
Հրանտ Վարդանյանի՝ սիրիահայերին նվիրաբերած 42 մլն դրամի ճակատագիրը
Սեդա Հերգնյան
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում սիրիահայերի նոր թաղամասի համար նախատեսված վայրում այսօր միայն ամայի հողատարածք կարելի է տեսնել:
Դեռ 2012 թվականին հղացավ Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ թաղամաս հիմնելու գաղափարը, որտեղ պետք է կառուցվեին բնակարաններ սիրիահայերի համար: Ծրագիրը մշակվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով, ՀՀ կառավարությունն էլ՝ հավանություն տվել: Կա նաև Աշատարակի ավագանու որոշումը: Ի սկզբանե հայտարարված է եղել, որ «Նոր Հալեպ»-ը սոցիալական ծրագիր չէ: Սիրիական պատերազմի հետևանքով 2012-ին մեծ թվով հայեր եկան Հայաստան: Նրանց մի մասն այսօր էլ ապրում է վարձով կամ ծանոթ-բարեկամների տանը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանի խոսքով՝ Նոր Հալեպում պետք է կառուցվեր 488 բնակարան: Ըստ հաշվարկի՝ հարկավոր էր 25 մլն դոլար: Այն պետք է կառուցվեր բարերարների աջակցությամբ: Եթե բարերարները նվիրաբերեին դրա, օրինակ, 15 մլն դոլարը, մնացած 10 մլն դոլարը պետք է հավաքվեր բնակարանի համար պայմանագիր կնքած սիրիահայերից՝ ըստ բնակարանի քմ-ի: Երբ Սփյուռքի նախարարությունը հայտարարեց ծրագրի մասին, սիրիահայերի շրջանում ոգևորության մեծ ալիք բարձրացավ: Նրանց խնդիրները համակարգելու նպատակով էլ հիմնադրվեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը», որը հանդիսանում է «Նոր Հալեպ» ծրագրի պատասխանատուն ու համակարգողը՝ Սփյուռքի նախարարության գլխավորությամբ: Բայց այսօր այդ ոգևորությունից այս կենտրոնում միայն դիմումներ են մնացել, որոնք խնամքով համարակալված պահվում են՝ հույսով, որ մի օր դրանց կհաջորդեն պայմանագրեր ու բարերարներների նվիրաբերությունների մասին տեղեկանքներ: Սակայն սայլը տեղից չի շարժվում:
Շուրջ 660 դիմում, 100 հազար դոլար, անորոշություն և ոչ մի հեռանկար
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ կառուցվելիք Նոր Հալեպում բնակարան ձեռք բերելու համար դիմում է ներկայացրել շուրջ 660 սիրիահայ: Դիմում ներկայացրածները տեղյակ են եղել, որ Աշտարակում է կառուցվելու թաղամասը և նշել են, թե որքան գումար են պատրաստ ներդնել բնակարանի համար:
Ծրագիրն իրականացնելուն աջակցելու նպատակով բարերար ներդրողների համար բանկում հաշվեհամար է բացվել: Ըստ Լ. Հալաջյանի՝ Նոր Հալեպի համար մինչ այսօր բարերարներն ընդհանուր նվիրաբերել են 52 մլն դրամ, որից 135 հազ. դրամը վճարվել է կադաստրային քարտեզավորման համար, 10 մլն 60 հազ. դրամը՝ երկրաբանական աշխատանքների: Նա «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» անունից անձամբ 175 նամակ է ուղարկել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող կայացած հայերին՝ առաջարկելով թեկուզ չնչին ներդրում կատարել «Նոր Հալեպ» ծրագրում, բայց այդ նամակներն անարձագանք են մնացել: Բացի այդ՝ դիմում գրած սիրիահայերից և ոչ մեկը գումար չի ներդրել բնակարանի համար, ոչ էլ՝ դիմումից հետո պայամանգիր կնքել: Լ. Հալաջյանն ասում է, որ դրա համար երկու պատճառ կա: Առաջինը՝ չստացվեցին ակնկալված նվիրաբերությունները, երկրորդը՝ մարդիկ հույս ունեին, որ կգնան Հալեպ, կվաճառեն իրենց անշարժ գույքն ու ունեցածը կներդնեն, որ այդ բնակարանների գումարի մի մասն էլ իրենք վճարեն, բայց չեղավ: Չնայած այս ծրագրի համար ոչ մի կոնկրետ հեռանկար չկա՝ սակայն, ըստ Լ. Հալաջյանի, իրենք դեռ փոքր հույս ունեն, որ նվիրաբերված գումարները կավելանան և ծրագիրը կյանքի կկոչվի: Նա ընդգծում է, որ այս դեպքում այդքան կարևոր էլ չի «Նոր Հալեպ»-ը կիրականանա, թե՝ մեկ այլ ծրագիր, կարևորը հայրենիքում հաստատված սիրիահայերին օգնել է, որ տանիք ունենան:
Այդուամենայնիվ, ինչ պետք է արվեն այդ գումարները և որքան ժամանակ է դեռ հարկավոր հասկանալու համար՝ «Նոր Հալեպ»-ն, ի վերջո, ձախողված համարել, թե ոչ: Լ. Հալաջյանն այս հարցերի պատախանները չունի: Ասում է, որ իրենց համար էլ այսօր ամեն ինչ անորոշ է: Բարերարների նվիրաբերած գումարից, հանած կադաստրային քարտեզավորման և երկրաբանական աշխատանքների գումարը, մնացել է 42 մլն դրամ՝ 100 հազար դոլար, որը հիմա պահվում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» «Արմենիա» մասնաճյուղում: Այդ 42 մլն դրամը նվիրաբերել է լուսահոգի գործարար Հրանտ Վարդանյանը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը» նաև չի մտածել՝ ինչ ճակատագիր կունենա 100 հազար դոլարը, եթե ծրագրի վերբերյալ եղած հույսն էլ, որը արդեն արադարացված էլ չի, մարի ու այն վերջնականապես ձախողված համարվի: Ըստ Լ. Հալաջյանի՝ կան տարբերակներ: Եթե կենտրոնը իրավասու լինի, ապա այն կարող է օգտագործել սիրահայերի համար այլ ծրագրերում, հնարավոր է դրա համար Վարդանյանի որդիների թույլտվությունը հարկավոր լինի: Կա նաև այլ տարբերակ՝ որդիներին վերադարձնել այդ գումարը, եթե նրանք, իհարկե, ընտրեն այդ տարբերակը:
Սակայն մամուլից տեղեկանում ենք, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն արդեն իսկ հայտարարել է, որ վերադարձնելու մտադրություն չունի: Նրա խոսքով՝ Հրանտ Վարդանյանը դա նվիրաբերել է ցանկացած ծրագրեր իրականացնելու համար: Ու եթե չկառուցվի Նոր Հալեպը, ապա՝ գումարները այլ ծրագրերում կներդրվեն:
Դիմում գրած սիրիահայերը «Նոր Հալեպ» -ի հետ վաղուց հույսեր չեն կապում
«Հետքը» զրուցեց մի քանի սիրիահայերի հետ, որոնք դիմում էին գրել «Նոր Հալեպ»-ում բնակարան ձեռք բերելու համար: Նրանց միայն մեկ հարց ենք տվել՝ ինչու՞ դիմումից հետո պայմանագիր չստորագրեցին բնակարանի համար: Պատասխանները հստակ են և միանման: Նախ, նրանք վաղուց էլ հույսեր չեն կապում այս ծրագրի հետ և այն միանշանակ տապալված են համարում: Առաջինն այն է, որ ծրագրի ողջ նպատակի հիմքում բարերարների ներդրումներն էին՝ որպես օգնություն սիրիահայերին: Այդ օգնությունը չստացվեց, իսկ առանց դրա՝ սիրիահայերի ունեցածը բավական չի եղել բնակարաններ գնելու համար: Հետո՝ նրանց մի մասը դեռ աշխատանք չի գտել, մի մասն էլ՝ ցածր վարձատրությամբ է աշխատում: Ուստի՝ չէին կարող վճարել իրենց բաժին գումարը: Ժամանակի ընթացքում նրանք նաև հասկացել են, որ աշխատելով Երևանում՝ չեն կարող ապրել Աշտարակում. ամեն օր Երևան գնալ-գալը լրացուցիչ ծախսեր էր առաջացնելու: Մի մասն էլ, երբ հերթը հասել է պայմանագրին, իրենց խնայողությունները ծախսած են եղել, իսկ Սիրիա գնալու և իրենց անշարժ գույքը վաճառելու, գումարը բերելու հնարավորություն չեն ունեցել: Մի մասի կարծիքով էլ՝ ի սկզբանե վստահություն չի եղել ծրագրի նկատմամբ:
Գալով Հայաստան՝ նրանք մի շարք խնդիրների առաջ են կանգնել, ոմանք զրոյից սկսել են նոր բիզնես հիմնել, ոմանք էլ սպասել են, որ Սիրիայում վիճակը հանդարտվի և վերադառնան այնտեղ՝ իրենց տները, շարունակեն իրենց աշխատանքով և բիզնեսներով զբաղվել: Մինչև պատերազմը Սիրիայում կյանքը բարեկեցիկ է եղել ու Հայաստանի այժմյան պայմաններն այնտեղ ապրած հայերի համար դժվար ընդունելի են: Ի վերջո, նրանց մեծ մասը հաշվի չէր առել, որ Հայաստանի կառավարությունը չի կարող իրենց այդպիսի բարեկեցիկ կյանք ապահովել՝ չկա համապատասխան բյուջե, կա աշխատատեղերի պակաս, և իրենք պետք է այստեղ ապրեն ու աշխատեն այն տեմպերով, ինչպես անում են իրենց մնացած հայրենակիցները: Բայց այսօր նկատելի է, որ Սիրիայից Հայաստան եկած հայերի մի մասն ընտելացել է հայրենիքի պայմաններին, մի մասն էլ այստեղ ջանք չի խնայում նոր բիզնեսի սկսելու, կամ աշխատանք գտնելու համար:
Մեկնաբանել