HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտի» հանքավայրի ռիսկերը. խորհրդատվական ընկերությունը ծրագիր է ներկայացրել

«Թեղուտ» ՓԲԸ-ի պատվերով բրիտանական «WSP» խորհրդատվական ընկերությունը 2014թ.-ին կատարել է Թեղուտ և Շնող համայնքների վրա Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության սոցիալական ու առողջապահական ազդեցության գնահատում`լեռնահանքային համալիրի շահագործման և փակման փուլերի համար:

Հանքավայրի 1-ին փուլի շահագործումը կտևի 25 տարի: Մշակվել է նաև հանքի փակման ծրագիր: «WSP»-ի խորհրդատվությունը Թեղուտ ՓԲԸ-ին լինելու է շարունակական: Ծրագրում նախնական գնահատական է տրվել և պարզվել է գյուղերի սոցիալական և առղջապահական ելակետային վիճակը և որոշվել է այն հիմնական ոլորտները, որոնք ենթակա են հետագա մոնիթորինգի, հնարավոր միջամտության ու ազդեցությունը մեղմացնող միջոցառումների: Գնահատման տվյալներից ելնելով՝ «WSP»-ին իր փաստաթղթում առաջարկում է նաև Թեղուտի լեռնահանքային համալիրի սոցիալական և առողջապահական ազդեցությունների մեղմացման միջոցառումներ:

 «Ըստ այդ միջոցառումների՝ բացասական ազդեցությունների ռիսկերը կկրճատվեն այնքան, որքան գործնականում հնարավոր է»,-նշված է ներկայացված ծրագրում: «WSP»-ի խորհրդատվական առաջարկներն իրականացնելու դեպքում «Թեղուտ» ՓԲԸ-ն ակնկալում է, որ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման մեկնարկից 6 ամսվա ընթացքում ընկերությունում արդեն ներդրված կլինեն և արդյունավետ կգործեն էկոլոգիական կառավարման ISO 14001 և OHSAS 18001 համակարգերը:

«Արդեն թևակոխել ենք «Թեղուտ» ՓԲԸ-Ի հետ համագործակցության 2-րդ փուլը, 1-ին փուլում պարզել ենք, թե ինչ գործողություններ են իրականացվում ծրագրի շրջանակում և մշակվել են ղեկավարման պլաններ: Երկրորդ փուլը միտված է համոզվելու, որ այդ պլանները իրագործվում են: Այդ դեպքում Թեղուտ ՓԲԸ-ն ձեռք կբերի հավաստագիր` Թեղուտի ծրագիրը եվրոպական չափանիշներին համապատասխանելու մասին»,- «Հետքին» հայտնեց ծրագրի ղեկավար Ստեֆանի Թիրելը:

Ստեֆանի Թիրել՝ ձախից Նիլ Բարքեր

Ապրիլի 28-ին Շնողի մշակույթի տան կիսադատարկ դահլիճում ծրագրի տնօրեն Նիլ Բարքերը Շնող և Թեղուտ գյուղերի սոցիալական և առողջապահական ազդեցությունների «WSP»-ի զեկույցը ներկայացրեց բնակիչների նախնական գնահատմանը: Շնորհանդեսից հետո ապրիլի 29-ին` ընդամենը մի քանի շնողցիներ էին ներկայացել կարևոր ծրագրի քննարկմանը: Ապրիլի 30-ին գյուղերի խոցելի խմբերի հետ ծրագրի ղեկավար Ստեֆանի Թիրելի հանդիպմանը Թեղուտից որևէ մեկը չէր ներկայացել` ներկա էին շնողցի 30 կանայք:

Գյուղապետ Ֆրունզե Նորեկյանի ասելով, արդեն մի քանի տարի է՝ ընկերության ղեկավարները թեղուտցիներին խոստանում են վերանորոգել Թեղուտի 40 բնակելի տների տանիքները, սակայն խոստումը չի կատարվում: Այդ պատճառով էլ թեղուտցիներն ընդհանրապես չեն ուզում մասնակցել «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարների հետ հանդիպումներին: «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ ունեցած աշխատանքային հարաբերություններից քննարկմանը դժգոհություն հայտնեց նաև Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը: Քննարկումներին ներկա շնողցիներն իրենց կյանքին և առողջությանը վերաբերող կարևոր փաստաթղթին ծանոթանալու փոխարեն, թախանձագին դրամական օգնություն և այլ աջակցություններ էին խնդրում ընկերության ղեկավարներից:

«Ազդակիրների կարիքներն ու մտահոգությունները ցույց են տալիս, որ նրանց զգայունությունը բացասական ազդեցությունների նկատմամբ բարձր է»,- հայտնում է «WSP»-ի ծրագիրը: Նիլ Բարքերը ներկայացրեց Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության hնարավոր դրական և հնարավոր բացասական ազդեցությունները: Նշեց, որ Թեղուտի լեռնահանքային համալիրում Թեղուտ և Շնող գյուղերից աշխատում են 432 հոգի, որից 179-ը` Թեղուտից, իսկ 253-ը` Շնողից են:

Ըստ բանախոսի՝ դրա արդյունքում ձևավորվել է տեղական և մարզային մատակարարման շղթա, որի հետևանքով գրանցվել է շրջանառվող եկամտի աճ, շահույթի աճ և ապագա ներդրումների հնարավորությունների աճ: Գյուղերի տնային տնտեսությունների արձանագրված ծախսերի աճը ստեղծում է հավելյալ բիզնեսի հնարավորություններ: Նիլ Բարքերը հայտնեց, որ արձանագրվել է Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության բացասական ազդեցություն ունեցող փոշու, աղմուկի և տեսողական խնդիրների զգալի ավելացում, աշխատանքային առողջության անվտանգության և ռիսկերի, աշխատանքի հետևանքով ձեռք բերված հիվանդությունների աճ:

Նիլ Բարքերը գտնում էր որ այդ ոլորտները պետք է մշտական հսկողության տակ պահվի համայնքի և տարածաշրջանի առողջապահական հիմնարկների կողմից: Պատասխանելով մեր հարցին՝ Ն. Բարքերն ասաց, որ Շնողի բժշկական ամբուլատորիան իր բժշկական սարքավորումներով և անձնակազմով կարող է վերահսկել գյուղացիների և համալիրի աշխատողների վրա լեռնահանքային համալիրի բացասական ազդեցությունները: Նա առաջարկում էր ազդակիր համայնքերի ջրամատակարարման ոլորտում նույնպես անցկացնել շարունակական մոնիթորինգ:

«Ինձ միայն մի հարց է հետաքրքրում, ես 77 տարեկան մարդ եմ, հենց Շնող գետի ափին ունեմ այգի, որից ես օգտվում եմ: Էդ ջրիցը անասունը չի օգտվում, թունավոր ա: Հիմա ես իմ այգում վարունգ եմ ցանում, այլ բանջարեղեն եմ ցանում, իմ երեխան, իմ թոռնիկը իրավունք ունի՞ այն ուտելու, թե՞ ոչ»,- Նիլ Բարքերին դիմեց շնողցի Մարտուն Մարգարյանը:

Մարտուն Մարգարյանը` ձախից Գագիկ Արզումանյան

«Ուզում են Ձեզ տեղեկացնել, որ ներկայումս իրենք ուսումնասիրում են ջրի քիմիական բաղադրությունը: Փորձում են պարզել աղտոտման աղբյուրները: Այնպես է ստացվել, որ երբ անձրևներ են գալիս, անհնարին է, որ ցեխաջրերը չլցվեն գետը: Բայց, իհարկե, մենք հասկանում ենք, որ մի բան է, եթե ցեխաջրերն են լցվում գետը և մեկ այլ բան է , եթե գետը աղտոտված է քիմիկատներով, որը կարող է վնասել մարդկանց և կենդանիներին: Այդ խնդիրները գտնվում են շարունակական վերահսկողության տակ և միշտ վերահսկողության տակ են գտնվելու»,-բացատրեց Նիլ Բարքերը: Վերջինս նկատեց, որ իր պատասխանը չգոհացրեց Մ. Մարգարյանին:

Ն.Բարքերը  «Վալլեքս» խմբի ընկերությունների կայուն զարգացման վարչության պետ Գագիկ Արզումանյանին առաջարկեց պատասխանել գյուղացու հարցին: «Այո, կարող եք հանգիստ տալ ձեր երեխային և թոռներին: Որպես դրա երաշխիք, ես պատրաստ եմ իմ երեխաների հետ առաջինը համտեսել Ձեր ծառերի միրգը, նոր դրանից հետո տալ Ձեր երեխաներին ու թոռներին»,- վստահեցրեց Գ. Արզումանյանը: «Ծառը ջրում ենք, երեսը փրփուր ա լինում, ծառը չի աճում էդ ջրիցը»,- վրդովված Գ. Արզումանյանին հակադարձեց գյուղացին:

Գնահատման մեջ տեղ չէր գտել լեռնահանքային համալիրի գործունեության քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ռիսկերը: Վերջինիս առնճվող «Հետքի» հարցին Նիլ Բարքերը պատասխանեց, որ այս պահին քաղցկեղի ռիսկը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում և պատկանում է հնարավոր ռիսկերի դասին: Այս պահին առավել բարձր է շնչառական հիվանդությունների ռիսկայնությունը, որոնք արտահայտվում են պարզագույն ալերգիայից մինչև ասթմայի տեսքով: Ծրագրի տնօրենը, սակայն, բացատրեց, որ քաղցկեղային բակտերիան կարող է առաջանալ ծանր մետաղների կամ փոշու շատացման հետևանքով: Նա հավելեց նաև, որ հիմնականում քաղցկեղի ռիսկի աղբյուրը նույնն է հանդիսանում, ինչ շնչառական ռիսկինը: «Մեր դերը, որպես հիմնական տեխնիկական խորհրդատուի, կայանում է նրանում, որ վստահ լինենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում գոյություն ունի հստակ կառավարման համակարգ, որը վերահսկելու է ազդեցությունների հնարավոր ռիսկերը, որ դրանք իրական ռիսկեր չդառնան»,- բացատրեց Նիլ Բարքերը:

Մեկնաբանություններ (1)

Լոռեցի
Էդ ջահելներին իրենք բերել են, տեղավորել, կերցրել ու խմեցրել, նրանք էլ ինչը՜ ուսումնասիրեն ու գրեն: Նիլին ու Թիրին Շնողի ու Թեղուտի բոլոր հարցերը պիտի կարգավորեն - մեր խելքին ձյուն գա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter