Նա եկավ 3 տարով եւ մնաց ընդմիշտ…
Վիրաբույժ Վալերի Սարգսյանը դեռ 1988 թ. սկսված միտինգներից ու ցույցերից վառոդի հոտ էր առնում: Սարգսյանի կինը` Նելիկ Սարգսյանը, հիշում է, որ ամուսինն անընդհատ ասում էր, թե այս ամենի վերջը պատերազմն է:
1972 թ. ավարտելով Բաքվի Նարիմանովի անվան բժշկական ինստիտուտը` վիրաբույժը գործուղվել է այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտունի քաղաք: «Նա 3 տարով էր գործուղվել Մարտունի եւ մտադիր էր ժամանակը լրանալուն պես վերադառնալ Բաքու: Բայց շուտով մենք ծանոթացանք ու ամուսնացանք, այնուհետեւ ծնվեցին մեր 3 աղջիկները, եւ նա արդեն էլ չէր մտածում Բաքու վերադառնալու մասին: Իսկ երբ սկսվեց շարժումը, այդ հարցն ընդհանրապես քննարկման ենթակա չէր»,-ասում է տիկին Նելիկը:
Չնայած Վալերին ղարաբաղցիների ընտանիքում է մեծացել, բայց հայերեն բառ անգամ չգիտեր: Սակայն դա չէր խանգարել հայոց պատմության, գրականության նրա իմացությանը, անգամ հայկական ժողովրդական երգերից պատառիկներ էր երգում: Տիկին Նելիկը պատմում է, որ պատերազմական գործողությունների սկսվելուն պես նա ամուսնուն տանը հազվագյուտ է տեսել: Օր ու գիշեր զինվորական հոսպիտալում էր: «Հազիվ տասը օրը մեկ մի քանի ժամով գալիս էր տուն` շորերը փոխելու եւ երեխաներին տեսնելու: Պատերազմի ամբողջ ընթացքում նա ընդամենը 3 օրով է բացակայել, երբ գնացել էր Երեւան` հոր թաղմանը»,- հիշում է կինը:
Բժշկի ծնողները Բաքվի դեպքերից հետո մազապուրծ փախել են Երեւան, որտեղ էլ 1993 թ. բժշկի հայրը մահացավ: Տիկին Նելիկը պատմում է, որ ամուսինը չէր համակերպվում երիտասարդ տղաների մահվան փաստի հետ: «Մի օր շատ վիրավորներ բերեցին: Ես երեխաների հետ նկուղում էի, իսկ նկուղի մյուս սենյակում զինվորական հոսպիտալն էր տեղակայված: Մի ջահել տղա բերեցին, չկարողացան փրկել: Ամուսինս խնդրեց ծնոտը կապել, իսկ ինքը, ափերի մեջ սեղմելով գլուխը, ոռնոցի նման մի ձայն հանեց ու սկսեց բարձր արտասվել` ասելով` ի¯նչ ափսոս, ի¯նչ ափսոս, տղան ընդամենը 18 տարեկան է: Ամեն մի մահացողի հետ ինքն էլ էր մահանում»,- ասում է տիկին Նելիկը:
Պատերազմի տարիներին սննդի բացակայության պայմաններում, երբ տիկին Նելիկին հաջողվում էր մի քիչ միս ձեռք բերել, ամուսինը խստիվ արգելում էր խորովել այն: «Նա ասում էր` եթե այնքան միս ունես, որ կկարողանաս հյուրասիրել մեր բակի բոլոր երեխաներին, միսը խորովի, իսկ եթե ոչ, ապա ոչ մի դեպքում: Ես չեմ կարող նայել այն սոված երեխաների աչքերին, երբ իմ երեխաները կուշտ են»,- պատմում է կինը` հավելելով, որ միայն վերջերս զրույցի մեջ հարեւանուհին պատմեց, թե ինչպես է բժիշկը, հանդիպելով աստիճանների վրա, ձեռքի փաթեթը տվել իրեն: Երբ տանը հարեւանուհին բացել է այն, տեսել է, որ քաղցրավենիք է, ինչ-որ մեկը հյուրասիրել է բժշկին, իսկ նա հարեւանին է տվել ու այդ մասին տիկին Նելիկին ոչինչ չի ասել:
Վ. Սարգսյանը պատերազմի տարիներին բուժօգնություն է ցույց տվել ոչ միայն Մարտունիում, այլեւ Քարվաճառում ու Մարտակերտում: Կինը պատմում է, որ պատերազմի ամենասկզբում Մարտունու շրջանային հիվանդանոցի մոտակայքում ընդհարում էր տեղի ունեցել ադրբեջանցիների հետ, ու փոխհրաձգության ժամանակ հիվանդանոցի վարորդը վիրավորվել էր: Ոչ մեկը չէր համարձակվել մոտենալ վիրավորին, բայց Վ. Սարգսյանը չէր կարող նայել ու ոչինչ չանել: Նա մոտեցել էր արդեն թպրտացող վարորդին, որ փորձի օգնել, ու ինքն էլ այդ պահին թեթեւակի վիրավորվել սրունքից: Տիկին Նելիկը խոստովանում է, որ ամուսնու բախտն ուղղակի բերել էր. միայն քերծվածք էր ստացել:
Պատերազմի ավարտից հետո էլ բժիշկ Սարգսյանը շարունակեց աշխատել Մարտունու Մոնթե Մելքոնյանի անվան զինվորական հոսպիտալում: 1995 թ. հունվարի 13-ին մահացավ Վ. Սարգսյանը: Հետմահու նա պարգեւատրվեց «Արիության» մեդալով:
1996 թ. Վալերի Սարգսյանի 55-ամյակի կապակցությամբ բժշկի գործընկերները Մարտունու շրջանի նրա հայրական Կաղարծի գյուղի «Բալի բաղ» կոչվող տեղամասում հուշաղբյուր կառուցեցին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել