
Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ բարձրացավ 3-րդ տեղ. մեդալը շատ մոտ է
Քիչ առաջ Ծաղկաձորում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրի Հնդկաստան-Հայաստան մրցավեճը, որում մեր շախմատիստները շնորհիվ Հրանտ Մելքումյանի հաղթանակ տարան 2,5-1,5 հաշվով: Արոնյանը, Սարգսյանն ու Մովսեսյանը ոչ-ոքի էին խաղացել, իսկ Մելքումյանը վերջում կարողացավ սպիտակներով հաղթանակ տոնել ու կարեւոր միավորներ բերել մեր թիմին:
Կարելի է ասել անակնկալ պարտություն կրեց առաջատար Ուկրաինան, որը 1,5-2,5 հաշվով զիջեց ԱՄՆ-ին, որն այս տարի թույլ է հանդես գալիս: Ուկրաինացիների սայթաքումը չինացիների առաջ կանաչ լույս վառեց, որոնք 3-1 հաշվով հաղթեցին Կուբային ու 13 միավորով դարձան միանձնյա առաջատար՝ Ուկրաինայից պոկվելով 2 միավորով:
Իսրայել-Հունգարիա մրցավեճն ավարտվեց 2-2, ինչը ձեռնտու էր Հայաստանին, քանի որ այդ երկուսը, ինչպես Կուբան, մեր թիմի մրցակիցներն էին բրոնզե մեդալների համար պայքարում: Իսկ ոչ-ոքիի դեպքում երկուսն էլ միավոր կորցրին:
Ռուսաստանը 3,5-0,5 հաշվով հաղթեց Եգիպտոսին:
Այսպիսով՝ Հայաստանը 8 տուրից հետո 9 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: Վաղը մեր ընտրանին մրցելու է հետնապահ Եգիպտոսի հետ. մեզ անպայման հաղթանակ է պետք՝ մրցանակակիր դառնալու համար:
Լուսանկարում՝ Հրանտ Մելքումյանը (armchess.am-ից)
Մեկնաբանել