
Չեղյալ համարեք Թռչկանի ջրվեժի մոտ ՀԷԿ կառուցելու թույլտվությունը
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Մենք՝ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից երեկ տարածված հայտարարությունը դեռեւս չի նշանակում, որ խնդիրը ստացել է վերջնական (դրական) լուծում:
Խնդիրը վերջնական լուծված համարելու համար ՀՀ բնապահպանության նախարարից պահանջում ենք, որպեսզի իր առաջարկությամբ.
1. ՀՀ կառավարությունը ուժը կորցրած ճանաչի հողերի կատեգորիան փոխելու մասին ՀՀ կառավարության կողմից 15/07/2004թ. ընդունված N 1022 որոշումը, որով ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնու գյուղական համայնքի պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության մեկ հեկտար այլ հողեր փոխադրվել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի եւ օժանդակ կառույցների շինարարության համար:
2. Վերականգնվի վերոնշյալ որոշմամբ փոփոխված հողերի կատեգորիայի նախկին կարգավիճակը, և/կամ համապատասխան մասնագիտական և շահագրիռ կողմերի հետ քննարկելուց հետո նշյալ հողատարածքը ամբողջությամբ կամ մասնակի ներառվի բնության ջրագրական հուշարձան համարվող «Թռչկան» ջրվեժին պատկանող պահպանվող գոտում, կատարվի բնության հուշարձանի անձնագրավորում և սահմանվի պահպանության ռեժիմը:
3. Ուժը կորցրած ճանաչվի «ՀՀ Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին 21.06.2010թ. տրված N ԲՓ 58 դրական փորձաքննական եզրակացությունը:
4. Ուժը կորցրած ճանաչվեն ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված ջրօգտագործման համապատասխան թույլտվությունները եւ ջրօգտագործման իրավունքի գրանցումն ու դրա հիման վրա տրված վկայականը:
5. Անհապաղ դադարեցվի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման 07/04/2010թ. N 0348 լիցենզիայի գործողությունը:
6. Վերականգնվի տվյալ տարածքում բնությանը հասցված վնասը:
7. Սեղմ ժամկետում քայլեր ձեռնարկվեն «Թռչկան» ջրվեժի' որպես բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը կազմելու և հաստատելու ուղղությամբ, այդ գործընթացում ներգրավելով նաեւ շագարգիռ կողմերին, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներին:
Մենք հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը, մինչեւ վերոնշյալ բոլոր պահանջների վերջնական իրականացումը»:
Մեկնաբանել