«Հեքըթոն[ՅԱՆ] 2015» մրցույթը կանցկացվի մայիսի 28-ին
Հայաստանում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ) կազմակերպում է հերթական «Հեքըթոն[ՅԱՆ]» մրցույթը:
Այն թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու «չծրագրավորողների», այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
Մինչ մրցույթը ընկերության կողմից հրավիրված միջազգային մասնագետները կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց «Azure»-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային ծրագրավորման, վեբ-ծրագրավորման վերջին նորությունների և այլնի վերաբերյալ։ Դասընթացին կհետևի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը, որի ընթացքում միջոցառման առաջին հատվածում ստացված գիտելիքների և գաղափարների հիման վրա ձևավորված թիմերը կստեղծեն նորարար ծրագրեր և համակարգեր։ Մասնակիցներին կբաժանվեն ինչպես «Azure» մուտքի գաղտնաբառեր, այնպես էլ «IoT» սարքավորումներ:
ՄԻԿ-ը հայտնում է, որ հաջողված լուծումները կբեռնվեն «GitHub»-ում՝ ամբողջ աշխարհին հասանելի դարձնելու նպատակով։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ և մինչև 1 մլն դրամ ֆինանսավորում։
Մրցույթին կարելի է մասնակցել միայն թիմային կազմով՝ բաղկացած 2-5 անդամից։ Մասնակցության պարտադիր պայման է դյուրակիր համակարգչի առկայությունը։
Դիմում-հայտը կարելի է ներբեռնել հետևյալ հղումից, լրացնել և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. հասցեին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ.-ի մայիսի 20-ը: Նախնական ընտրություն անցած մասնակիցները կստանան մասնակցության վերաբերյալ հաստատում և նախքան միջոցառումը կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման։
Հայաստանում առաջին «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կազմակերպվել է 2011-ին: Հաղթած նախագծերից են www.4car.am-ը, www.citybugs.am-ը, MyNews Mobile-ը, Coffee cup-ը, Shelly-ը, The Gardener-ը:
Լուսանկարը՝ ՄԻԿ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել