ըդուր համար էլ մարդիկ պայմանագիր չեն կնքե»,- պարզաբանում է Գեւորգ Խաչատրյանը:

Այնինչ կառավարության 2010 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման համաձայն` ընթացակարգը պարզեցվել է: Նախկինում գյուղացին նոտարական գրասենյակում եւ կադաստրի ստորաբաժանումներում վճարումներ էր կատարում, որպեսզի ստանա վարձակալության վկայագիր:

Սակայն վերոնշյալ որոշումից հետո այդ գումարային խնդիրը վերացել է, եւ համայնքապետն իրավունք է ստացել անձամբ գյուղացու հետ կնքել պայմանագիրը` հաշվի առնելով առկա անասնագլխաքանակը: Վարդաղբյուրում, հավանաբար, տեղեկացված չէին այս որոշմանը, քանի որ նույն ավագանիները շարունակում էին պնդել, որ պայմանագիր չեն կնքում, որովհետեւ նոտարում ու կադաստրում իրենցից «թվեր են ուզում»:

Մեկնաբանություններ (2)

karen
Es an4ap shnorhakal em! Shnorhakal em naev meknabanutyans ardzaganqelu hamar!
Հեղինակ
Հարգելի karen գուցե դուք ուշադիր չեք եղել, բայց ձեր նշած հեռավոր գյուղերը մշտապես լուսաբանվել են սկսած Բավրայից, Եղնաջուրից, Ձորի գյուղերից վերջացրած Մեծ Մանթաշով ու Անի կայարանով: Ես թվարկեցի Շիրակի մարզի հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք ընկած ծայրամասային գյուղերը: Կարող եմ վստահեցնել, որ հնարավորինս բոլոր հեռավոր համայնքները լուսաբանվում են եւ կլուսաբանվեն անկախ եղանակային պայմաններից ու մեքենայի առկայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter