
«Ալեքս Գրիգը», «Տոյոտա Երևանն» ու «Օրանժ Արմենիան» զիջել են դիրքերը խոշոր հարկատուների ցանկում
«Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Արմենիա տելեֆոն կոմպանի», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ալեքս Գրիգ»՝ սրանք այն առաջին 5 ընկերություններն են, որոնք 2015 թվականի առաջին եռամսյակում ամենաշատ հարկերն են վճարել պետությանը. Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակել է 2015 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Այն պետբյուջե է փոխանցել 15,077 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերը նվազեցնելով 2,66 մլրդ դրամով:
Առաջին հնգյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, փոփոխություններ են արձանագրվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության մասով: 2014-ի առաջին եռամսակում «Ալեքս Գրիգ»-ը վճարած հարկերով զբաղեցրել էր երկրորդ տեղը, սակայն այս տարի նահանջել է 5-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա 5,225 մլրդ դրամի փոխարեն վճարելով 3,931 մլրդ դրամ: Իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, ընդհակառակը, ավելացրել է հարկերի ծավալն ու հայտնվել երկրորդ տեղում. վճարել է 4,596 մլրդ դրամ՝ 2014-ի 1,830 մլրդ-ի դիմաց:
Խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականում «Արմենտելն» է՝ մոտ 4,2 մլրդ դրամի հարկերով։ 4-րդ-ում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատը»` մոտ 4 մլրդ դրամ:
Երկրորդ հնգյակում են «Ֆլեշը», «Գրանդ-Տոբակո հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը», «ՀԱԷԿ»-ը, «Սինփիէս Օիլ Քորփորեյշնը», «Ռենկո Արմէստեյտը»: Այստեղ էլ դիրքերն է բարելավել «ՀԱԷԿ»-ը՝ պետությանը վճարելով 1,999 մլրդ դրամի հարկ՝ 2014-ի 1,243 մլրդ դրամի փոխարեն: Մյուսը «Ռենկո Արմէստեյտն» է, որը նախորդ տարվա 45-րդ հորիզոնականից (605,5 մլն դրամ) բարձրացել է 10-րդ հորիզոնական՝ վճարելով 1,956 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարվա համեմատ դիրքերը զիջել է «Տրանսգազ» ընկերությունը, որը «Գազպրոմ Արմենիայի» դուստր ձեռնարկությունն է: Այս տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը վճարել է 1,495 մլրդ դրամի հարկ՝ 2014-ի 1,837 մլրդի փոխարեն ու դուրս է եկել առաջին տասնյակից:
2014-ի առաջին եռամսյակում զգալի առաջընթաց էր գրանցել «Օրանժ Արմենիան»՝ 1,5 մլրդ դրամ ցուցանիշով զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: Բայց այս տարվա տվյալներով՝ այն առաջին տասնյակում չկա: «Օրանժ Արմենիան» 10-րդ հորիզոնականից իջել է 30-րդ հորիզոնական:
Նվազում է արձանագրել նաև «Տոյոտա Երևան» ընկերությունը, որը «Տոյոտա» ընկերության պաշտոնական դիլերն է և պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին: Վերջինս 2014 թվականին Հայաստանի խոշոր հարկատուրների մեջ եղել է 20-րդը (1,1 մլրդ դրամ), իսկ այս տարի՝ 137-րդը (188 մլն դրամ):
Աչքի է ընկնում նաև «Թեղուտի» ցուցանիշը: Այս տարվա առաջին եռամսյակում Թեղուտի պաշարների արդյունահանման և վերամշակման իրավունքը ստացած «Թեղուտ» ՓԲԸ պետությանը վճարել է 1,208 մլրդ դրամի հարկ: Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի մեկնարկը տրվել է 2014-ի դեկտեմբերից:
Ընդհանուր առմամբ, ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները 2015 թվականի առաջին եռամսյակում վճարել են 152,3 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա 154,3 միլիարդ դրամի դիմաց։
Իսկ թե այս կամ այն ոլորտում գործող մրցակից ընկերությունները (բանկային ոլորտ, հանքարդյունաբերություն, ծխախոտի արտադրություն, հյուրանոցներ և այլն) ինչ դիրքեր են զբաղեցրել իրար նկատմամբ և ինչպես է շուկան ազդել նրանց վճարած հարկերի վրա, «Հետքը» կներկայացնի առաջիկայում:
Մեկնաբանել