
«Ի՞նչ է, մենք դարձել ենք մաֆիոզ Ազգային ժողո՞վ». հարկային օրենսդրության փոփոխությունը զայրացրեց Հ. Բագրատյանին
Կառավարության նախաձեռնոթյամբ այսօր Ազգային ժողովը արտահերթ կարգով քննարկում է «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերում:
Նախագծով առաջարկվում է, որ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված, ԵՏՄ տարածքում որոշ ծրագրերի իրականացման շրջանակներում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվի 13 տոկոս դրույքաչափով:
Իսկ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողի շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվի 5 տոկոս դրույքաչափով, եթե վերջիններս բացառապես ՀՀ տարածքից դուրս գործունեություն են իրականացնում շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում:
Կառավարությունը հիմնավորում է, որ առաջարկվող օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի արտահանման հնարավորությունների զարգացման և մրցակցության բարձրացման անհրաժեշտությունից:
Ըստ կառավարության՝ նշված նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը և կխթանի շինարարական ծառայությունների արտահանմանը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներին ներգրավել նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից:
«Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով: Մյուս կողմից նաև լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե՝ չվնասելով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությանն արտահանման շուկաներում: Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաեւ շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին իրենց աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ»,- կարծում է կառավարությունը:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ լրջագույն օրենք է քննարկվում, բայց «թեթևամիտ» ձևով: Ըստ պատգամավորի՝ նման օրենքները «ափալ-թափալ» չեն քննարկում, իսկ օրենքը որևէ քննադատության չի դիմանում:
«Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ նման օրենք եք ընդունում, այսպե՞ս ենք մեր գործընկերային պարտավորությունները կատարում: Բա որ այստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի: Երկրորդ՝ ես հոգնել եմ արտասահմանյան հայ օլիգարխներից: Նրանք մի օր մեր պետությունը կքանդեն, արդեն լրիվ քանդում ենք մեր հարկային դաշտը»,- ասաց Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ առաջին անգամ է տեսնում, որ շահութահարկով և եկամտային հարկով հարկում են ըստ աշխատանքների:
Պատգամավորին զարմացնում է նաև այն տրամաբանությունը, որ Հայաստանում աշխատողը պետք է հարկվի 24, իսկ Ռուսաստանում աշխատելու դեպքում՝ 13 տոկոսով: «Ինչ եք ասում, ասում եք արտագաղթի՞, հոգնե՞լ եք մեզանից: Նման բան առաջին անգամ եմ տեսնում: Պարոն Սահակյան, ո՞նց կարող է նման նախագիծ մտնել Ազգային ժողով: Ի՞նչ է, մենք դարձել ենք մաֆիոզ Ազգային ժողո՞վ, ո՞նց կարելի է նման բան թույլ տալ»,- դիմելով ԱԺ նախագահին ասաց պատգամավորը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ հարկման արդարացիության տեսանկյունից ճիշտ է, որ միևնույն չափի եկամուտները հարկվեն միևնույն դրույքաչափերով:
«Սա աքսեոմա է և ես չեմ փորձի վիճարկել այդ փաստը: Բայց ուզում եմ նշել, որ այստեղ կոնկրետ մեր առջև ծառացած խնդիր ենք կարգավորում և այն օգուտները, երբ մենք կստանանք այդ խնդիրների կարգավորումից, կարծում ենք ավելին են, քան հարկման հորիզոնական կամ ուղղահայաց արդարության պահպանման արդյունքում ստացածները»,-ասաց նախարարի տեղակալը:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ ՌԴ-ի հետ որևէ խնդիր չկա, քանի որ ԵՏՄ-ին անդամակցող յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում հարկման դրույքաչափերը և որևէ սահմանափակում Հայաստանը չունի եկամտային հարկի կամ այլ հարկերի դրույքաչաձերի փոփոխության հարցում:
«Այս նախագծով մենք չենք նպաստում արտագաղթին, բայց նաև քաջ գիտակցում ենք, որ այսօր էական մաս են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր կամա թե ակամա իրենց աշխատանքը կատարում են արտերկրում»,-հավելեց Վ. Միրումյանը:
Հրանտ Բագրատյանին «սպանեց» փոխնախարարի այն միտքը, որ թեև պատգամավորը ճիշտ է, բայց… «Բայցից հետո որևէ պատասխան չլսեցի ձեզանից»,-ասաց Հ. Բագրատյանը:
Պատգամավորի ասելով ամբողջ տրամաբանությունն այն է, որ որտեղ մարդը աշխատում է, այնտեղ էլ պետք է հարկ վճարի:
«Ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետությունը ուզում է օգուտ ունենալ: Գոյություն ունի հարկային ձև, ուզում եք օգուտ ունենալ այնպես արեք, որ մարդիկ չարտագաղթեն, մնան այստեղ աշխատեն: Հիմա էլ ասում եք չէ՝ ստեղծենք օրենքներ, որ արտագաղթեն, հետո էլ այդ արտագաղթած մարդուց փող ստանանք: Ես չեմ կարող ընդունել, ես չեմ կարող ձեր բացատրությունները նույնիսկ տրամաբանությանը հարիր համարել»,-խոսքն ավարտեց Հրանտ Բագրատյանը:
Մեկնաբանել