Մեծարվեցին Հայրենական Մեծ պատերազմի մասնակից բժիշկ-վետերանները
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Հիշում և հպարտանում եմ» խորագրով Հայրենական Մեծ պատերազմի մասնակից բժիշկ-վետերանների մեծարման միջոցառումը մեկնարկեց Հաղթանակի հուշաքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողությամբ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքին մատուցած ծառայության և հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ հայտարարվեց շնորհակալություն և պատվոգրեր հանձնվեց պատերազմի մասնակից 24 վետերան-բուժախատողների, որոնցից դահլիճում էին Զոյա Շաբարինան, Անիկ Պապյանը, Սոֆի Սարգսյանը և Սուրեն Ստեփանյանը:
«Ձեր ներկայությունը մեզ համար անչափ մեծ նշանակություն ունի: Դուք խորհրդանշում եք մեր հաղթանակները և մայիսյանազգային ազատագրական պայքարը։ Այժմ, երբ խաղաղությունը նորովի է արժևորվում, ևս մեկ անգամ հավաքվել ենք մայր բուհում ձեզ ասելու` փառք ու պատիվ, ինչպես նաև70-ամյա փառավոր հաղթանակի առթիվ գլուխ խոնարհելու մեր նահատակված գործընկերների և նրանց առջև, ովքեր այսօր մեզ հետ չեն»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ անգնահատելի է տարեցտարի պակասող վետերանների ներդրումը Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի գործում:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ Մեծ Հայրենականի մասնակից բժիշկ-վետերանների մեծարումով փորձ է արվում արտահայտել նրանց նկատմամբ ունեցած անսահման սերն ու երախտիքը։
«Հայաստանից Մեծ Հայրենականին մասնակցել է 430 բուժաշխատող, ովքեր կռվի դաշտում ճերմակ խալաթի հետ նաև զինվորական համազգեստ հագան: Զինվորի կյանքը փրկած բժիշկների մասին բազում գրքեր, աշխատություններ են գրվել: Շատ երիտասարդների համար հենց այս մարդկանց հերոսությունն ու նախանձելի մասնագիտական կամքը պետք է օրինակ ծառայեն»,- ողջունելով վետերաններին` ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:
Վետերաններին հուշամեդալներ հանձնեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա իր խոսքում ընդգծեց, որ 70 տարի առաջ հաղթական ելքի ապահովման գործում մեծ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը։ «Մեր ավագ սերնդի կատարած սխրագործություններն արտացոլվել են ժամանակակիցների գործողություններում` հաղթանակներ բերելով արցախյան գոյապայքարի ժամանակ։ Այդ մարտերում իրենց մեծ ներդումն են ունեցել նաև հայ բժիշկները»,- ասաց պաշտպանության նախարարը։
Միքայել Նարիմանյանը բժիշկ-վետերաններին հանձնեց ԵՊԲՀ-ի ոսկե մեդալ, իսկ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից տրվեցին հուշանվերներ:
ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած այս միջոցառումն առիթ էր ևս մեկ անգամ մեծարելու, երախտիքիխոսք ասելու և պարզապես հիշելու այն բուժաշխատողներին, ովքեր մարտի դաշտում ստանձնեցին ոչ միայն մարդկային հազարավոր կյանքեր փրկելու, այլև հայրենիքը պաշտպանելու անձնազոհ, վեհ առաքելությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել