Հայկական հայրենասիրության պարադոքսը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պատշաճ անցկացումը, ամեն ինչից զատ, համահայկական իրական ներուժի կենսագործման ստուգատես էր, և այդ քննությունը Հայաստանը և սփյուռքը հանձնեցին փայլուն կերպով: Անկախ Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ սփյուռքի լոբբիստական ռեսուրսները ներդաշնակորեն համադրվեցին Հայաստանի դիվանագիտական իրականում համեստ հնարավորություններին՝ գործելով ուժերի գերկենտրոնացվածությամբ, գերարդյունավետ՝ հանուն ընդհանուր, բոլորի համար պատկերացնելի և միանշանակ նպատակների: 100-րդ տարելիցը, ամեն ինչից զատ, իրականում ցույց տվեց, թե ինչի է ընդունակ հայկական աշխարհը, երբ թե նպատակների, թե դրանց հասնելու եղանակների հարցում առաջնորդվում է միևնույն պատկերացումներով ու սկզբունքներով:
Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, այս իրողությունը նաև բացահայտեց մի դառը իրականություն. Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչմանը հասնելու հարցն առայժմ այն միակ հանգրվանն է, որտեղ այդ նույն հայկական աշխարհը, փաստորեն, կարողանում է նման միասնականություն և նպատակասլացություն դրսևորել: Այսինքն՝ այս հարցում միասնականությունը հակադարձ համեմատականով ի հայտ բերեց մնացած գրեթե բոլոր հարցերում առկա ազգային անտարբերությունը, անհամախմբվածությունը և անծրագրայնությունը: Այսինքն՝ ազգային ինքնագիտակցության մեջ Ցեղասպանության գործոնը շարունակում է մնալ ոչ միայն ազգային ինքնության վերահաստատման միակ համոզիչ կերպը, այլև թե սփյուռքի ու թե մասամբ Հայաստանի գոյությունը պայմանավորող հիմնական կռվանը:
Մինչդեռ թվում էր, թե անկախության 24 տարիները պետք է բավարար լինեին, որպեսզի ինքնության վերահաստատման հիմնական միջոցի, հիմնական ազգային նպատակի, սփյուռքի ինքնապահպանության հիմնական խթանի դերում սկսեր հանդես գալ պատմական Հայաստանի մի փոքրիկ մասի վրա ձևավորված Հայաստանի և Արցախի պետականությունների գոյության պահպանման, կայացման և հզորացման տեսլականը՝ իբրև համազգային մնացած բոլոր խնդիրների լուծման, իղձերի իրականացման բանալի: Թվում էր, թե հենց այդ խնդիրը պետք է դառնար համահայկական կոնսենսուսի ամենաառաջնահերթ չափորոշիչը՝ մնացած բոլոր հարցերի նկատմամբ վերաբերմունք ձևավորելու, քաղաքականություն մշակելու պլաններ կառուցելու համար:
Նախ՝ հարցը, թե որքանով է Ցեղասպանության ճանաչման այս ամբողջ շարժընթացը բխեցվում Հայաստանի անվտանգության ապահովման խնդրից, կարծես թե պատասխան չի ստանում: Չկա նույնիսկ այն հարցի պատասխանը, թե ինչ է հաջորդելու 100-րդ տարելիցի սահմանը հատելուն, նույնիսկ ճանաչման գործընթացը հաջողությամբ ավարտրելուն: Ճանաչման խնդրից դուրս ամեն ինչ տեղափոխվում է ռոմանտիկայի, էմոցիաների, ուռա-հայրենասիրականության հարթություն:
Լոս Անջելեսում բողոքի երթի դուրս եկած հարյուրհազարանոց բազմությանն առաջ էր մղում հիմնականում «Ետ տվեք մեր հողերը» կարգախոսը: Որքան էլ աբսուրդային է, դա հնչեցնողների մի մասն այն մարդիկ էին, ովքեր հեռացել էին Հայաստանից վերջին 25 տարիներին: Մի մասն էլ այն մարդիկ են, ում համար Հայաստանն առավելագույնը ամառային արձակուրդներն անցկացնելու, Մասիս սարը տեսնելու բաղձանքն իրականացնելու միջոցն է, լավագույն դեպքում հայրենիքի հանդեպ պարտքը ամենամյա դրամահավաքին մի քանի դոլարի չափով մասնակցությամբ կատարելը:
Թվում է՝ հողերը ետ պահանջողներին առաջին հերթին պետք է մտահոգեր եղած Հայաստանը չկորցնելու խնդիրը: Այն հարցը, թե ինչու է այսքան արագ դատարկվում երկիրը: Եթե այս 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքը պահելու ընդունակություն չունենք, ապա ինչպե՞ս ենք պատրաստվում պահել ետ բերած հողերը: Եթե ինչ-որ հրաշքով հաջողվի կատարել այդ մարդկանց երազանքը, նրանցից քանի՞սն է գալու այնտեղ ապրելու, այդ տարածքները շենացնելու, հայկականացնելու, ո՞վ է վերցնելու հետագայում այդ հողերը պաշտպանելու պատասխանատվությունը. այսօրվա լոսանջելեսահա՞յը, ֆրանսահա՞յը, լիբանանահա՞յը, երևանահայ՞ը... Իսկ եթե այդ ամենի փոխարեն, Աստված մի արասցե, կրկին իր կոկորդում ցցվող հայկական հարցից վերջնականապես ազատվելու համար թուրքական զորքն անցնի Արաքսը, այդ մարդկանցից քանի՞սն են գալու զինվորագրվելու նոր սարդարապատներին, բաշապարաններին: Եթե պատրաստ են գալու, ապա ինչո՞ւ նրանք չկան մերօրյա «սարդարապատում»՝ հայ-ադրբեջանական ճակատում... արդեն ետ բերված Արցախը պաշտպանելու համար:
Հարցն այստեղ սփյուռքին ինչ-որ բաներում մեղադրելը չէ, ոչ էլ Հայաստանի և սփյուռքի միջև ինչ որ բաժանարարներ անցկացնելը: Սա համահայկական, թերևս, ազգային մտածողության, ներկայիս Հայաստանի, սփյուռքի առջև ծառացած իրական մարտահրավերների առկայության անբավարար գիտակցման համընդհանուր հարց է: Որովհետև այն նույն կերպ, ինչպես սփյուռքն է կրավորական իրական Հայաստանի նկատմամբ, այնպես էր Հայաստանն է կրավորական հայկական համայնքների կենսական խնդիրների նկատմամբ:
Այն ժամանակ, երբ ազգովի տարված էինք Ցեղասպանության 100-ամյակով ու ցնծում էինք այս կամ այն երկրի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայտարարությունների ընդունմամբ, քչերը նկատեցին և ահազանգեցին, որ հենց այդ պահին Հալեպում հայկական թաղերը հերթական հրետանակոծությանն էին ենթարկվում, հերթական մարդկային կորուստներն էինք ունենում, հերթական հայկական ընտրանիքներն էին բռնում գաղթի ճանապարհները: Երևանում պաշտոնական մակարդակով այդ օրերին որևէ մեկն այդ մասին այդպես էլ չհիշեց այնպես, ինչպես չհիշեց Հայաստանի վերահաս դատարկման, ինքնիշխանության աստիճանական վատնման պատճառով այս փոքրիկ պետությունը կորցնելու մասին:
Սա վերահաստատեց վաղուց բոլորին հայտնի այն ճշմարտությունը, որ չենք դադարում ապրել վիրտուալ, մեծ ու միացյալ Հայաստանի երազանքով, թեպետ այդ երազանքը ոչինչ չարժե առանց այս իրական, իր հրաշալիությամբ ու թշվառությամբ իրական Հայաստանի, առանց նրա ոտքի կանգնելու:
Ինչո՞ւ այն ռեսուրսների ու էներգիայի գոնե կեսը, որ օգտագործվում է Ցեղասպանության ճանաչմանը հասնելու հարցում, անհրաժեշտ պահին չի ուղղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում ստրատեգիական կամ տակտիկական խնդիրների լուծմանը: Ո՞վ է որոշել, որ Ցեղասպանության ճանաչումը ստրատեգիական առումով հիմա ավելի կարևոր է, քան ԼՂ հիմնահարցի լուծումը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու անթաքույց քաղաքականության հետևանքով կողմերի միջև ուժային հավասարակշռությունը խախտվում է անասելի արագությամբ: Մինչդեռ Հայաստանը թե սուբյեկտիվ և թե օբյեկտիվ պատճառներով չունի այս մրցակցությանը դիմակայելու բավարար ռեսուրսներ: Եվ մինչ Ռուսաստանում համարյա երկու միլիոն հայերի անունից հանդես եկող միությունը որդեգրել է Կրեմլի քաղաքականությունը ցանկացած, նույնիսկ Հայաստանի շահերին ակնհայտորեն հարվածող դեպքերում արդարացնելու ցարահպատակության անխախտ ուղեգիծը, որևէ մեկի մտքով չի անցնում դնել հայության ահռելի ռեսուսները սպառազինման, Հայաստանի քաղաքական վարկանիշը բարձրացնելու, տնտեսությունը բարենորոգելու ուղղությամբ կենտրոնացնելու խնդիրը:
Փաստ է, որ Հայաստանի և Արցախի սոցիակական, տնտեսական ու մշակութային արդիականացման, երկիրն այս փոսից հանելու որևէ ընդհանուր մտապատկեր, հայեցակարգ գոյություն չունի:
Երբ 2009 թ. Հայաստանի նախագահը կայացրեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմաները բացելու նպատակով հայտնի արձանագրություններն ստորագրելու քաղաքական որոշումը, համահայկական այնպիսի մի դիմադրություն առաջացավ, որ քիչ էր մնում Սերժ Սարգսյանը հավետ ազգային դավաճանի պիտակն ստանար: Մինչդեռ անվերահսկելի դարձող արտագաղթը, երկրի տնտեսության քայքայումը, և մոնոպոլիզացումը, արդարադատության ճգնաժամը, կոռուպցիան, ընտրական համակարգի չգոյությունը համարժեք որևէ արձագանքի չեն արժանանում: Ո՞վ է որոշել, որ ներհայաստանյան և ներարցախյան օրակարգերը համահայկական օրակարգեր չեն... և որ իրական հայակենտրոնությունը հայաստանակենտրոնությունը չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել