
Պաշտոնյաները «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում հէկեր են կառուցում
Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը
Սյունիքի մարզի «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում նախատեսվում է երկու փոքր հէկ կառուցել: Մեկն արդեն ստացել է բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, երկրորդի համար դիմել են, որպեսզի ստանան: Հէկեր կառուցողները պատահական մարդիկ չեն, և արգելավայրում տնտեսական գործունեություն իրականացնելու համար հատուկ որոշումներ են կայացվել նրանց համար:
«Քաջարանց» հէկ. երբ չեն պահպանվում հատուկ պահպանվող տարածքները
2014թ. ամռանը «Արև և ջուր» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «Քաջարանց» փոքր հէկի նախագծային փաստաթղթերը, որտեղ հստակ նշված է, որ «նախագծված փոքր հէկը գտնվում է «Զանգեզուր» պետական արգելավայրի արևմտյան մասում: Նախագծի համաձայն՝ «ՓՀԷԿ-ի կառուցվածքները տեղադրված են արգելավայրի պահպանման գոտու հատուկ պահպանվող տարածքների հողերում կամ սահմանակից են այդ հողերին»:
«Քաջարանց» փհէկի 4 ագրեգատները ապահովելու են 3081 ՄՎտ դրվածքային հզորություն՝ 9825 մլն կՎտ/ժամ տարեկան միջին արտադրությամբ: Հէկի խողովակաշարն անցկացվելու է արգելավայրի ճամփեզրին զուգահեռ: Խողովակներով գետի ջուրը կանցնի ավելի քան 1.5 կմ երկարություն:
«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը, նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ և ստորագրությամբ, Սյունիքի մարզի «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում հէկ կառուցելու դրական եզրակացություն է տվել:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, սակայն, արգելում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
|
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք, Պետական արգելավայրի պահպանության ռեժիմը 1. Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը: 2. Յուրաքանչյուր պետական արգելավայրի խնդիրները և ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են տվյալ պետական արգելավայրի կանոնադրությամբ: |
«Զանգեզուր» պետական արգելոցի կանոնադրությամբ ևս հաստատվում է, որ արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է ապառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Սրանից բացի, խախտվել է «Զանգեզուր» պետական արգելավայրի ռեժիմը:
|
«Զանգեզուր» արգելավայրի կանոնադրություն, 3-րդ կետ. Արգելավայրի տարածքում արգելվում է 2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն` բացառությամբ այն դեպքերի, երբ տարածաշրջանի բնակավայրերի բնակչության խմելու համար պահանջվում են ջրային ռեսուրսներ |
Նախարարությունն անտեսել է Կարմիր գրքում գրանցված կենդանիներն ու բույսերը
«Զանգեզուր» պետական արգելավայրը ստեղծվել է 2009թ. կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17368,77 հա տարածքի վրա: Ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշթղայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը, Ողջի գետի ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային ու հյուսիսային լանջերի վերին հատվածները: Արգելավայրը սահմանակից է Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջաններին: Այս տարածքում կան Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր և կենդանիներ, այդ թվում՝ բեզոարյան այծեր, մուֆլոններ և բազում այլ կենդանաբուսատեսակներ:
«Զանգեզուր» արգելավայրի կենդանական աշխարհն ընդգրկում է 61 տեսակի անողնաշար և 89 տեսակի ողնաշարավոր կենդանիներ: Դրանցից 25-ը գրանցված են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում:
![]() |
![]() |
Բեզոարյան այծը (Capra aegagrus Erxleben) | Անտառակատուն (Felis silvestris Schreber) |
![]() |
![]() |
Հայկական իժը կամ Ռադդեի իժը (Vipera (Montivipera)raddei, Boettger |
Հայաստանի էնդեմիկ` Հայկական լեռնատափաստանային իժը (Vipera (Pelias) eriwanensis) |
Առանձնապես հարուստ է նաև արգելավայրի բուսական աշխարհը: Հաշվարկվում են 13 տեսակի սնկեր և 696 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 28-ը գրանցված են Հայաստանի բույսերի Կարմիր գրքում: Արգելավայրի բուսական աշխարհի ինքնատիպությունը պայմանավորված է նաև 57 էնդեմիկ բուսատեսակների առկայությամբ, որոնցից 8-ը Հայաստանի, 18-ը` Հարավային Անդրկովկասի, 13-ը` Անդրկովկասի և 18-ը` Կովկասի էնդեմիկներ են:
![]() |
![]() |
Մինչդեռ ԲՆ փորձաքննության եզրակացությունն այլ բան է արձանագրել. «Քաջարանց» փհէկի կառուցվածքների և շինհրապարակների տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենսաբազմազանության տեսակները բացակայում են, իսկ հանդիպող բույսերը և կենդանիներն ունեն տարածման մեծ արեալներ և ներկայացված են Քաջարանց գետի ողջ ավազանում»:
«Կապուտջուղ» փհէկը՝ Կապուտջուղ և Քաջարանց վտակների միացման կետում
Քաջարանց գետը, որի վրա նախատեսվում է կառուցել «Քաջարանց» փհէկը, սկիզբ է առնում Զանգեզուրի լեռների Կեռմանի լեռնանցքի արևմտյան կողմից և Քաջարանից 1,5 կմ արևմուտք՝ աջից միախառնվելով Կապուտջուղ գետին` գոյացնում է Ողջի գետը: Երկարությունը` 10 կմ:
Հաջորդ հէկը «Արև և Ջուր» ՍՊԸ-ն նախատեսում է կառուցել Կապուտջուղի վրա, որը սկիզբ է առնում Զանգեզուրի լեռներից և Քաջարանից 8 կմ արևմուտք՝ ձախից միախառնվելով Քաջարանց գետին՝ գոյացնում է Ողջի գետը: Կապուտջուղի երկարությունն էլ 9,5 կմ է:
Ապրիլի 30-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետարանում տեղի են ունեցել նույն՝ «Արև և ջուր» ընկերության նախաձեռնած «Կապուտջուղ» փհէկի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Մինչ այդ էլ՝ ապրիլի 15-ին բնապահպանական փորձաքննության նախնական գնահատմանն է ներկայացվել «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագիծը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել «Կապուտջուղ» հէկին:
Նախագծվել է 1227 կՎտ դրվածքային հզորությամբ և 4.037մլն կՎտ/Ժ էլեկտրաէներգիայի արտադրողականությամբ փոքր հէկ: «Կապուտջուղ» փհէկի շենքը նախատեսվում է կառուցել Կապուտջուղ և Քաջարանց վտակների միացման տեղից մի փոքր վերև, Կապուտջուղ գետի աջ ափին: Խողովակաշարը ձգվելու է 1 կմ, որի մի մասն անցնելու է «Զանգեզուրի» արգելավայրի պահպանման գոտու հատուկ պահպանվող տարածքներով: Նախագծում նշվում է, որ «Կապուտջուղ» հէկը գտնվելու է «Զանգեզուր» պետական արգելավայրի արևմտյան մասում: Հէկի կառուցվածքները տեղադրված են լինելու արգելավայրի պահպանման գոտու հատուկ պահպանվող տարածքների հողերում կամ սահմանակից են այդ հողերին, և գործունեության իրականացումն առնչվելու է բնության հատուկ պահպանվող տարածքին:
Պատասխանատուները չեն ուզում պատասխան տալ
«Զանգեզուր» պետական արգելավայրի տնօրենից փորձեցինք ճշտել, թե ինչու է թույլատրվել հէկերի շինարարությունը արգելավայրում: Երբ նա լսեց մեր հարցը, ասաց՝ հարմար չի, փոքր-ինչ ուշ զանգեք: Բազմաթիվ «ուշ զանգերին» այլևս չպատասխանեց:
Արգելավայրի պահպանությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կիրակոսյանն էլ, զրույցի թեման լսելուց հետո, ասաց՝ գրավոր ուղարկեք հարցերը: Կարեն Կիրակոսյանին գրավոր հարցրինք, թե «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ը կամ «Զանգեզուր» պետական արգելավայրի տնօրինությունը համաձայնություն տվե՞լ է հէկի կառուցման վերաբերյալ, արդյոք հէկի շինարարությունը և հետագա գործունեությունը չի՞ վտանգում «Զանգեզուր» պետական արգելավայրի կենսաբազմազանությունը, այնտեղ առկա Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների գոյությունը: Կ. Կիրակոսյանը խուսափեց գրավոր հարցմանը պատասխանել՝ մեզ առաջարկելով հարցումն ուղղել բնապահպանության նախարարությանը:
ԲՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանը ամբողջ պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա է դրել: Խ. Աղաբեկյանը նշել է, որ «Քաջարանց» և «Կապուտջուղ» փոքր հէկերի ջրառի գլխամասային կառուցվածքները նախատեսել են տեղակայել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նշանակություն ունեցող հողերի վրա, որոնց կատեգորիան փոխվել է կառավարության 2011 թվականի երկու որոշումներով:
Կառավարությունը, Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, 2011-ին որոշում է կայացրել պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 0.3 հեկտարը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Կառավարության երկրորդ որոշումը, որին նույնպես հղում է կատարվել պատասխանում, չի վերաբերում հատուկ պահպանվող տարածքներին, այլ հողերի կատեգորիայի փոփոխությանը Քաջարան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.1 հեկտարի կարգը փոխելու վերաբերյալ է: Ընդ որում՝ ԲՆ աշխատակիցը «լղոզել է» կառավարության որոշումները և ապատեղեկատվություն տրամադրել «Հետքին»՝ երկու որոշումներն էլ վերագրելով Քաջարան գյուղական համայնքին պատկանող՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիայի փոփոխությանը:
Ինչ վերաբերում է մեր հարցին, թե արդյոք «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ը կամ «Զանգեզուր» պետական արգելավայրի տնօրինությունը համաձայնություն տվե՞լ է հէկի կառուցման վերաբերյալ, նախարարությունը խուսափել է հստակ պատասխանից. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության գործընթացին մասնակցել և կարծիքներ են տրամադրել ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումները»: Թե ինչ կարծիքներ են եղել, նախարարությունը չի պատասխանել:
«Փորձաքննության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության է ենթարկվում փհէկի շինարարության և շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների, այդ թվում հատուկ պահպանվող տարածքների վրա: Դրական փորձաքննական եզրակացություն տրվում է այն նախատեսվող գործունեություններին, որոնց ազդեցությունը շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա նորմայի սահմաններում է»,-գրել է Խ. Աղաբեկյանն իր պատասխանում:
Քաջարանի քաղաքապետի եղբոր կինը և հարկայինի աշխատակիցները
Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Արև և ջուր» ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. վերջին: Հիմնադիրները և ընկերության պաշտոնական բաժնետերերը սյունեցիներ են՝ կապանցի 25-ամյա Ալեքսեյ Արմենի Ավանեսյանը՝ 60%, 50-ամյա Անահիտ Խաչատրյանը և քաջարանցի 38-ամյա Լուսինե Ավետիսյանը` 20-ական %:
Ալեքսեյ Ավանեսյանը «Հետքի» հետ զրույցում գաղտնի էր պահում հէկի սեփականատերերի անունները՝ «պետք չէ» պատճառաբանությամբ: Նա վստահեցնում էր, որ որևէ պաշտոնյայի հետ հէկերն առնչություն չունեն, և մյուս բաժնետերերի հետ հէկեր կառուցելու միտքը ծագել է համատեղ քննարկման արդյունքում:
Իրականում հէկ կառուցողները պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են, որոնք թաքնվել են իրենց ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կանանց և երեխաների անունների հետևում:
Ալեքսեյ Ավանեսյանի հայրը՝ Արմեն Ավանեսյանը, աշխատում է Կապանի հարկային ծառայությունում: Ալեքսեյ Ավանեսյանի մայրը (Արմեն Ավանեսյանի կինը)` Անտիկա Հակոբյանը, ընկերության տնօրենն է: Ընկերությունը գրանցված է Ավանեսյանների տան հասցեում:
Անահիտ Խաչատրյանը բժշկուհի է, ամուսինը՝ Դավիթ Հակոբյանը, աշխատում է ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզական վարչությունում:
Լուսինե Ավետիսյանն աշխատում է Քաջարանի կոմբինատում, Քաջարանի կոմունալ բաժնի պետ Վաչագան Գևորգյանի կինն է: Վաչագան Գևորգյանն էլ Քաջարանի քաղաքապետի եղբայրն է:
Արգելավայրի հողերը սեփականաշնորհվել են
Ալեքսեյ Ավանեսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դեռևս որևէ շինարարական աշխատանք չի կատարվել: Բարձրադիր գոտում գտնվող «Քաջարանցի» շինարարությունը կսկսեն, երբ հալվի ձյունը:
«Որտեղ որ հէկը կառուցվելու է, կատեգորիան փոխվել է, հողերը տրվել են էներգետիկայի նախարարությանը: «Արև և ջուր» ընկերության կողմից էդ հողերը սեփականաշնորհվել են: Մենք ունենք սեփականության վկայականներ»,-ասաց Ալեքսեյ Ավանեսյանը: Խողովակաշարերի համար էլ սերվիտուտի պայմանագրերը կնքված են:
Այն, որ հէկերը կարող են Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների ոչնչացման պատճառ դառնալ, Ավանեսյանի ասելով, իրենց զգուշացվել է այդ մասին: «Դրանց հետ կապված փորձաքննությունը մեզ զգուշացրել է ամեն ինչ: Մենք էլ ունենք կնքված փաստաթղթեր, որ պիտի մաքսիմալ այնպես արվի, որ չխոչընդոտվի, չաղտոտվի այդ ամենը, փորձաքննության հետ պայմանագրերով, ամեն ինչով նախատեսված մենք ամեն ինչ ունենք»,- ասաց Ալեքսեյ Ավանեսյանը:
Նախնական ծրագրերով՝ հէկերի շինարարության 90 տոկոսը վարկային միջոցներով են իրականացնելու: Ալեքսեյ Ավանեսյանի ասելով՝ սրանք հէկեր կառուցելու առաջին փորձերն են. «Պլաններ շուտվանից կային, ուղղակի համապատասխան միջոցներ չէինք գտնում, հետաքրքրվեցինք ու իմացանք, որ վարկով կարելի է անել, ու որոշեցինք հարմար տոկոսադրույքով վարկ վերցնել ու կառուցել»,-ասաց Ա. Ավանեսյանը:
Ուղիղ մեկ տարի առաջ, երբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին փոխարինելու եկավ Արամայիս Գրիգորյանը, շրջակա միջավայրով մտահոգվողները հույս ունեին, որ ոլորտում դրական փոփոխություններ կլինեն: Նախարարը փոխվեց, բայց շրջակա միջավայրի պահպանությունն այդպես էլ նախարարության համար գերակայություն չդարձավ: Գերատեսչության գործելաոճը, նոր նախարարի գլխավորությամբ, շարունակվում է «հին ու բարի ավանդույթներով»՝ նախապատվություն տալով անհատների կամ օլիգարխների տնտեսական շահերին:
Նախարար Արամայիս Գրիգորյանի լուսանկարը՝ ԲՆ պաշտոնական կայքից
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել