Մեկ դար անց
Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան
Ցեղասպանությունից հարյուր տարի անց թուրքերին ուղղված մեր առաջնային պահանջը` առերեսվելն է սեփական պատմությանն ու պապերի բարբարոսություններին: Առանց սեփական ոճիրն ընդունելու ու դատապարտելու չկա ոչ մի երաշխիք, որ ապագան կարելի է կառուցել համերաշխ հարեւանության պայմաններում` մերժելով փակ սահմաններն ու երկու ազգերի անտագոնիզմը: Անշուշտ, ցեղասպանություն վերապրած մեր ազգի նաեւ մյուս պահանջները նույնքան հիմնավոր են ու արդարացված:
Սակայն մինչ հումանիտար աղետով ու հայրենազրկությամբ պայմանավորված մեր բոլոր պահանջները թուրքերին ներկայացնելը, արդեն մեկ դար է, ինչ չենք ձեւակերպել այն պահանջներ, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից: Չկա գիտակցումն այն բանի, որ օտարին ուղղված մեր պահանջները իմաստ, արժեք, զորություն ունեն, եթե մենք շատ ավելի խիստ պահանջներ ենք ներկայացնում ինքներս մեզ: Արդյոք գիտե՞նք, թե ով ենք, ինչպիսին ենք, ինչպիսին չպետք է լինենք ու ինչպիսին ենք ուզում լինել մենք` հայերս:
Ուստի որո՞նք են մեր իսկ պահանջները մեզանից:
Վիլյամ Սարոյանը, «քարից հաց քամող» ազգային կենսակերպն աչքի առաջ ունենալով, երբեւէ արտասանել է այն հայտնի խոսքերը, որ եթե աշխարհում երկու հայ հանդիպեն որեւէ տեղում, նրանք կկառուցեն մի նոր Հայաստան:
1915թ. ողբերգությունից հետո հայերը հանդիպեցին մեկմեկու աշխարհի տարբեր ծայրերում եւ կառուցեցին իրենց Հայաստանը: Հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում ու Կովկասի տարբեր անկյուններում, Ֆրանսիայում ու Արգենտինայում, Ռուսաստանում ու ԱՄՆ-ում, Աֆրիկայի անապատներում ու Ավստրալիայի տափաստաններում: ԽՍՀՄ տարիներին կառուցվող քաղաքամայր Երեւանը դարձել էր ցեղասպանությունից հետո կորսված, բայց կրկին վերագտնված մեր միկրո հայրենիքը: Այստեղ Սեբաստիան, Մալաթիան, Զեյթունը, Մարաշը, Խարբերդը ու Էրգրի մյուս քաղաքները մեկտեղվեցին ու կրկին վերածնվեց Հայաստանը: 20-րդ դարում Հայոց աշխարհը հայ համայնքների միջոցով, միայն չափերի մեջ տարբերություններ ունենալով, հառնեց Երկիր մոլորակի բոլոր կողմերում:
Հայն իր ձեռքը վերցրեց բահն ու մուրճը սկսեց կրկին կառուցել իր տունը: Ու հետեւելով «ի սկզբանե» իրեն ուղեկցող Աստծո խոսքին, ազգային վարք ու բարքին, նիստ ու կացին, կենցաղին ու հազարամյա տեսլականին` նա սեփական տունը կառուցեց իր պապերի տան «կերպարանքով ու նմանությամբ, որպեսզի ինքն իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»:
Անցան տարիներ: Հայը վերակերտեց կորսված հայրենիքը` իր պապերի Հայաստանը: Վերակերտեց նմանությամբ այն ամենի, ինչպես որ եղել էր կորսված երկրում: Ինչպես էին պապերը տնավեր օրերին կառուցում, այդպես էլ կառուցեց: Ինչպես էին պապերը նեղության մեջ փորձում խնդիրներ լուծել, այդպես էլ ինքն էր փորձում լուծել: Ինչպես էին պապերը ընկճված վիճակում օտարների հետ շփվում, այդպես էլ ինքը սկսեց հարաբերվել: Ինչպես էին պապերը նեղ օրերին միմյանց վերաբերում, այդպես էլ ինքը վերաբերեց: 20-րդ դարի կեսերին հայը իր հարմարվող պապերի վախվորած, կասկածամիտ, զգուշավոր ժառանգն էր:
Անցան տասնամյակներ: Մարդկության տեխնիկական առաջընթացն իրար կապեց աշխարհի բոլոր հայերին: Շոգենավն ու գնացքը, ավտոմեքենան ու ինքնաթիռը, հեռախոսն ու համացանցը միացրեց նրանց ու կրկին «մեկտեղեց»: Հայը լիարժեք վերականգնեց իր պապերի կենսակերպը: Աստծո պատվիրաններին ներդաշնակ մնալու, հնարավոր է նաեւ` դրանք կատարելու խաբկանքը ապահովելու համար, իսկ միգուցե` չգիտակցված մղումներից ելնելով, նա աշխարհի բոլոր կողմերում սկսեց կառուցել նաեւ Աստծո տներ: Հայը չէր կարող այլ կերպ վարվել. պապերը սեփական տները կառուցելուց հետո այդպես էին անում արդեն դարեդար: Հնարավոր է հազար ու մի եկեղեցիների տիեզերական քաղաք Անին` կորսված հայրենիքը, կրկին վերագտնելու հայի մղումն էր դեր խաղում: Միգուցե՞ մեղքերի թողության համար էր դա արվում: Միգուցե՞ հոգեւոր պահանջմունք էր դա: Միգուցե՞ տգիտության արդյունք: Հավանաբար էթնոհոգեբանները մի օր կկարողանան պատասխանել այդ հարցին:
Ամեն դեպքում անցան տասնամյակներ ու արդեն 21-րդ դարում աշխարհի բոլոր ծայրերում հայը լիարժեք վերակերտեց կորսված հայրենիքը` իր ապուպապերի Հայաստանը: Շեն օրերին պապերն ինչպես էին դղյակներ կառուցում, այդպես էլ ինքը սկսեց կառուցել: Օտարների տիրապետությունից ձերբազատվելիս պապերն ինչպես էին միմյանց հետ հարցեր «լուծում» ու «միմյանց հարցերը լուծում», այդպես էլ ինքը սկսեց «լուծել»: Հանուն շահի պապերն ինչպես էին այլոց հետ քծնանքով շփվում, այդպես էլ ինքը սկսեց հարաբերվել: 21-րդ դարի սկզբին հայը իր վախվորած, կասկածամիտ, զգուշավոր պապերի մեծամիտ, եսասեր, անուղեղ ժառանգը դարձավ:
Ցեղասպանությունից անցավ ուղիղ հարյուր տարի: Մեկ դար անց իր դեմ կատարված ոճրին հայի պատասխանն այն հարյուրավոր «Հայոց աշխարհներն» էին որոնք վեր խոյացան աշխարհի բոլոր ծայրերում: Երկու հայ որտեղ հանդիպեին մոլորակի վրա նրանք իսկապես կառուցում էին «Հայաստան» կոչվող երկիրը:
Սակայն Վիլյամ Սարոյանը մի հարցում սխալվել էր: Նրա խոսքում մի բառ ճշմարտությունը չի արտահայտում: Այն անհամապատասխան է առկա վիճակին ու հայերի միմյանց հանդիպելու պատմական ընթացքին: Եթե աշխարհում երկու հայ հանդիպեն որեւէ տեղում, նրանք կկառուցեն ոչ թե նոր Հայաստան, այլ միմիայն հին Հայաստան:
Մեզ նոր Հայաստան է պետք կառուցել: 2015թ. հետո դրա գիտակցումը պետք է գա հայի մոտ: Աշխարհի որ ծայրում էլ լինի հայը, նա պետք է Նոր Հայաստան կառուցի: Նոր ազգի ծնունդը պարտադիր է: Մենք ապրում ենք մեր պապերի հին Հայաստանում: Մենք ապրում ենք իրենց մտածողության ու հոգեբանության բեռով: Վիլյամ Սարոյանը գիտեր որ երկու հայ եթե մի տեղ հանդիպեն, ապա Հայաստան են կառուցելու: Մենք պետք է գիտենանք, որ այն Նոր Հայաստան պետք է լինի, որը մերժում է հինը: Մերժում է սուտը, տգիտությունը, ցուցամոլությունը … (արատները շատ են բոլորը չես թվարկի): Մերժում է այդ ամենը ու հաստատում է օրենքի, կարգի ու կարգապահության վրա հիմնվող համակեցություն:
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցից հետո մեր իսկ պահանջները մեզանից պետք է լինի նոր հայի ու Հայաստանի կերտումը:
Նոր Հայաստանը ադաթը մերժող իրավունքի Հայաստանն է: Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը կրկին ծնված ազգ է ենթադրում: Մենք դեռ չենք ծնվել, մենք դեռ ցեղասպանությունից խողխողված, սրատված, խաչված ու հոգեվարք ապրող ժողովուրդ ենք: Մենք պետք է նոր ծնվենք: Հայը կարիք ունի նոր ազգի ծննդի:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել