HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Հայաստանում նախագծված սարքերը Հայաստանում էլ կարտադրվեն

Երևանի ինժեներական ասոցիացիայի «YEA Manufacturing» գործարանը կիրականացնի Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների կողմից նախագծված սարքերի արտադրումը:

Տպասալիկները ներմուծվում կամ արտադրվում են տեղում: Դրանց վրա հավաքվում են դետալները՝ միկրոէլեկտրոնային բաղադրիչները: Եթե տպասալիկների թիվը գերազանցում է 100-ը, դրանք հավաքվում են ավտոմատացված համակարգի միջոցով: Բաղադրիչներն անցնում են թեստովարում՝ պարզելու, թե արդյոք կարելի է անցնել հաջորդ փուլ: Տպասալիկն ամբողջությամբ հավաքելուց հետո այն ենթարկվում է որակի վերահսկման և փաթեթավորվում:

«Ինչն է կարևոր՝ ամբողջ նախագիծն է էստեղ արվում: Դա մի բան չի, որ պարզապես բերվել ա էստեղ ու հավաքվում ա: Սա նախագծված է Հայաստանում ու արտադրված է Հայաստանում»,- այսօր՝ գործարանի բացման ժամանակ, ասաց արտադրամասի ղեկավար Արսեն Առուստամյանը: Վերջինս չգիտի, թե արդյոք կան նմանատիպ այլ արտադրամասեր, բայց վստահ է, որ իրենք առաջիններից մեկն են: Արտադրամասի ղեկավարը կարևորում է հատկապես այն, որ իրենք ոչ միայն արտադրումն են իրականացնում, այլև դրան նախորդող՝ նախագծի համար արտադրման պրոցես ստեղծելու փուլը:

Գործարանը այժմ համագործակցում է մեկուկես տասնյակ տեղական ընկերությունների հետ: Արսեն Առուստամյանը չցանկացավ նշել դրանց անունները, քանի որ չգիտի, թե որքանով է այդ տեղեկությունը «կոնֆիդենցիալ»: Պատվերների մեծ մասը, իր տեղեկություններով, արտահանվում է:

«YEA Manufacturing»-ը դեռևս ունի 15 մասնագետներից բաղկացած տեխնիկական աշխատակազմ: Ընդգրկված են տարբեր որակավորում ունեցող անձինք, օրինակ՝ բարձրագույն կրթությամբ ճարտարագետներ՝ տեխնոլոգիական պրոցեսը մշակելու համար կամ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներ՝ տպասալիկները հավաքելու համար:

«Մենք հստակ ունենք աշխատակազմ՝ 15 հոգանոց: Բնականաբար, արտադրության մեջ միշտ լինում են պիկային պատվերների պահեր: Այդ դեպքերում մենք ունենում ենք մասնագետներ, որոնց ներգրավում ենք՝ պիկային պահանջարկը բավարարելու համար»,- ասաց Ա.Առուստամյանը:

Տեխնիկական անձնակազմն այժմ տեղակայված է մեկ սենյակում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տարածքում: Ընկերության հիմնական նպատակը, ըստ արտադրամասի ղեկավարի, Բագրևանդում (Ջրվեժ) կառուցվելիք ինժեներական քաղաք տեղափոխվելն ու ավելի ընդլայնված մասշտաբներով գործելն է:

Լուսանկարը՝ yerevan.today-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter