HY RU EN

Ժամկետն անց ռենտգեն սարքեր. ռադիացիոն անվտանգությունը Հայաստանում փակ թեմա է (ինֆոգրաֆիկա)

Անի Հովհաննիսյան, Մարինե Մադաթյան 

Երեւանի պոլիկլինիկաներում ռենտգեն սարքերի մոտ 80 տոկոսը ժամկետն անց է։ Որքան հին է ճառագայթող սարքը, այնքան մեծանում է պացիենտների եւ սարքի հետ աշխատող անձնակազմի ճառագայթահարման ռիսկայնությունը։ Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին կառավարության N 1489-Ն որոշման մեջ նշվում է, որ եթե բժշկական ախտորոշման նպատակով պացիենտի ճառագայթահարման կուտակված արդյունարար դոզան հասնում է 0,5 Sv, ապա նրա հետագա ճառագայթահարումը թույլատրվում է միայն լուրջ հիմնավորումների առկայության դեպքում:

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում գործածվում են 1970-1980-ականների խորհրդային արտադրության ռենտգեն սարքեր, որոնք մերձբալթյան երկրներում եւ Ռուսաստանում արդեն վաղուց դուրս են գրվել։ «Ռում - 20», «Ռենտգեն - 30» սարքերի պիտանելիության ժամկետն, ըստ ռուսական աղբյուրների, 10 տարի է, սակայն Հայաստանում դրանք շարունակում են շահագործվել  30-40 տարի։

 

ռենտգեն սարքերը պոլիկլինիկաներում | Create infographics

 

Միջազգային փորձագետները՝ հին սարքերի մասին

Նորվեգիայի ռադիացիոն պաշտպանության մարմնի դոզիմետրիայի եւ բժշկական սարքերի բաժնի ավագ խորհրդական Անդերս Վիդմարկը, պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչ վնասակար ազդեցություն կարող են ունենալ ժամկետն անց սարքերը մարդկանց վրա, նշում է.  

«Սովորաբար, երբ ռենտգեն նկարի որակը ցածր է լինում, ռենտգենոլոգը ստիպված է լինում բարձրացնել ռադիացիոն դոզան՝ մաքուր պատկեր ստանալու համար: Սարքի մասին պատկերացում կազմելու համար պետք է հասկանալ նաեւ, թե ովքեր են աշխատեցնում այդ սարքը, արդյո՞ք նրանք ունեն անհատական դոզիմետրեր, արդյո՞ք անցել են համապատասխան վերապատրաստում եւ այլն: 12 ամիս Նեպալում աշխատելու իմ փորձից կարող եմ ասել, որ զարգացող երկրներում հիմնականում խնդիր է հին սարքերի առկայությունն ու մասնավորապես դրանք աշխատեցնելը: Այնտեղ խնդիր է նաեւ ձեռքով ռենտգեն նկարները երեւակելը՝ քիմիական նյութերի միջոցով: Նման երկրներում լինում են նաեւ մեծ հակասություններ կենտրոնական եւ գյուղական համայնքների միջեւ»,- նշում է ավագ խորհրդական Անդերս Վիդմարկը:

Ռենտգեն նկարները ձեռքով երեւակելը միայն Նեպալում չէ, որ խնդիր է. մենք այցելել ենք Երեւանի մի քանի պոլիկլինիկաներ, որտեղ աշխատում են հին սարքերով, ձեռքով են երեւակում նկարները՝ օգտագործելով քիմիական նյութեր:

Գերմանական «Սիմենս» ընկերությունը ռենտգեն սարքերի առաջատար արտադրողներից է: «Հետքը» կապվեց ընկերության հետ՝ պարզելու, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ ժամկետն անց խորհրդային արտադրության ռենտգեն սարքերը պացիենտի եւ բուժանձնակազմի վրա: «Սիմենսի» հասարակայնության եւ մեդիայի հետ կապերի պատասխանատու Մաթիաս Կրաեմերը տեղեկացրեց, որ հին սարքերով աշխատող բժիշկները ստիպված են լինում բարձր դոզաներ տալ՝ լավ պատկեր ստանալու համար. «Խորհրդային արտադրության սարքերի վերաբերյալ մենք հստակ ոչինչ չենք կարող ասել, բայց եթե ընդհանուր առմամբ դրանք համեմատենք 70-80-ական թվականների արտադրության «Սիմենս» սարքերի հետ, ապա պիտի նշենք, որ այդ թվականների արտադրության սարքերը 7-ից 10 սերունդ ավելի հին են, քան ներկայիս սարքերը»,- «Հետքի» պատասխանում գրել է Մաթիաս Կրաեմերը:

 

Ատոմային ճառագայթման ազդեցության հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի 2008թ.-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ 1-ին մակարդակի առողջապահություն ունեցող երկրներում ռենտգեն ախտորոշման ռադիացիոն միջին արդյունավետ դոզան 1997-2007թթ.-ին արտադրված սարքերի շնորհիվ նվազել է 3 անգամով՝ 1970-ականների համեմատ: 

Ռենտգեն դոզաներ 1970-2007 | Create infographics

 

Նշենք, որ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը 191 երկրների շրջանում առողջապահության արդյունավետությամբ զբաղեցնում է 104-րդ տեղը:  

Ռադիացիոն անվտանգության ստուգումները՝ բժշկական գաղտնի՞ք

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն (պետատոմհսկողություն) պետական հսկողություն է սահմանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում: Կոմիտեն նաեւ վերահսկում է բժշկական հաստատություններում ճառագայթող ախտորոշիչ ռենտգեն սարքերի անվտանգությունը: Կոմիտեի պատվերով՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ն տարեկան տեսչական ստուգումներ է անցկացնում բժշկական հաստատություններում՝ ստուգելով ռենտգեն սարքերի ռադիացիայի չափը՝ պացիենտների եւ անձնակազմի համար:

«Հետքը» հարցում է ուղարկել Պետատոմհսկողությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություն ՀՀ պոլիկլինիկաներում ճառագայթմամբ եւ ռադիոակտիվ նյութերով աշխատող բժշկական սարքավորումների տեսչական ստուգումների արդյունքի վերաբերյալ:  

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից մեզ պատասխանել են. «Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ կոմիտեն այդ տեղեկատվության տնօրինողը չէ: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, քանի որ այն բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք)»:

Ռենտգեն սարքավորումների ճառագայթային անվտանգությունը վերահսկող միակ պետական մարմինն այս կառույցն է, որը հրաժարվում է հրապարակել իրականացրած ստուգումների փաստաթղթերը:

Միակ տեղեկատվությունը բժշկական հաստատություններում անցկացրած ստուգումների վերաբերյալ Պետատոմհսկողության 2013թ.-ի տարեկան հաշվետվությունն է, որտեղ կոմիտեն հանգել է հետեւյալ եզրակացությանը. «Տեսչական ստուգումները և լիցենզավորման գործընթացը ցույց են տալիս, որ դեռեւս կան գեներացնող ճառագայթման աղբյուրներ, որոնք շահագործվում են ավելի երկար, քան դրանց երաշխիքային շահագործման ժամանակն է, որի պատճառով բարձր է դրանց օգտագործման ժամանակ հնարավոր ճառագայթային միջադեպերի հավանականությունը: Պետք է նշել նաև, որ նման սարքերի օգտագործումը բերում է պացիենտների ճառագայթահարման մեծ դոզաների»:

Ըստ նույն հաշվետվության՝ ոչ բոլոր բժշկական օբյեկտներն են հագեցված անձնակազմի և հիվանդների անհատական պաշտպանական միջոցներով, կամ օգտագործվում են շահագործման երաշխիքային ժամկետներն անցած անհատական պաշտպանական միջոցներ: Ճառագայթային անվտանգության ապահովման մակարդակը բժշկական կազմակերպություններում բավարար չէ, ինչը կոմիտեն հիմնավորում է անվտանգության պահանջների կատարման ոչ լիարժեք գիտակցման պատճառով:

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից անցկացված բժշկական 13 կազմակերպություններում անձնակազմի անհատական դոզիմետրիկ չափումների տվյալների համաձայն՝ անձնակազմի անհատական դոզաները գտնվում են 0.1mSv-5.0mSv սահմաններում: Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն նշված դոզաների վերին սահմանը համարում է ընդունելի, քանի որ այն  ցածր է տարեկան թույլատրելի սահմանային արժեքից (20 mSv):  

Որքանո՞վ են Պետատոմհսկողության պատվերով իրականացրած չափումները համապատասխանում իրականությանը: Ինչո՞ւ պացիենտներն ու հին սարքերի հետ աշխատող անձնակազմը պետք է վստահեն պետատոմհսկողության տվյալներին՝ մանավանդ, եթե դրանց մասին հստակ տեղեկություններ այդ մարմինը չի տրամադրում:  

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի վերջին հաշվետվությունը հրապարակվել է 2013թ.-ին, որում նշվում է, որ 19 առողջապահական կազմակերպություններում կատարված տեսչական ստուգումների ժամանակ 20-25% կազմակերպություններում են գրանցվել սարքերի աշխատանքային պարամետրերի շեղումներ, որի հետևանքով գրանցվել են պացիենտների ախտորոշման ուղղորդիչ մակարդակներից բարձր դոզաներ: Նշենք, որ միայն Երեւանում պետական պոլիկլինիկաներից 22-ը ունեն ռենտգեն սարքեր, հետեւաբար կոմիտեն ոչ բոլոր կազմակերպություններում է կատարում ստուգումներ: Այդ է պատճառը, որ ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը կոմիտեն համարում է գաղտնի:

Ծանոթացեք ժամկետն անց ռենտգեն սարքերին՝ ըստ բժշկական հաստատության

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ճառագայթային անվտանգության գծով գլխավոր մասնագետ Աիդա Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ իրենք կառավարությանը զգուշացրել են հին սարքերի վտանգավորության մասին, նաեւ առաջարկել դրանք փոխարինել նորերով:

«Ես կասեի, որ վերջին ժամանակներում առողջապահության նախարարությանը շնորհակալություն, որ նրանք ամեն ինչ անում են` փոխելու հին սարքերը, մենք նույնպես մեր կողմից տվել ենք առաջարկություն, որ սիրելիներս մենք ունենք հիվանդանոցներ, որտեղ շատ հին են սարքերը,անվտանգության խնդիրները պահանջում են, որ դրանք փոխվեն: Քիչ առաջ մեր անձնակազմին հարցրեցի, նրանք ասացին, որ մեզ մոտ գրանցված կազմակերպությունների 70 տոկոսն արդեն ունեն նոր սարքեր»,- ասում է Աիդա Ավետիսյանը:

Երբ նշեցինք, որ Երեւանի քաղաքապետարանի տրամադրած պոլիկլինիկաների սարքերի ցանկը բոլորովին հակառակ պատկերն է ցույց տալիս, Ավետիսյանը պատասխանեց. «Պոլիկլինիկաներում… այո կան պոլիկլինիկաներ, որտեղ փոփոխվում են, կան պոլիկլինիկաներ, որտեղ դեռ հին են, դե գիտեք ոնց, մենք, ասենք, պատասխանատու ենք անվտանգության համար, ես արդեն ասացի, որ սարքը կարող է հին լինել, բայց նրա պարամետրերը մեզ համար դեռ լինեն ընդունելի, այսինքն` նրանք չեն ստեղծում ճառագայթային այնպիսի ֆոն, որը մենք համարենք վտանգավոր անձնակազմի համար, ու մենք այդ պարագայում այդքան չունենք բան ասելու` գիտես դու պետք է փոխես, եթե նա անվտանգության բոլոր պարամետրերը ապահովում է, մենք ասում ենք` բարի, կգա ժամանակը, դուք էլ կփոխեք»,- ասաց Աիդա Ավետիսյանը:

«Մեդիտեք» ՍՊԸ-ն ռենտգեն սարքավորումների խոշոր ներկրողներից է Հայաստան: Ընկերության հիմնադիր եւ փոխտնօրեն Սամվել Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ նոր ռենտգեն սարքավորումները 150-200 հազար եվրո արժեն, ինչը, ըստ Խաչատրյանի թանկ հաճույք է մեր պետական հիմնարկների համար. «Մեր պետության վիճակն ինքներդ գիտեք, այդքան ֆինանսավորում չկա, որ պոլիկլինիկաներում նոր ապարատներ ձեռք բերեն, բայց անցած տարի քաղաքապետարանը մի քանի ապարատ ձեռք է բերել ու տվել պոլիկլինիկաներին. նրանց այլ ընկերություն է մատակարարել: Մենք պոլիկլինիկաներին դեռեւս ապարատ չենք մատակարարել. մասնավոր հիվանդանոցներին` այո, բայց ոչ պոլիկլինիկաներին»,- ասում է Խաչատրյանը:

Նշենք, որ Սամվել Խաչատրյանը նախկինում աշխատել է առողջապահության նախարարությունում եւ կարծում է, որ պոլիկլինիկաներում հին կամ չաշխատող սարքերի առկայության մեղավորները հաստատությունների տնօրեններն են:

«Ես բազմիցս իրենց ասել եմ, որ ամեն օր երբ նկար եք նկարում, փող եք չէ ստանում պետությունից, 10%-ը պետք է հատկացնեք այդ ապարատը թարմացնելու համար. չեն անում: Դրա համար էլ կարող է գնաք մի տեղ, տեսնեք, որ անդուր է. կաբինետն էլ է անդուր, ապարատն էլ անդուր վիճակում է: Բայց չի կարելի ասել, որ ապարատը հին է, դրանից է: Հարցը դնել, որ պետությունը կարողանա մեր պոլիկլինիկաներում բոլոր սարքերը թվայնացնի կամ նորացնի, մեծ ծախսեր է պահանջում, հնարավոր չէ, տեսնում եք` ինչ վիճակ է»,- ասում է Սամվել Խաչատրյանը:

Ստերեւ ծանոթացեք մեկ ռենտգեն նկարահանման համար պետության կողմից հատկացվող գներին՝ ըստ առողջապահության նախարարության 2015թ.-ին հաստատած նորմատիվների:

ռենտգեն-գին | Create infographics

Պետությունը 1950-2500 դրամ է վճարում պոլիկլինիկաներին՝ ժամկետն անց սարքերով բնակչությանն անվճար ճառագայթահարելու համար: Նրանք, ովքեր ցանկանում են առանց ռիսկի դիմելու հետազոտվել, պետք է այցելեն մասնավոր կլինիկաներ՝ վճարելով սեփական գրպանից: Ստացավում է Հայաստանի հանրապետության երաշխավորած անվճար բուժօգնությունը ռիսկային է եւ վտանգավոր առողջության համար: