
Վարչական վարույթ՝ «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների հանդեպ
Այսօր կայացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի որոշմամբ` մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների հանդեպ հարուցվել է վարչական վարույթ:
«Առկա տեղեկատվության համաձայն` տեղական ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը»,- տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` վերոնշյալ ընկերությունները մանրածախ առևտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի պայմաններ, որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած ևարտադրված ծխախոտի իրացումից:
«Օրինակ, խանութներին տրամադրում են թանկարժեք նվերներ,պայմանով, որպեսզի վերջինները հրաժարվեն վաճառել այլ ընկերությունների արտադրանքը: Արդյունքում ծխախոտ արտադրող և ներմուծող մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններում: Միաժամանակ,նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելուն՝ դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը»,- մանրամասնում է հանձնաժողովը:
Մեկնաբանել