
Վրաստանը կանանց աշխարհի նոր չեմպիոնն է, Հայաստանը 7-րդն է
Չինական Չենդու քաղաքում այսօր կայանում է կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրը: Արդեն ավարտվել է Հայաստան-Հնդկաստան մրցավեճը, որում 3-1 հաշվով հաղթել են հնդկուհիները: Մեր թիմից Լիլիթ Մկրտչյանն առաջին տախտակի վրա սպիտակներով հաղթեց մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող Հումփի Կոներուին, սակայն Գալոյանը, Կուրսովան, Գաբոյանը պարտվեցին: Այս խաղը մեր թիմի համար մարզական նշանակություն չուներ:
Այսպիսով՝ մեր թիմը տարավ 2 հաղթանակ, խաղաց 3 ոչ-ոքի եւ 4 պարտություն կրեց՝ վաստակելով 7 միավոր: Մեր թիմն այս ցուցանիշով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Աշխարհի չեմպիոն դարձավ Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ նվաճեց այս տիտղոսը: 2011-ին թուրքական Մարդինում Վրաստանը 3-րդն էր: Մինչ այս դա այդ թիմի միակ մեդալն էր աշխարհի առաջնություններում: Այսօր Վրաստանը չեմպիոնական ակորդով ավարտեց մրցաշարը՝ 2,5-1,5 հաշվով հաղթելով 2007, 2009, 2011 թթ. աշխարհի չեմպիոն Չինաստանին: Վրաստանը վերջնարդյունքում վաստակեց 17 միավոր:
Երկրորդը Ռուսաստանն է, որը 3,5-0,5 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին: Ռուսները վաստակեցին 15 միավոր: Երրորդը Չինաստանն է՝ 11 միավորով:
4-րդ տեղում Հնդկաստանն է, աշխարհի արդեն նախկին չեմպիոն Ուկրաինան բավարարվեց 5-րդ տեղով՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով հնդկուհիներին: Ուկրաինան այսօր 3,5-0,5 հաշվով հաղթեց Եգիպտոսին: Ղազախստանն ու Լեհաստանը 2-2 խաղացին եւ պահպանեցին իրենց դիրքերը 6-րդ եւ 8-րդ հորիզոնականներում: ԱՄՆ ու Եգիպտոսը եզրակափեցին տասնյակը:
Լուսանկարը՝ chengdu2015.fide.com-ի
Մեկնաբանել